Սեռափոխ եղած Մելինե Դալուզյանի մասին պատմող ֆիլմի համար պետբյուջեից հատկացվել է 20 մլն դրամ. հաստատում է Հայաստանի Ազգային կինոկենտրոնը. antifake.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սեռափոխ եղած Մելինե Դալուզյանի մասին պատմող ֆիլմի համար պետբյուջեից հատկացվել է 20 մլն դրամ. հաստատում է Հայաստանի Ազգային կինոկենտրոնը. antifake.am

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» լրատվականը հոդված էր հրապարակել ««Մել». ծանրորդ Մելինե Դալուզյանի մասին ֆիլմ է նկարվում. նա 5-6 տարեկանում ամեն երեկո աղոթում էր, որ տղա դառնա» վերնագրով՝ անդրադառնալով Մելինե Դալուզյանի մասին պատմող ֆիլմին։

««Մել»-ը 2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված 65 հայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թվում է: Պետությունը ֆիլմի ֆինանսավորման համար հատկացրել է 20 միլիոն դրամ»,-նշված էր հոդվածում։

Ֆիլմի մասին տեղեկությունը կարճ ժամանակում մեծ աղմուկ բարձրացրեց համացանցում՝ ընթանալով տարբեր տեղեկատվական հոսքերով։

Ֆիլմի ֆինանսավորման և այլ մանրամասների համար կապ հաստատեցինք «Հայաստանի Ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի հետ, որը ներկայումս գտնվում է ՀՀ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության ենթակայության ներքո, իսկ մինչ կառավարության կառուցվածքի փոփոխությունը գտնվել է Մշակույթի նախարարության ներքո։ Զրուցեցինք կինոկենտրոնի մամուլի պատասխանատու Ռուզաննա Բագրատունյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց, որ Մելինե Դալուզյանի մասին պատմող ֆիլմի համար պետական բյուջեից հատկացվել է 20 միլիոն ՀՀ դրամ։

«Այս տարի մենք մրցույթ ենք հայտարարել 2 անգամ։ 2019 թ. գարնանային նստաշրջանի ժամանակ՝ մարտին, ՀՀ Ազգային կինոկենտրոնի փորձագիտական հանձնախումբը՝ Կարինե Խոդիկյան, Արմեն  Ալիխանյան, Հայկ Կիրակոսյան կազմով, նայել են ֆիլմը, ընտրել են և ֆինանսավորման չափն էլ որոշել են՝ 20 միլիոն ՀՀ դրամ։ Դա կազմում է ամբողջ ֆիլմի բյուջեի 14 %-ը, քանի որ հայտատուները դիմել էին ֆիլմի արտադրական մասի ֆինանսավորման համար»։

Ռուզաննա Բագրատունյանը տեղեկացրեց նաև, որ այս տարվա ավարտին ֆիլմի նկարահանման աշխատանքներն ավարտված պետք է լինեն, որից մի փոքր ուշ էլ՝ 1 ամից անց, ֆիլմը պատրաստ կլինի։

ՀՀ Ազգային կինոկենտրոնի պաշտոնական կայքում գտանք համապատասխան փաստաթղթերը, որոնցից պարզ է դառնում, որ Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» անվանումով ֆիլմը 65 լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի ցանկից պետական ֆինանսավորման համար ընտրված 10 լիամետրաժ ֆիլմերի ցանկում է։

Ֆիլմի ժանրը «վավերագրական դրաման» է։ Ֆիլմարտադրող ընկերությունը՝ «Բարս Մեդիա» ՍՊԸ-ն, պրոդյուսերները՝ Վարդան Հովհաննիսյանը և Իննա Սահակյանը, վերջինս նաև ֆիլմի սցենարի հեղինակն է և Պոլ Կոհենի հետ՝ ռեժիսյորը։

Նշենք նաև, որ «Հայաստանի Ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը 2019 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարությունից ստացել է 160.148.800 ՀՀ դրամ դրամաշնորհ մինչև 20 20 թվականի հունվարի 31-ը ընկած ժամանակահատվածում կինոծրագրերի իրականացման համար։ Դրամաշնորհային պայմանագիրը կնքվել է ՀՀ մշակույթի նախարարության հետ, որի ղեկավարն այդ պահին պաշտոնակատար Նազենի Ղարիբյանն էր։

Հետաքրքրական է, որ «Հայկական ժամանակ» լրատվականը հրապարակման վերնագրում և նյութում այնպիսի շեշտադրումներ է արել, որոնք պրոպագանդա են ենթադրում։ Օրինակ՝ վերնագրում հատուկ կերպով ընդգծվել է՝ « նա 5-6 տարեկանում ամեն երեկո աղոթում էր, որ տղա դառնա» հատվածը, իսկ հրապարակման մեջ արդեն նշված է. ««Մել» ֆիլմի առանցքային թեման սիրող զույգի պատմություն է՝ սեռային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանելու նրանց պայքարը, միասին անցած ճանապարհը եւ այն, թե արտաքին ու ներքին ազդեցությունների տակ ինչպես են փոխվում Մելի ու Ծաղիկի (պայմանական անուն) փոխհարաբերությունները», կամ «Մելը պատմում է՝ «Երբ ես 5-6 տարեկան էի, հավատում էի հրաշքներին, ամեն երեկո սենյակումս մենակ՝ երկար աղոթում էի՝ Աստված, թող տղա արթնանամ, տղա լինեմ, խնդրում եմ»», որով փորձ է արվում նաև խղճահարություն արթնանցնել ընթերցողի մոտ։

«Հայկական ժամանակ» լրատվականը առաջինն է, որն անդրադարձել և նման պրոպագանդիստական շեշտադրումներով ներկայացրել է Մելինե Դալուզյանի մասին պատմող ֆիլմը, ուստի՝ կարելի է հետևություն անել, որ վարչապետի ընտանիքին պատկանող լրատվականը նվազագույնը անտարբեր չէ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքներով, իսկ եթե ավելի հստակ՝ առաջիններից է, որ դրական լույսի ներքո ներկայացնում է այդ համայնքի հետ կապված իրադարձությունները։

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

antifake.am