Նիկոլը կորցրե՞լ է կախարդական փայտիկը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նիկոլը կորցրե՞լ է կախարդական փայտիկը

«Հանրային» բառը վերջին մեկ տարվա կտրվածքով դարձել է մի տեսակ անիմաստ։ Ի՞նչը նպաստեց, որ մեր իրականության ներսում հանրային (public) բառը վերածվեց զուտ տառերի շարանի` կորցնելով իր արմատը, և, առհասարակ, որտե՞ղ  հանրությունը կորցրեց ինքը իրեն։

Նույնիսկ հպանցիկ դիտարկումը կարծես անմիջապես տալիս է այս հարցի պատասխանը. այսօրվա հանրայինը, այսօրվա հանրությունը ինքն իրեն է կորցրել,  և  սա է պատճառներից մեկը, որ բառը ևս իմաստազրկվել է։ Այսօր չունենք հանրային վստահություն ոչ մի երևույթի, ոչ մեկ անձի, ոչ մեկ գործչի հանդեպ. տեղի է ունեցել կարևոր իմաստների աղավաղում, դրանց ընկալումները դարձել են հեղեղուկ, և անգամ ամենապարզ իրավիճակներում ունենում ենք հանրային անվստահություն այս կամ այն երևույթի, անձի, գործչի և իրավիճակի մասին։

Ինչո՞ւ մեր հանրությունը դարձավ այսքան անվստահ և ինչո՞ւ մեր հասարակությունը դարձավ ավելի զգուշավոր, ինչո՞ւ լռեցին մեկ տարի առաջ ղունղունացող «հանրային սոխակները՞։ Ինչո՞ւ թվացյալ  հանրային վստահությունից  հասանք հանրային անվստահության։

Հարցեր, որոնց պատասխանները շատ հստակ են, շոշափելի և հեռուն գնալու, մարդկության քաղաքագիտական միտքը շփոթեցնելու, լարվածություն  առաջացնելու կարիք ամենևին չկա։

Առհասարակ՝ ե՞րբ, ի՞նչ պայմաններում է վստահությունը վերանում, փոխակերպվում անվստահության, որն էլ շատ արագ վերածվում է ատելության։ Երբ  տրված խոստումները չեն կատարվում, երբ խաբում են, երբ  իշխանության  են գալիս մարդիկ՝ երկրի և պետության մասին երբևէ չմտահոգված, գալիս են հընթացս և ինքնահիացումով։ Հայաստանում այսօր իշխաանության են հենց այդպիսի մարդիկ։Եվ իշխանությունը հենց այդպիսին է ՝հանրայինով եկած և հանրայինին մերժած, հանրային վստահությունը մերժած։

Այո, այսօրվա իշխանությունը արդեն մեկ տարի զբաղված է հանրային  կարծիքը մերժելով, հանրային վստահությունը վերացնելով։

Խոսենք առարկայորեն։ Ահավասիկ՝ ՀՀ ԱԺ փոխնախագահաներից Ալեն Սիմոնյանը մի օր այնքան  «դուխավորվեց», որ վեր կացավ և, ոչ ավել-ոչ պակաս, անպատասխանատու հայտարարություն արեց այն մասին, թե ապրիլյան պատերազմում Հայաստան-Արցախ չեն հաղթել։ Ասաց և քաշվեց մի կողմ՝ հայտնի խոսքն ապացուցելով՝ «Գիժը քարը գլորեց»։

Սրան չհաջորդեց պաշտոնական ոչ մի բացատրություն. ոչ ՊՆ-ն, ոչ  Ազգային ժողովը, ոչ վարչապետը և իշխանական թևից որևէ մեկը հարկ չհամարեցին հանդես գալ և ասել՝ ԱԺ փոխնախագահը սխալվել է, կամ՝ նրան ճիշտ չեք հասկացել, կամ, թեկուզ ասվեր կոշտ՝ «Ղալաթ է արել՝ այդպիսի բան է ասել»։ Չեղավ նման բան, չասվեց, միայն ընդդիմադիր դաշտից եղան արձագանքներ, անգամ նախկին պատգամավորներից մեկը   ոչ պակաս կոշտ արձագանքեց․«Իսկ ո՞վ է Ալեն Սիմոնյանը, ինչ է հասկանում պատերազմից»։

ԱԺ ՔՊ-ական փոխնախագահը, սակայն, միայնակ չէ իր այս կերպարում. այս կարգի անպատասխանատու հայտարարությունները «Նոր Հայաստանում» կարևոր պետական պաշտոններ զբաղեցնողների կողմից   հետզհետե ավելի ու ավելի են  շատանում։ Ըստ այդմ, հանրության ներսում բաժանարար գծերը ոչ միայն սևի և սպիտակի են, այլ խելքովի և զոմբիի։ Հանրության այն հատվածը, որը դեռ  ունի վստահություն նոր իշխանության հանդեպ, նորաթուխների ասածները առանձնապես   չի լսում, հանրային ընկալումները այս  հատվածի համար մեկ անուն ունեն՝ Նիկոլ,  և թե  Նիկոլից  բացի, ով ինչ է ասում, ինչ սխալ կամ ճիշտ թեզ   է առաջ քաշում, հանրության այս հատվածի համար  բոլորովին նշանակալի չի դառնում, մի ականջից մտնում, մյուսից դուրս է գալիս։ «Հանրային վստահություն» տերմինը սոցիումի այս հատվածի համար  գրեթե ոչ մի նյութական դրսևորում չունի, հանրության այս ներկայացուցիչները էյֆորիկ տրամադրությունների  սուր վարակիչ հիվանդության բոլոր նշաններն ունեն. դիագնոզը ակնհայտ է, բայց դեռ բուժման կուրսը  չի սկսվել, որովհետև  իրենց առողջական խնդիրներով զբաղվողներ չկան, հենց այդպես հիվանդ էլ ապրում են՝ հիվանդ մտքերով, հիվանդ տեսլականով, հիվանդ հավատով։ Հանրային վստահության առյուծի բաժինը այս շերտի համար փոշիացվում է, մարդիկ տեսնում են, որ խաբված են, աստիճանաբար տեղի է ունենում էյֆորիկ  քնից արթնացման պրոցեսը։

Առաջին ազդակները անզեն աչքով տեսանելի չեն. նախ կասկածի որդը սողոսկում է հանրության անդամների  մակերեսային շերտեր, քանի որ նոր իշխանությունը տեսանելի քայլեր չի անում, իսկ վարչապետը, ով  մեկ տարի առաջ խորհրդարանում հայտարարեց, թե ինքը ունի կախարդական փայտիկ և շատ արագ է խոստումները կատարելու, մարդիկ արդյունք են տեսնելու, հիմա չի էլ ամաչում հայտարարել, թե   շտապել չարժե, ոչ էլ ինքը կախարդական փայտիկի մասին բան է ասել։ Եվ այս կարգի անպատասխանատու «բոլոլաներով» հասարակության  անվստահությունը մեծանում է, սկսում են տեսանելի դառնալ էյֆորիայի շնորհիվ «վաստակած» կորուստները։

Նրանք, ովքեր ամիսներ առաջ ինքնամոռաց եռագույն դրոշներն ուսերին փողոցներից տուն չէին գնում և իրենց համարում էին այդ «համազգային զարթոնքի» ամենակարևոր  բաղադրիչը, անցնող մեկ տարվա մեջ  սկսեցին  զգալ, որ խաբված են։ Իրենց ոտքերը թմրած են անվերջ քայլելուց, թևերը անընդհատ հու-հա, դըմփ-դըմփ ծափերից կոշտուկներով են պատվել, բայց իրենց կյանքում բացի այդ կոշտուկներից և ոտքերի ցավից, ոչինչ չի ավելացել, ոչինչ չի  փոխվել։ Ընդհակառակը՝ պակասել է։ Հանրային այս կույր վստահողները սխալվում են հերթական անգամ. նրանց կյանքում փոխվել է գլխավորը՝ փոխվել են  տերերը, և իրենք մնացել են նույն կոտրած տաշտակի առաջ, իսկ նրանք, ում առջևի տաշտակները կոտրած չէին, ճաքեր են տվել, քանի որ կորցրել են իրենց աշխատանքը, կորցրել են իրենց հավատը, կորցրել են վստահությունը իրենց հետ քայլածների, ավելի ճիշտ՝ իրենց քայլեցնողների հանդեպ։

Եվ այդ վստահությունը  կորել է ոչ թե ինչ-որ տեղ եգիպտական անապատներում, կորել է իրենց կողքին, Երևանի Մաշտոցի պողոտայի խորովածաբույր մայթերին, երբ տեսան, թե ինչպես է երկրի վարչապետը  Իջևանի խոզի մսի դիագնոզը տալիս, և թե ինչպես է սև թթի մուրաբայի հետ կաթի սերը վայելում։ Հասարակությունը հասկացավ, որ երկրի վարչապետը սոված է և սկսեց մտածել՝ «Սա մինչև կշտանա…»։

Հասարակական վստահությունը արդի իշխանական խրախճանքից-խրախճանք վերածվում է անվստահության։ Սա բժշկագիտական տերմինոլոգիայով կոչում է արթնացում։ Բժշկության մեջ այս արթնացումը  մասնագետները ապահովում են աստիճանաբար,  րոպե առ րոպե, ժամ առ ժամ, քանի որ  ծանր լեթարգիական, էյֆորիկ քնից արագ և միանգամից արթնացումը կարող է բերել հոգեկան խանգարմունք, և մարդը կարող է վերջնականապես կորցնել տեղի, ժամանակի, իրավիճակի զգացողությունը։

Վերջերս ՀՀ  երկրորդ նախագահ, Արցախի Հանրապետության առաջին նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանը, նախքան երրորդ անգամ ազատազրկվելը, հարցազրույց  տվեց և այդ հարցազրույցում մի միտք հնչեցրեց, որը ինքնին բացառիկ չէր, կամ հանճարեղ, բայց իր պարզության մեջ շատ պարզորոշ էր. ասաց՝ «դուխը պիտի ճակատիդ գրված լինի, ոչ թե գլխարկիդ»։ Հասարակության այն հատվածը, որը չուներ հիվանդագին վստահություն նորեկ իշխանավորների և վարչապետի հանդեպ, չուներ նաև այդ գլխարկներից, որոնց վրա գրված է «դուխով», բայց դրա փոխարեն ունի սեփական միտք, վերլուծելու, կշռադատելու, համեմատելու և կասկածելու կարողություն, հասարակության այս հատվածի միտքը մաքուր է և ցանկացած իրողություն կարողանում է համարժեք վերլուծել և գնահատել։

Հասարակության այս հատվածի  մեջ կա  մեծ, շատ մեծ  կասկած նոր իշխանության և վարչապետի հանդեպ, և   նրանցից ակտիվները շարունակ խոսում են այդ մասին՝ փորձելով կամաց-կամաց արթնացնել էյֆորիկ վիճակում գտնվող իրենց հայրենակիցներին։

Կհաջողվի, թե ՝ոչ, ժամանակը ցույց կտա, բայց ակնհայտ է , որ մեկ տարում նոր իշխանությունը հասցրեց շատ ավելի կասկածելի և անընդունելի դառնալ հասարակության համար, ինչին նախկինները տարիների ընթացքում էին հասել։ Նորերը լույսի արագությունից էլ արագ են գնում դեպի հասարակական անվստահության դափնիները, նրանք մեկ տարում հասցրին դառնալ գրեթե նույնքան չսիրված, գուցե՝ ատելի։

Ամփոփելով՝ ուզում ենք արձանագրել՝ մեր հասարակության կյանքը բնականոն շավղից դուրս է սայթաքել և սայթաքել է հատուկ ծրագրված սցենարի շնորհիվ, տարիներ շարունակ մեր հասարակությանը տրվել է թմրանյութ՝ «Նախկինները  փիսն են», «հինը պիտի գնա», «լափել են, թալանել են», և այս կարգի այլ դեղահաբերով, հաբ առ հաբ, կաթիլ առ կաթիլ, դե իսկ նախկիններն էլ ջանք չեն դրել, հասարակության ներսում իրենց հանդեպ ահագնացող անվստահությունը տեղափոխել ավելի առողջ հուն, երբ իշխանությունը կորցնում է իրականության զգացողությունը և հայտնի ֆիլմի հերոսի պես կյանքին  սկսում է նայել սեփական մեքենայի պատուհանից, ստանում է հզոր ապտակ, երբեմնի վստահությունը վերածվում է ահռելի անվստահության, և  գալիս է դատաստանի օրը։

Շարունակենք թվարկել  կոնկրետ  իրողությունները, որոնք  առիթ  դարձան հասարակության անվստահության՝  կրթության թավշյա նախարարը մեկանգամյա ցուցադրությունից հետո այլևս երբեք  մետրոյով չի երթևեկում, դե իսկ վարչապետի թանկարժեք հեծանիվը  հանգիստ կանգնած է իր տեղում, իսկ Ազգային Ժողովի նախագահը, բան ու գործը թողած, սեփական տան հեռուստացույցի վարկն է փորձում մարել,  պատգամավորները և պատգամավորուհիները աշխատանքի են գնում սթրիփ բարերին վայել հագուկապով, ավելի հստակ՝ միայն կապով, դե իսկ խորհրդարանական ընդդիմությունը, «մոռանալով» իր ոչ հեռավոր անցյալը, փորձում է Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երևալ։

Սրանք տխուր օրինակներ են առ այն, թե ինչպես է հանրային վստահությունը դառնում անվստահություն և հիասթափություն։

Առայժմ բավարարվենք այսքանով և ամփոփելով՝ ասենք՝ հասարակական, հանրային վստահությունը երբեք, որևէ երկրում այսքան արագ և այսքան դաժան չի վերածվել հասարակական անվստահության, ինչպես դա կատարվում է Հայաստանում․․․ Գործողությունների զարգացումը՝ հաջորդիվ։

Լևոն Ավագյան



Նման նյութեր