Կենսաբան Հովակիմ Զաքարյանի հրապարակումը.
«Երկու խոսք Երիտասարդ գիտնականների աջակցություն ծրագրի (ԵԳԱԾ) մասին:
ԵԳԱԾ-ը մեկնարկեց 2012 թվականին, երբ Սերժ Սարգսյանը հանդիպեց մի խումբ գիտնականների հետ (պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում շարժման նախաձեռնողների) և հանդիպման արդյունքում եղավ պայմանավորվածություն կազմել երիտասարդ գիտնականներից կազմված ղեկավար մարմին, որը պետք է մշակեր և իրականացներ տարբեր ծրագրեր երիտասարդ գիտնականների համար: Ամեն տարի ԵԳԱԾ-ի նախագծերի իրականացման համար տրամադրվում էր 100 մլն դրամ: Վեց տարիների ընթացքում ԵԳԱԾ իրականացրեց շուրջ մեկ տասնյակ նախագծեր, օրինակ ֆինանսավորվում էին երիտասարդ գիտնականների կողմից կազմակերպվող գիտական դպրոցներ և գիտաժողովներ, տպագրվում էին երիտասարդ գիտնականների հեղինակած գիտական գրքեր, ֆինանսավորում էր տրամադրվում միջազգային գիտաժողոներին մասնակցելու համար: Միայն այս վերջին ծրագրից օգտվել է ավելի քան 300 երիտասարդ գիտնական:
Քանի որ ԵԳԱԾ-ը չուներ որևէ իրավաբանական կարգավիճակ, թղթաբանական պրոցեսները (պայմանագրերի կազմում, գումարների փոխանցում, հաշվետվության ընդունում) իրականացվում էր Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի միջոցով: Սակայն, ՀԵՀ-ը ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ որևէ մասնակցություն չուներ ծրագրերի նախագծման, մրցույթների հայտարարման և մնացած պրոցեսների հետ: ԵԳԱԾ-ը ՀԵՀ-ից անկախ, սակայն ՀԵՀ-ի հետ համագործակցող կառույց էր:
ԵԳԱԾ-ը չուներ կարգավիճակ միայն մեկ պատճառով՝ նվազեցնելու համար կարգավիճակից բխող բյուրոկրատական ծախսերը: Աշխատակազմ պահելու համար անհրաժեշտ մի քանի միլիոն դրամն էլ ծախսվում էր նախագծեր իրականացնելու վրա:
ԵԳԱԾ-ն այնքան հաջող, ճկուն և արդյունավետ էր գործում, որ 2015 թվականին ԵԳԱԾ ղեկավար մարմնի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը խոստացավ կրկնապատկել ԵԳԱԾ-ի բյուջեն՝ դարձնելով այն 200 մլն դրամ: Խոստումն այդպես էլ չիրականացվեց, բայց ծրագիրը շարունակում էր նորմալ գործել մինչև 2018 թվականի մայիս ամիսը:
Իշխանափոխությունից հետո ՀԵՀ-ում հայտանբերվեցին խախտումներ, որի պատճառով հիմնադրամն այսօր, ոնց հասկանում եմ, չի գործում: ՀԵՀ-ի գործունեության կասեցման պատճառով արդեն մեկ տարի չի գործում նաև ԵԳԱԾ-ը, որը, հիշեցնեմ, ՀԵՀ-ի ծրագիրը չէր:
Անցել է մեկ տարի: Արդյո՞ք դա բավական ժամանակ էր Կրթության և գիտության նախարարության համար որպեսզի գտնեին այլընտրանք ՀԵՀ-ին, և վերսկսվեր ԵԳԱԾ-ի գործունեությունը: Կարծում եմ՝ ցանկության դեպքում այդ հարցը կարելի էր մեկ շաբաթում էլ լուծել: Ինչու՞ չի արվել, չգիտեմ, բայց ունեմ ենթադրություններ»: