Ընդմիջումներով քաղցածությունը առողջության համար, այնուամենայնիվ, օգտակար է
Advertisement 1000 x 90

Ընդմիջումներով քաղցածությունը առողջության համար, այնուամենայնիվ, օգտակար է

Այսպես կոչված՝ ընդմիջումներով քաղցածությունը առողջության համար, այնուամենայնիվ, օգտակար է, պարզել են Գրացի համալսարանի (Ավստրիա) գիտնականները: Այս մասին հայտնում է Science ամսագիրը:

Գիտնականները 4 շաբաթ հետևել են 60 կամավորների (ոչ մեծ ավելորդ քաշով առողջ տղամարդկանց և կանանց), որոնց մի մասը սնվել է ընդմիջումներով քաղցածության մեթոդով, իսկ մնացյալը հետևել են սնվելու իրենց սովորական ռեժիմին և եղել են ստուգիչ խումբը:

Առաջին խմբից բոլորը 4 շաբաթում նիհարել են միջինը 3,5 կգ, մինչդեռ ստուգիչ խմբի կամավորները միայն մոտ 200 գրամով: Գիտնականները նաև նկատել են, որ առաջին խմբում ընդգրկվածների զարկերակային ճնշումը նվազել է, բարելավվել են նյութափոխանակության պրոցեսները, մեծացել է արյան մեջ պոլիչհագեցած ճարպաթթուների պարունակությունը: Հեղինակների խոսքով՝ այսպես սնվելը ընդհանրապես բարելավում է «ճարպակալմամբ չտառապող առողջ մարդկանց ծերացման ֆիզիոլոգիական և մոլեկուլյար մարկերները»:

Հեղինակների խոսքով՝ փորձի մասնակիցների մոտ «ոչ մի կողմնակի էֆեկտ չի գրանցվել անգամ այդպես սնվելուց 6 ամիս հետո»:

Ընդմիջումներով քաղցածությունը նախատեսում է սնունդն ընդունելու ժամանակի սահմանափակումներ, այսինքն՝ ուտելուց հետո պետք է անցնի մի քանի (կամ մի քանի տասնյակ) ժամ:

med.news.am