Գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Վարդան Գրիգորյանին պետք է հանդիպեինք դիրքերում, սակայն մեր այցելությունը զորամաս համընկավ հերթափոխի օրվան, ու լավագույն սպաների ցուցակը գլխավորող զինվորականի հետ զրուցեցինք մարտական հերթապահությունն ավարտելուց ժամեր անց:
Պատերազմը
Ես պատերազմի սերունդ եմ: Մի օր արթնացա եւ հորս անկողինը գտա դատարկ: Իսկ երեկոյան տագնապով նկատեցի, որ մայրս փակում է դռները՝ առանց սպասելու հորս վերադարձին: Դա իմ առաջին հանդիպումն էր պատերազմի հետ:
Մանկության բոլոր պատկերներն ու տպավորությունները մշուշի մեջ են: Բացի մեկից: Ես 7 տարեկան էի այդ ժամանակ, մեքենան ճռինչով արգելակեց մեր բակում, հետո դուռը բացվեց, ու իրար հետեւից զինվորական համազգեստով, խռիվ մազերով ու թավ մորուքով հսկա տղամարդիկ դուրս եկան մեքենայից: Հորեղբորս տղան գոռաց հորս անունը, վազեց առաջ ու գրկեց տղամարդկանցից մեկին: Ես նույնպես վազեցի: Բայց չգտա հորս: Չճանաչեցի: Երբ անծանոթ տղամարդը գրկեց ինձ, անբացատրելի ապրումներ ունեցա: Ես կծկվել էի հարազատ ու օտար տղամարդու գրկում՝ ուրախության ու տագնապի, ապահովության ու կասկածի խառը զգացումներով: Սա իմ երկրորդ հանդիպումն էր պատերազմի հետ: Մտածում եմ, որ հենց այդ օրը հոգուս մի անկյունում, իմ ենթագիտակցության ծալքերից մեկում ծնվեց զինվորական դառնալու որոշումը՝ իմ կռիվը պատերազմի դեմ:
Հայրս
Ես չեմ հիշում, թե ինչպիսին էր զինվորական հայրս պատերազմից առաջ: Բայց պատերազմից հետո, նույնիսկ երբ կտրեց մազերը, հանեց դաշտային համազգեստն ու սովորական շորեր հագավ, միեւնույն է, արտասովոր ու անըմբռնելի բան կար, որը թույլ չէր տալիս շատ մոտենալ նրան: Հայրս խիստ էր, սակավախոս, պահանջկոտ ու անզիջում: Նա սիրում էր, որ ամեն ինչ լինի կարգուկանոնով, ժամանակին, անթերի: Հայրս ինձ համար անվերապահ հեղինակություն էր: Երբ նա զինվորական համազգեստը հագած դուրս էր գալիս փողոց, բոլորի դեմքին ակնածանքի ու հիացմունքի խառը արտահայտություն էր ծնվում: Ու ես մտածում էի, որ մի օր ես էլ կհագնեմ նույն համազգեստը, կլինեմ հորս պես օրինավոր ու անթերի:
…Երբ ընդունվեցի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ու առաջին անգամ կուրսանտի շորեր հագած տուն եկա, հայրս նկատելի փափկեց: Իսկ երբ ինձ տեսավ լեյտենանտի ուսադիրներով, մենք սկսեցինք ընկերություն անել:
Սահմանին
Ռազմական համալսարանն ավարտելուց հետո որպես դասակի հրամանատար իմ առաջին մկրտությունն ստացա մի պոստում, որը ծովի մակարդակից բարձր է 3724 մետր, որտեղ տարին 10 ամիս ձմեռ է, ձյան հաստությունը հասնում է 15 մետրի: Ու քո կռիվը բնության դեմ ավելի դաժան ու ծանր է, քան թշնամու:
Ես բառացիորեն սահմանին էի՝ սիրո սահմանին, նվիրումի, դրսի սառնամանիքի ու սրտի ջերմության, պատասխանատվության, ինքնազոհության, քաջության, որովհետև բարձրում ուրիշ չափումներ էին: Վերևում` սահմանի վրա, նշանառության տակ զինվորդ մարտական ընկեր էր, ու նրա կյանքը թանկ էր քոնից: Միասնությունը ուժ էր, եղբայրությունը` հաղթելու պայման:
Սահմանին ես շատ փոխվեցի: Ես դարձա ամուր բնավորությամբ ու փխրուն սրտով մարդ: Իմ գումարտակի հրամանատարը՝ լուսահոգի Իգիթ Ներսիսյանը, ասում էր՝ սովորիր չէ ասել: Ես գիտեի, որ սահմանից բերված հա-ն կյանքում խանգարելու է ինձ: Բայց հենց սահմանի «օրենքներն» են, որ իջնում են երկիր, մաքրում են տիղմը, մարդկանց մղում են սխրանքի:
Հայրենիքն ու ընտանիքը
Ես վերջերս եմ վերադարձել արտասահմանից: Գումարտակի հրամանատարի դասընթացների էի մասնակցում աշխարհի 160 երկրների ներկայացուցիչների հետ: Օտարության մեջ, հայրենիքից հեռու ես հասկացա, որ Հայաստանը սրտիս մեջ է՝ իմ բովանդակ երկիրը՝ իր պատմությամբ ու ներկայով, իր ամեն պահի հսկվող սահմաններով, իր դժվար խաղաղությամբ ու երազանքներով:
Հետո իմացա, որ միայն մեր պետությունն էր վճարում իր զինվորականների՝ արձակուրդի օրերին հայրենիք վերադառնալու եւ յուրայիններին տեսնելու ծախսերը: Արտերկրի զինվորականները զարմանում էին՝ «Մի՞թե այդքան հարուստ երկիր ունեք»: «Չէ՛,- ասում էի,- մեր երկիրը հարուստ չէ, ուղղակի մեր երկրում գիտեն, թե ինչ է հայ մարդու համար հայրենիքն ու ընտանիքը»: Հետո իմացա, որ մեզնից շատ ավելի հարուստ երկրները չեն վճարում արտերկրում սովորող իրենց զինվորականների ծախսերը՝ տան վարձը, կոմունալ վճարները, իսկ փոքրիկ ու ոչ հարուստ Հայաստանը վճարում է: Ես մտածեցի, մտածեցի ու հասկացա, որ դա մեր ազգային բնավորությունն է՝ տանը զավակդ կարող է զուսպ ու չափավոր ապրել, բայց դրսում պիտի արժանապատիվ ներկայանա, պիտի հետ չմնա մյուսներից: Երբ դրսում ես, ու երկիրդ տիրություն է անում քեզ, նրա տվածը բազմապատիկ փոխհատուցելու ցանկություն է ծնվում հոգուդ մեջ:
Գլուխս բարձր ու խաղաղ սրտով
Ես էլի սահմանին եմ: Հիմա պայմանագրայինների հրամանատարն եմ, տարբերություն չկա՝ սահմանին բոլորս նույնն ենք, զինվոր ենք:
Դիրքապահը երբեք մենակ չի բարձրանում սահման: Նա իր հետ սահման է տանում ամենաթանկը: Ամենաթանկը կորցնելու վախից նա այդ ամենը տեղավորում է սրտի մեջ: Շատ բանաստեղծական հնչեց, բայց պատմելու ավելի պրոզայիկ ձեւ չգտա: Ինձ հետ իմ գյուղն է սահմանին՝ Կաթնաղբյուրը՝ իր խիտ անտառներով, ջրամբարներով, արգելագոտիներով՝ իմ մանկության ոտնահետքերը վրան: Իմ տունը, որտեղ ապրում են ծնողներս, եղբայրս, կինս, չորս տարեկան տղաս: Նրանք չեն թողնում, որ թուլանամ:
Ես մեծ հպարտությամբ եմ կրում զինվորական համազգեստս: Ես ծառայությանը տալիս եմ ամեն ինչ, անխնա, փոխարենը քայլում եմ գլուխս բարձր ու խաղաղ սրտով: Ապրիլյան պատերազմից հետո ժողովրդի սերը իր զինվորականի հանդեպ բազմապատկվեց: Իսկ դու ավելի ուժեղ ես ու անձնվեր, երբ թիկունքդ տաք է ժողովրդի սիրուց: