Հաշմանդամ երիտասարդի զբաղվածության խնդիրը ինչո՞ւ պետք է կախված լինի միայն մեկ ՀԿ-ի տնօրենի որոշումից
Advertisement 1000 x 90

Հաշմանդամ երիտասարդի զբաղվածության խնդիրը ինչո՞ւ պետք է կախված լինի միայն մեկ ՀԿ-ի տնօրենի որոշումից

Բազմիցս է խոսվել հաշմանդամների իրավունքների պաշտպանության մասին և, ընդունում եմ՝ ոչ միայն խոսվել է, այլ նաև իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ այդ ուղղությամբ:

Գուցե հասարակության մեջ ձևավորվել է սրտացավ մոտեցում և դրական վերաբերմունք, սակայն դա բավական չէ՝ նրանք առանձնահատուկ ուշադրության են արժանի, որովհետև հնարավոր է, որ բակ իջնելով չունենան շփման և համագործակցության հնարավոր կարողություններ՝  իրենց հասակակիցների հետ ժամանակ անցկացնելու համար և միանշանակ չէ.  արդյո±ք երկրորդ կողմը կցանկանա նրանց հետ ժամանակ անցկացնել, ասեմ ավելին՝ որքանով է նա ապահովագրված թե ֆիզիկական, թե հոգեբանական խոշտանգումներից: :

Հաշմանդամների նկատմամբ ֆիզիկական խոշտանգումները թողնելով մի կողմ (ի վերջո, Հայ ենք), ներքոհիշյալ օրինակը արդյո՞ք հոգեբանական խոշտանգում չի համարվում.

Հայաստանի տարածքում գործում է ընդամենը մեկ հասարակական կենտրոն (Շենգավիթ համայնքում), որը կոչվում է «Փրկություն» երիտասարդ հաշմանդամների զբաղվածության կենտրոն, որտեղ կան համապատասխան մասնագետներ (հոգեբան, սոցմանկավարժ և այլն)՝ հաշմանդամ երիտասարդների ընդունելության և հետագայում նրանց հետ աշխատելու համար: ՀԿ-ում գործում են բազմաթիվ խմբակներ, որոնք ապահովում են երիտասարդների զբաղվածությունը, որը նույնպես շատ գովելի է:

ՀԿ-ն ունի տրանսպորտային միջոցներ՝ քաղաքի տարբեր մասերից երիտասարդներին ՀԿ հասցնելու համար: Բայց հաշմանդամ երիտասարդի զբաղվածության խնդիրը ինչո՞ւ պետք է կախված լինի միայն մեկ ՀԿ-ի տնօրենի որոշումից` ընդունե՞լ Կենտրոն, թե՞ ոչ, տրանսպորտը արդյո՞ք կարող է սպասարկել նրան, թե՞ ոչ (նշանակություն չունի օբեկտիվ է պատճառը, թե ոչ):  Իսկ ծնողի համար պատկերացնում եք երևի՝ ինչ գերագույն խնդիր է հաշմանդամի տեղափոխումը (թե’ ֆիզիկապես և թե’ ֆինանսապես): Բերեմ կոնկրետ օրինակ.

Մանկուց հաշմանդամ, այժմ 19 տարեկան չափահաս դարձած Մանկական ուղեղային կաթված (ДЦП) ախտորոշմամբ 1-ին կարգի հաշմանդամ երիտասարդին (Սահակ Եղիազարյան) վերը նշված ՀԿ-ում մասնագետները ստուգելուց հետո որոշեցին, որ համապատասխանում է ՀԿ-ում ընդգրկվելու համար, սակայն տնօրենի խոսքով՝ իրենց տրանսպորտային միջոցը «Քանաքեռի ոլորաններով բարձրանալ և իջնել չի կարող» (հաշմանդամ երիտասարդը բնակվում է Քանաքեռի Սարկավագ փողոցում) ու երիտասարդը՝ մոր հետ միասին, մինչ օրս, բառիս բուն իմաստով, տառապում են վիրավորանքից ու հոգեկան ցավից, քանի որ այլընտրանքային տարբերակներ չունեն՝ ոչ զբաղվածության, ոչ էլ տրանսպորտային միջոցների հարցում:

Ինչո՞ւ չկա պետական հոգածություն՝ հաշնադամ երիտասարդների զբաղվածությունը ապահովելու և միաժամանակ նրանց զերծ պահելու նման խնդիրներից, և համապատասխան ոլորտում ո՞վ է պատասխանատու նման խնդիրների լուծման համար:

Բազմաթիվ նման օրինակներ կարող եմ բերել հաշմանդամի նկատմամբ հոգեբանական խոշտանգումների վերաբերյալ, որոնք գուցե մանրուք թվա, բայց չէ՞ որ դա հաշմանդամի կյանքի առօրյան է և ո՞վ պետք է, ի վերջո, մտածի Հասարկության մտածելակերպը, կարծիքը փոխելու՝ հաշմանդամի կենսակերպը լավը դարձնելու  ուղղությամբ:

Կարծում եմ՝ Պետական մակարդակով պետք է «պրոպագանդա» տարվի զանգվածային լրատվական միջոցներով:

Գայանե Եղիազարյան



Նման նյութեր