Սեպտեմբերի 8-ին Արցախի մոտ 230 համայնքներում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է օգոստոսի 16-ին մեկնարկած քարոզարշավի և արցախյան ՏԻՄ ընտրությունները դիտարկելու` Հայաստանի գործադիրի որոշման մասին։
Որպես կարևոր առանձնահատկություն` Աբրահամյանը նշում է, որ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում հայտ ներկայացրած թեկնածուները հիմնականում ապաքաղաքական դեմքեր են։
«Չնայած` տարբեր քաղաքական ուժերի կողմից թեկնածուներին աջակցելը, Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում առաջադրվածների քարոզարշավն անցնում է հենց այն տրամաբանության մեջ, որ թեկնածուների հիմնական մասն ապաքաղաքական անձինք են»,- նկատում է Արցախի նախագահի խորհրդականը։
Տիգրան Աբրահամյանի խոսքով, մոտ 2 շաբաթ ընթացող ընտրարշավի ժամանակ թեկնածուներն օգտագործում են առկա գրեթե բոլոր տեխնոլոգիաները, ակտիվ են սոցիալական ցանցերում։
«Ընդհանուր առմամբ, մթնոլորտը շատ հանգիստ ու հանդարտ է, ինչը մշտապես բնորոշ է Արցախին և արցախյան ընտրություններին»,-ընդգծում է Աբրահամյանը։
Արցախի նախագահի խորհրդականը կարծում է, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններում կշարունակվեն ու կգերազանցվեն նախորդ տարիների դրական ավանդույթները։
«Մեր ընտրությունները մշտապես անցել են միջազգային բոլոր չափանիշներին համահունչ, եղել են նաև միջազգային դիտորդներ, եղել են կազմակերպություններ, որոնք եկել են և շատ ավելի խորը դիտարկում են իրականացրել, այնպես որ, մեր ընտրությունների որակը որևէ կերպ կապված չէ դիտորդների կամ տարբեր այլ սուբյեկտների հետաքրքրությունից»,- ասում է նա։
Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ օրինական ընտրությունների անցկացումն առաջին հերթին պետք է Արցախին, ինչի համար ջանք չի խնայվում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Արցախի մոտ 230 համայնքներում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Արցախցիներն այդ օրն ընտրելու են նաև Ստեփանակերտի քաղաքապետին։ Մայրաքաղաքում առաջադրվել է քաղաքապետի 5 թեկնածու։
Հիշեցնենք նաև, որ Հայաստանի կառավարությունը որոշել է ավելի քան 33 միլիոն դրամ տրամադրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպություններին՝ դիտարկելու համար Արցախի ընտրությունները։ Այդ որոշումը միանշանակ չընկալվեց ո՛չ Երևանում, և ո՛չ էլ Ստեփանակերտում։