Եթե երիտասարդ մարդիկ երբեմն կարող են օգտագործել վնասակար սնունդ, և դա նրանց համար վատ հետևանքներ չի թողնում, ապա տարիքի հետ ամեն ինչ բարդանում է: Որքան լավ և ճիշտ է սնվում մարդը 40 տարեկանից հետո, այնքան քիչ է հավանականությունը, որ նա կբախվի մի շարք հիվանդությունների հետ՝ սկսած քաղցկեղից մինչև սրտի խնդիրները:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի մթերք, որոնք անհրաժեշտ է բացառել սննդակարգից 40 տարեկանից հետո, եթե դուք ցանկանում եք հնարավորինս երկար տարիներ պահպանել առողջությունն ու գեղեցկությունը:
Մարգարին
Մարգարինը (ինչպես նաև տարատեսակ սփրեդերը) ներկայումս ամենավնասակար մթերքներից է, սակայն, ցավոք, այդ մասին քչերը գիտեն: Մարգարինը ստացվում է հեղուկ բուսական յուղից որոշ քիմիական գործընթացների միջոցով, որոնց արդյունքում այն պնդանում է:
Հենց այդ սկզբունքն է ընկած այսպես կոչված տրանս-ճարպերի արտադրության հիմքում, որոնք ծայրահեղ բացասական են ազդում մարդու առողջական վիճակի վրա: 40 տարեկանից հետո խորհուրդ է տրվում ամբողջովին հրաժարվել մարգարինից: Իսկ բնական բուսայուղերը, որոնք ցանկալի է լինեն սառը սեղմված (օրինակ՝ ձիթապտղի), պետք է զբաղեցնեն իրենց հաստատուն տեղը սննդակարգում:
Գազավորված ըմպելիքներ
Քաղցր գազավորված ըմպելիքները վտանգավոր են ցանկացած տարիքում, ընդ որում՝ անկախ դրանց բաղադրության մեջ շաքարի կամ դրա փոխարինիչների առկայությունից բոլորը հավասարապես բացասաբար են ազդում առողջությանը: Գազավորված ըմպելիքն այն մթերքն է, որը չպետք է ներառվի ցանկացած տարիքի մարդու սննդակարգում, սակայն եթե դուք խմել եք այդպիսի ըմպելիքներ նախկինում, հրաժարվեք դրանցից գոնե 40 տարեկանից հետո:
Մշակված միս
Մշակված միսը (նրբերշիկ, երշիկ, բեկոն) պարունակում է մեծ քանակությամբ աղ և տրանս-ճարպեր, բացի այդ, այս մթերքները համարվում են պոտենցիալ քաղցկեղածիններ, այդ իսկ պատճառով ցանկալի է դրանք ամբողջովին բացառել սննդակարգից հնարավորինս արագ կամ, գոնե, 40 տարեկանից հետո:
Ռաֆինացված ածխաջրեր
Ռաֆինացված ածխաջրերը ևս ցանկալի է բացառել սննդակարգից ոչ միայն 40 տարեկանից հետո, այլև անկախ տարիքից: Այդպիսի մթերքների վնասակար բնույթը կայանում է նրանում, որ դրանք գրեթե անմիջապես ներծծվում են արյան մեջ՝ այդկերպ կտրուկ բարձրացնելով գլյուկոզայի մակարդակը: Դա կարող է հրահրել հոգնածություն, քաղցի զգացողություն, իսկ հետագայում առաջացնել դիաբետ և ճարպակալում: Ռաֆինացված ածխաջրերն անհրաժեշտ է փոխարինել ամբողջ հացահատիկային մթերքներով, որոնց շարքին կարելի է դասել սև և շագանակագույն բրինձը, ամբողջ հացահատիկային հացը և այլն: