ԱՄՆ-ի 28-րդ նախագահ (1913-1921 թթ.), քաղաքական ու պետական գործիչ, ակադեմիկոս Վուդրո Վիլսոնի անունն այսօր ողջ հայությանն է հայտնի` թե Հայաստանի Հանրապետությունում, թե նրա սահմաններից դուրս:
2020 թվականի նոյեմբերի 22-ին լրանում է Հայաստանի և Թուրքիայի սահմանի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի կամ Վիլսոնի իրավարարական պայմանակարգի ընդունման հարյուրամյակը (պաշտոնական լրիվ անվանումը՝ «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի և հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ»)։
Վուդրո Վիլսոնը ծնվել է Ստոնտոնում (ԱՄՆ, Վերջինիա), 1856 թ. դեկտեմբերի 28-ին, վախճանվել Վաշինգտոնում` 1924 թ. փետրվարի 3-ին, նրա աճյունն ամփոփված է Վաշինգտոնի ազգային տաճարում: Ավարտել է Դեվեդսոն քոլեջը, Փրինսթոնի համալսարանը, այնուհետև՝ Ջոն Հոփկինսի և Վիրջինիայի համալսարանները: 1890-1902-ին եղել է Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր, իսկ 1902-1910-ին՝ նույն համալսարանի ռեկտորը։ 1919 թ. արժանացել է Խաղաղության նոբելյան մրցանակի։ Հայտնի է նաև որպես պատմաբան և քաղաքագետ, եղել է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության անդամ, 1911-1913 թվականներին՝ Նյու Ջերսի նահանգի նահանգապետ:
Վուդրո Վիլսոնը հայտնի է նաև որպես Հայկական հարցի հայանպաստ լուծման իր հստակ դիրքորոշմամբ: 1920 թ.-ի ապրիլին ԱՄՆ-ը դե ֆակտո ճանաչեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը որպես անկախ, ազատ և ինքնիշխան երկիր: Լինելով հայկական պետության կայացման և ամրապնդման մեծ ջատագով, Վիլսոնը պաշտպանել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի մանդատը ստանձնելու գաղափարը, սակայն նույն թվականի հունիսին ԱՄՆ-ի Սենատը մերժել է Հայաստանի մանդատը ստանձնելու հարցը (52 դեմ, 23 կողմ): Սևրի պայմանագրի իրողություները ամրագրելու նպատակով և Ազգերի լիգայի հանձնարարությամբ Վիլսոնի կողմից գծվել է Թուրքիայի և Հայաստանի նոր սահմանագիծը, որը դրված է Վիլսոնի իրավարար վճռի հիմքում։ Սակայն միջազգային իրադրության արագ փոփոխությունը, Անտանտի երկրների միջև հակասությունների սրումը, Խորհրդային Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի հետ կապված Հայաստանի համար ճակատագրական իրադարձությունները և Հայաստանի Առաջին Հանրապետության անկումը ձախողել են ինչպես Սևրի պայմանագրի, այնպես էլ Վիլսոնի իրավարար վճռի իրագործումը։
Կարծում ենք, որ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 100-ամյակի առթիվ անհրաժեշտ է ՀՀ իշխանություններից պահանջել պատշաճ մակարդակով նշել մեր ժողովրդի համար շատ կարևոր նշանակություն ունեցող այդ փաստաթղթի 100-ամյա տարեդարձը` Հայաստանում իրականացնելով մի շարք միջոցառումներ: Հնարավոր միջոցառումներից կարող են լինել մասնավորապես Համազգային հռչակագրի ընդունումը հետևյալ կետերով.
* Իրավարար վճռի 100-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի և միջազգային գիտաժողովի գումարումը Երևանում
* Վիլսոնյան Հայաստանի քարտեզի հոբելյանական բազմալեզու հրատարակումը
* Հայոց ցեղասպանության թանգարանում Իրավարար վճռի վերաբերյալ նյութերի ցուցադրությունը
* Դպրոցական ծրագրերում իրավարար վճռի պատշաճ ներկայացումը
* Շարադրությունների/ակնարկների, վերլուծական/գիտական աշխատանքների մրցույթը դպրոցականների, ուսանողների, երիտասարդ գիտնականների շրջանում
* Համապատասխան հոբելյանակն նամականիշի թողարկումը
* Վուդրո Վիլսոնի անունով փողոցի անվանակոչումը Երևանում
* Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 100-ամյակի օրը քայլերթի կազմակերպումը
Արթուր Հովհաննիսյան, Livenews.am կայքից