Մեր երկրի ներքաղաքական վիճակը չի հանդարտվում, ամեն օր դժգոհության նոր օջախ է առաջանում, հների ու նորերի կռիվն էլ շարունակվում է։ Այս ամենին գումարվում են նոր որոշումներ, որոնք հանրային կյանքն ավելի են ալեկոծում։ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ հանրային բողոքին հաջորդեց Ամուլսարի խնդիրը, և աղմուկը փորձեցին մարել հերթական քրեական գործով։ Այս ամենին զուգընթաց նոր թափ է առել Հայաստանի ղեկավար կազմի ու Արցախի գեներալների միջև լարվածությունը։ Հիշատակված խնդիրների շուրջ զրուցում ենք ազատամարտիկ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ, որը ևս ակտիվ մասնակցում է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքի աշխատանքներին։
-Արդարադատության նախարարը հայտարարեց, որ այս նստաշրջանում Ստամբուլյան կոնվենցիան չի ընդգրկվի։ Սա հանրային բողոքը հանդարտեցնելու փո՞րձ է, հնարավո՞ր է, որ անակնկալ կերպով նորից օրակարգ բերվի խնդիրը։
-Արդարադատության նախարարն ասաց, որ այս տարի չեն հասցնի հարցը ԱԺ-ի քննարկմանը ներկայացնել։ Ասել է՝ նրանք չեն հրաժարվում հարցից, որը Հայաստանի համար սոդոմ-գոմոր է նշանակում։ Իսկ չեղարկելու մասին իշխանությունը ոչ մի բառ չի ասում։ Նիկոլ Փաշինյանի ձեռագրին հետևելով, կարելի է ասել՝ ինչ-որ պահի նա հարցից նահանջում է, հետո արագ վերադառնում այդ խնդրի լուծմանը։ Այսինքն, չարժե հիմք ընդունել այս իշխանության հայտարարությունները և համարել, թե խնդիրը կարգավորվել է։ Ժողովուրդը պետք է տեր կանգնի իր ստորագրահավաքին, ոչ մի հանգամանք չպետք է դրան խոչընդոտի։
-Ակտիվորեն շարունակվելու՞ է ստորագրահավաքը։
-Բնականաբար, մենք թույլ չենք տա, որ այդ կոնվենցիան Հայաստանում վավերացվի, ինչ ոսկե սարեր էլ մեր երկրին խոստանան։
-Անկախ հասարակության դժգոհությունից, Դուք կարծում եք, որ իշխանությունը գնալու՞ է կոնվենցիան վավերացնելու ճանապարհով։
-Այսօր իշխանությունն ասում է, թե սա ստորագրել են նախորդները։ Եթե դուք ասում եք, թե հեղափոխություն է եղել, կարող եք չեղարկել բոլոր ստորագրությունները, որոնք դեմ են մեր սահմանադրությանը։ Իրականում ԵԽ-ի անդամ երկրները նման կոնվենցիաներ ստորագրում են, բայց դա ամենևին չի նշանակում, որ իրենց երկրում դրա վավերացումը պարտադիր բնույթ պետք է կրի։ Մինչդեռ Փաշինյանի իշխանությունում այս հարցը դիտարկվում է առաջնահերթություն։ Վավերացման գործընթացի մեկնարկը տվեց Փաշինյանը, և հենց նա պետք է դա չեղարկի։ Այսօրվա իշխանությունն ապազգային քաղաքականություն է վարում։ Նրանց քայլերը, որոշումներն ասվածի լավագույն ապացույցն են։ Ստամբուլյան կոնվենցիան, Ամուլսարը, Արցախի խնդիրը մեր պետականության, երկրի, ժողովրդի համար կենսական հարցեր են։ Չեմ կարող մասնագիտական տեսանկյունից դիտարկել Ամուլսարի հարցը, բայց դա ևս լուրջ ու էական խնդիր է մեզ համար։ Շատ երկրներ կան, որոնք ունեն հարուստ հանածոներով ընդերք, բայց չեն շտապում այն շահագործել, քանի որ կարող են վնաս հասցնել շրջակա միջավայրին։ Այսինքն, հանքարդյունաբերությունը չէ միայն, որ կարող է երկրի զարգացման խթան հանդիսանալ, շատ այլ ոլորտներ կան։ Ի վերջո, մենք 10-20 տարվա համար չենք երկիր կառուցում։ Այս խնդիրը պետք է լուծվի հօգուտ մեր երկրի առողջ սերնդի։
Ամբողւությամբ՝ irates.am