Քրոնիկ սթրեսը, քրոնիկ անքնությունը սկսել են դասել հիվանդությունների շարքին, իսկ ի՞նչ կարելի է ասել քրոնիկ միայնության մասին։
Չնայած պաշտոնապես նման տերմին չկա, սակայն որոշ մասնագետներ գտնում են, որ սա ևս լուրջ խնդիր է։ Քրոնիկ միայնություն կարելի է անվանել այն վիճակը, երբ մարդ երկար ժամանակ, անկախ ամեն ինչից, միայնության զգացում է ունենում։
Ու թեև սա հիվանդություն չի համարվում, կարող է բացասական ազդեցություններ թողնել մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության վրա։
Կարևոր է հասկանալ, որ յուրաքանչյուր մարդ միայնության յուրատեսակ ընկալում ունի։ Ոմանց համար անգամ մեկ օր միայնակ մնալը վատ է, ոմանք սիրում են ժամանակ առ ժամանակ միայնակ լինել իրենք իրենց մտքերի հետ։
Այս թեմայով ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քրոնիկ միայնությունը ուղեկցվում է հետևյալ նշաններով՝ էներգիայի մակարդակի նվազում, գլխում մշուշի զգացողություն, ինքնավստահության բացակայություն, ախորժակի կորուստ, մարմնում ցավ, անքնություն, կոմպուլսիվ արարքների հակում։ Նաև քրոնիկ միայնություն զգացող մարդիկ անընդհատ ջերմություն են ուզում զգալ՝ տաք գուլպաներ, տաք լոգանքներ և այլն։
Եթե դուք կամ ձեր մտերիմը նման վիճակում է, անհրաժեշտ է մասնագետի՝ հոգեբանի խորհրդատվություն անցնել, որպեսզի իրավիճակը չխորանա և սթրեսի չհանգեցնի։
2017 թվականին հրապարակված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միայնությունը կապված է վաղաժամ մահվան ռիսկի, սիրտանոթային համակարգի հիվանդությունների, հոգեկան առողջության խաթարման ռիսկի հետ։
Մեկ այլ ուսումնասիրության արդյունքներ էլ ցույց են տալիս, որ այն մարդիկ, ովքեր իրենց միայնակ են զգում, ավելի վատ են քնում և հաճախ են անքնություն ունենում։