Գյուղ տանող ճանապարհը մեղմ ասած նման չէր մեքենայի ճանապարհի, կիսավեր, լքված, անտեր, անսարք… գյուղը ճանապարհի հետևանք է կամ հակառակը…
Գյուղում մեզ դիմավորեց Գնելը: Գնելի դռան վերևը մի դեղին լույս կար կախված: Լույսը կարծես ձմռան գորշ օրվա անսպասելի արև լիներ, որ կանչում էր դեպի իրեն: Լույսից այն կողմ տունն էր, ուր չկար զարմանալի ոչինչ բացի մթնոլորտից:
Գնելը ուսուցիչ է այնտեղ, որտեղ ուսուցիչների ու դասատուների թիվը նույնն է, որտեղ դասատուն ու աշակերտը իրար հետ գյուղատնտեսական գործեր են անում, իսկ տնայինները անում են սկայպով:
Առավոտյան բարձրացանք Դիզափայտ: Մեզ ուղեկցեց Գնելը: Նա 100, 200 կամ գուցե 500 անգամ բարձրացել էր լեռան գագաթ: Կատարո վանքի վերականգնման աշխատանքներին ներգրաված է եղել նաև Գնելը: Նրա ջորին էլ առաջին անգամ չէր բարձրանում, երանի չէր առաջին անգամը լիներ: Այս ջորին օրվա մեջ մի քանի անգամ շինանյութ է հանել գագաթ:
Ամեն անգամ երբ իրեն ձի էր զգում ներքին ձայնը հուշում էր, որ նա էշ է, որովհետև էշի բեռ էր հանում գագաթ: Այս անգամ վերելքն առանց բեռ էր ու ջորին չէր հասկանում բարձրանալու իմաստը, քանի որ մենք հետներս ոչինչ չէինք տանում գագաթ: Մենք միայն իջեցնում ենք գագաթներից գագաթներ, որոնցից բաղկացած է մեր կյանքը, որոնք իրար միանալով դառնում են լեռնաշղթա, իսկ բախտավորների մոտ լեռնաշխարհ: