Թռչող ափսեների դարաշրջանն ու դրանց մասին խոսակցությունները սկսվում են 1947 թվականի հունիսի 24-ին: Ամերիկացի օդաչու Քենեթ Առնոլդը հենց այդ օրը Վաշինգտոնի մերձակայքում սարերի վրայով թռչելիս օդում տեսավ անասելի արագությամբ սլացող 9 տարօրինակ օբյեկտ: Նա առաջինն էր, որ հրապարակային խոսեց դրանց մասին: Նույն 47 թվականին էր, երբ ամերիկյան Ռոուզվել քաղաքում ընկավ առաջին չբացահայտված թռչող օբյեկտը: Յութուբն այսօր ողողված է վթարված սարքում հայտնաբերված այլմոլորակայինի հերձման կադրերով: Մի՞ֆ է սա, բեմադրությո՞ւն, ռազմական օդուժի անհաջող փո՞րձ, թե՞ իրական ՉԹՕ. վարկածները շատ են, ապացույցները՝ անբավարար: Կա՞ն արդյոք այլ քաղաքակրթություններ տիեզերքում, ի՞նչ են ցույց տալիս հայ աստղագետների ուսումնասիրությունները։
Աշխարհում կան շատ մարդիկ, որոնք ոչ միայն հավատում են այլմոլորակայինների գոյությանը, այլև հայտարարում են, որ այլմոլորակայիններն իրենց առևանգել են։ Այլմոլորակայինների մասին ոչինչ չեմ կարող ասել, որովհետև նրանց երբեւէ չեմ տեսել: Փոխարենը՝ ՉԹՕ-ներ տեսնելու հարուստ փորձ ունի զրուցակիցս: Հայկական հեռուստառադիոյի նախկին աշխատակից Ռուբեն Սիմոնյանն այսօրվա պես հիշում է, թե ինչպես առաջին անգամ հանդիպեց ՉԹՕ-ի:
«Մեկը եղել է 1984 թվականի ամռանը: Երեկոյան նկարահանում էինք կատարում: Գլաձորի համալսարանի ավերակների վրայից հանկարծ մի լույս սլանում էր դեպի մեզ, մենք չկարողացանք ընկալել դրա չափերը, սակայն գնաց Ջերմուկի կողմ և անհետացավ»:
Հաջորդը 1991 թվականի մայիսին էր՝ Իջևանում, դարձյալ երեկոյան ժամերին, պատմում է զրուցակիցս. «12 լույսեր, որոնք ասես մոնտաժած լինեին իրար, հետևից էլ գալիս էին դրանց նման ևս 6 հատ: Լինելով «Հայաստան» թերթի թղթակից, հոդված գրեցի, որը կարելի է թերթում կարդալ»:
Ամենատպավորիչը, սակայն, Սևանի ճանապարհին էր, պատմում է Ռուբեն Սիմոնյանը. «Մի հսկայական ափսե՝ հոլի նման: Ներքևում պատուհաններ էին՝ իլյումինատորներ: Ներսում ով կամ ինչ կար, մենք չէինք կարող տեսնել»:
Իրականում չբացահայտված թռչող օբեկտների մասին խոսակցությունները սկսվել են դեռ 1960-ականներից ԱՄՆ- ում։ Առաջինը ռադիո որոնումներն էին: Այսպես կոչված ռադիոդիտակները ուղղում էին մոտակա աստղերին` փորձելով գրանցել արհեստական ազդանշաններ: Այս որոնումները տարիներ շարունակ ապարդյուն էին անցնում և շատ աստղագետներ հակված էին մտածել, որ գոնե մոտակա շրջակայքում այլ քաղաքակրթություններ չկան: Հատկանշական է, որ այս հետազոտությունների արդյունքում հայտնաբերվեցին նոր աստղեր, որոնք կարճատև ազդանշաններ են ուղարկում: Առաջին տպավորությամբ դրանք քաղաքակրթության կողմից ուղարկված ազդանշաններ էին թվում, մեզ հետ զրույցում նշեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:
Ամբողջությամբ՝ armradio.am