Խելացի անասնագոմեր. նոր լուծումներ գյուղատնտեսության մեջ. armradio.am
Advertisement 1000 x 90

Խելացի անասնագոմեր. նոր լուծումներ գյուղատնտեսության մեջ. armradio.am

Խորհրդարանի այս տարվա մարտի 27-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը ստեղծել է գյուղական համայնքներում փոքր և միջին «խելացի» անասնագոմերի կառուցման կամ վերակառուցման, դրանց տեխնոլոգիական պահպանման պետական աջակցության ծրագիր։  Նախատեսվում է պետական աջակցությամբ երեք չափի անասնաշենքերի կառուցում, որոնք կնպաստեն կենդանիների մթերատվության եւ կաթի որակի բարձրացմանը: Այս ծրագիրն ունի նաեւ ընդդիմախոսներ:

Խելացի անասնագոմի պատրաստի մակետի ցուցադրմամբ՝ նախագծող հեղինակը ներկայացնում է, ըստ իրեն, այն առավելություններն ու հնարավորությունները, որ ունենում են այս կարգի շինությունները՝ խելացի անասնագոմերը: Անասնաբույծները համոզված են, որ նման անասնագոմում կենդանու կյանքի որակն ու տեւողությունը ու նաեւ կաթնատվությունը զգալիորեն կավելանան:

Երբ ամիսներ առաջ ծրագիրը ներկայացվեց լայն հանրությանը՝ դեռեւս չլուծարված գյուղատնտեսության նախարարության նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, օրինակ, խոսելով այդ մասին՝ շեշտեց, որ նման խելացի անասնագոմերում պահվող կենդանու կյանքի որակին ու տեւողությանը և նաեւ կաթնատվության ավելացմանը զգալիորեն նպաստող մի շարք հանգամանքներ են  առկա  խելացի անասնագոմերում.

«Կենդանին իր հայեցողությամբ կարող է ազատ շրջել, երբ կցանկանա ջուր խմել, երբ կցանկանա՝ կեր ուտել»:

Այսինքն՝ խելացի անասնագոմերը, այսպես ասենք, չեն բռնանում խոշոր եղջերավոր անասունների վրա: Սա առաջնային պայմաններից մեկն է՝ առանց կապելու պահելաձեւ. բոքսային պայմաններ: Հենց սրանք պետք է առաջնահերթ ապահովի ֆերմերը, եթե ցանկանում է օգտվել առաջարկվող ծրագրից: Ծրագրից օգտվելու համար էլ պետք է հայտ ներկայացնել, եթե ֆերմերը ցանկություն ունի իր անասունների համար ապահովել այդպիսի ազատ ապրելաոճ: Հայտը քննարկվում է եւ հաստատվելու դեպքում այդպիսի խելացի անասնագոմ կառուցելու ծախսի կեսը կսուբսիդավորվի պետբյուջեից:  «Ծրագրին միացել է 5 բանկ եւ 6 վարկային կազմակերպություն»:

Գյուղատնտեսության պատասխանատուները վստահ են, որ նման պայմաններում կենդանիներ պահելու դեպքում, կաթնասունների տված կաթի որակը կբարձրանա, սակայն, հնարավոր չէ հաստատ պնդել, որ այդ որակյալ կաթը հնարավոր է ավելի բարձր գնով վաճառել: Այստեղ գործում է իրացնող-մթերող համագործակցությունը, որը այնքան էլ հարթ չէ՝ ինչպես ժամանակ առ ժամանակ ցույց է տալիս փորձը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանն է պարզաբանում խնդիրը.

«Կախված սեզոնից կաթի գինը տատանվում է: Մենք չենք կարող սահմանել կոնկրետ մի որոշակի ինքնարժեք: Յուրաքանչյուր տնտեսվարող ինքն է հաշվում եւ ստանում կաթի ինքնարժեքը»:

Այս ծրագրով գյուղատնտեսության ոլորի պատասխանատվությունը կրող կառույցի շահագրգռվածությունը, սակայն ոմանք տարակուսելի են համարում: Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը, օրինակ, կարծում է, որ մեծ գումարներ բյուջեից հատկացնել նման ծրագրի համար այնքան էլ ճիշտ բան չէ եւ կասկածելի է թվում:

«Ֆերմերը ինքը կարող է գնալ ու կառուցել: Ինչո՞ւ է պետությունը վարկավորում հենց այդ կառույցները: Ֆերմերն է՝ չի ուզում այդպիսի գում եւ ուրիշ տեսակի գոմ է ցանկանում կառուցել, ինչու է պետությունը ստիպում: Այսինքն, հովանավորչական ծրագի՞ր է գնում, ինչ-որ մի մոնոպոլիա ենք ուզում ստեղծե՞լ, միգուցե հովանավոր կա կառավարությունում, որ շահույթ ա ստանում»:

Ագրարագյուղացիական միավորման նախագահը շեշտում է, որ երբ իրենք նորարարություններ են ունենում, գյուղատնտեսության խնդիրներով զբաղվող պետական կառույցներին չեն դիմում, այլ հանդիպում են հրավիրում  ֆերմերների հետ, քննարկում ու ներկայացնում իրենց նորարարական առաջարկը:

Հրաչ Բերբերյանը խելացի անասնագոմերի հետ կապված ուրիշ մտահոգություն էլ ունի: Դրանց ծածկերը պոլիէթիլենային թաղանթից են պատրաստվելու: Սա նշանակում է, որ անասնագոմը շահագործման տեւողության հետ կապված խնդիրներ է ունենալու, այսինքն՝ երաշխիքը չկա, որ դրանք կարող են երկար ծառայել ֆերմերներին ու կարող են վնասվել կարկուտից ու քամուց:

«Երբ որ առաջարկում ես ինչ-որ բան, պետք է դա ունենա երաշխիքային ժամկետ, որը շատ կարեւոր է գյուղացու, ֆերմերի համար: Այսինքն, թե քանի տարի այն կարող է շահագործել»:

Խելացի անասնաշենքի նախագծված տարբերակներից մեկի հեղինակն ասում է, որ պիտանելիության ժամկետի մասին չեն կարող հստակ նշել, բայց փոխարենը՝ առավելության մասին կարող են խոսել.

«Ժամկետի առումով չենք կարող ասել, թե ինչքան ժամանակ կծառայի, բայց կարող ենք հստակ ասել, որ այդ թաղանթի մեջ կան հատուկ նյութեր, որոնք թույլ չեն տալիս, որ արեւի ճառագայթներն ուղիղ անցնեն անասնաշենքի մեջ եւ անասուներին վնաս պատճառեն»:

Խելացի անասնագոմը նախագծող որոշ մասնագետներ էլ կարծում են, որ դրանց ծածկերը կարող են ծառայել այնքան, ինչպես ջերմոցների ծածկերն են ծառայում: Ներկայացված նախագիծը, սակայն, միակ տարբերակը չէ եւ պետությունը կարող է սուբսիդավորել նաեւ կառուցված այն գոմերը, որոնք կհամապատասխանեցվեն, այսպես ասած, խելացի անասնաշենքերի համար նախատեսված պահանջներին, որոնց մանրամասները տրված են հայտի հաստատման պայմաններում՝ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը:

Ինչ վերաբերում է ծրագրի հարցում շահագրգռվածությանը, ապա Լեւոն Տեր-Իսահակյանի խոսքով՝ ցանկացած ծրագրի հարցում, որոնք նպաստում են այս կամ այն ոլորտի զարգացմանը, պետական պատասխանատու կառույցները շահագրգիռ են: Տվյալ դեպքում էլ նույնն է: Փարատելով կասկածները նա նաեւ շեշտեց, որ խելացի անասնագոմերի կառուցումն էլ  տնտեսվարողներն են ընտրում՝ լիցենզիա ունեցող շինարարական կապալառու կազմակերպություններից, որոնց մասին բավականաչափ տեղեկություններ կան գրանցված Էկոնոմիկայի նախարարության կայքէջում:

Ծրագրի վերաբերյալ «Ռադիոլուր»-ի հարցազրույցը ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանի հետ կարող եք ունկնդրել մեր վաղվա առավոտյան թողարկման ընթացքում:

armradio.am