ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է հանրային բոլոր փակ ու կիսափակ տարածքներում ծխախոտի օգտագործման ամբողջական արգելք կիրառել: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինչիների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Օրինագիծը նպատակ ունի կարգավորել ՀՀ-ում ծխախոտի օգտագործման, սպառման նվազեցումը, բնակչության առողջության պահպանումը՝ պաշտպանելով երկրորդային ծխի ազդեցությունից և ոչ վարակիչ հիվանդություններով հիվանդացության ցուցանիշների նվազեցումը՝ կրճատելով ծխախոտի օգտագործումը: Ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը Հայաստանում հանրային առողջության հիմնախնդիրներից մեկն է՝ եթե չասեմ, որ ամենալուրջերից մեկը: Մի շարք առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների զարգացումը, պայմանավորված է հենց դրանց օգտագործմամբ: Օրենքի նախագծով ամրագրվում է ծխախոտի օգտագործման ամբողջական արգելք փակ հանրային վայրերում, սահմանվում է փակ տարածքներ հասկացությունը՝ օրենքի իմաստով և թվարկվում են ծխախոտային արտադրատեսակների, դրանց նմանակների, ծխախոտային փոխարինիչերի օգտագործմանը ներկայացվող արգելքներն ու սահմանափակումները»,- ասաց նախարարը:
Օրինագծով ամրագրվում են ծխելու և ծխախոտային արտադրատեսակների, դրանց նմանակների, փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակի պատկանելիքի գովազդի հովանավորության և առաջխաղացման արգելքները: Առաջին անգամ սահմանվում են ծխախոտային արտադրատեսակների բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման ոլորտում կառավարության իրավունքներն ու պարտականություններն ու այլ կարգավորումներ: Կառավարությունում քննարկումների արդյունքում օրինագծում ավելացվել է նաև մեկ դրույթ: Այդ դրույթի համաձայն նախագծով 2024-ի հունվարի 1-ից նախատեսվում է արգելել ծխախոտային արտադրատեսակների սպառողական տարաների վրա պատկերելու արտադրողի ապրանքային նշանը կամ ֆիրմային անվանումը կամ լոգոն կամ արտադրողին նույնականացնող այլ նշանները: Կից ներկայացված օրենքների նախագծերով սահմանվում են այլ կարգավորումներ ևս:
Նախագծի մշակման հիմքում դրվել է ծխելու դեմ պայքարի հաջողված փորձ ունեցող առաջադեմ երկրների՝ Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, Ռուսաստանի, Վրաստանի և շատ այլ երկրների փորձը։
Թորոսյանը հիշեցրեց, որ Հայաստանում հիմա էլ գործում է Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին օրենքը, որն ընդունվել է 2004-ին: Նրա կարծիքով՝ առաջարկվող փաթեթն ազգաբնակչությանը պաշտպանող մակարդակի է բարձրացնում այն հակածխախոտային միջոցառումները, որոնք 2004-ից ՀՀ-ում իրականացվում են: Գործող օրենքում կան սահմանափակումներ, նախարարությունը օրինագծով առաջարկում է սահմանափակումների ընդլայնում:
«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին փաթեթին կառավարությունը հավանություն էր տվել սեպտեմբերի 12-ին: Ծխախոտի օգտագործման արգելք է սահմանվում փակ տարածքներում։ Որոշակի սահմանափակումներ են նախատեսված հանրային տրանսպորտում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական, կրթական, մշակութային հաստատություններում։ Որոշակի կարգավորումներ են նախատեսվում նաև ծխախոտի վաճառքի և ծխախոտային արտադրանքի առաջխաղացման և գովազդի սահմանափակման ուղղությամբ։ Օրենքների նախագծերի փաթեթում ընդգրկված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվում է, որ մասնավորապես մասնավոր ավտոմոբիլային տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների օգտագործման կամ դրանց օգտագործման սահմանափակման արգելքը խախտելը օրենքով սահմանված ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների օգտագործման կամ օգտագործման սահմանափակման արգելքը խախտելը, բացառությամբ սույն օրենսգրքի 135.1, 135.2 հոդվածների, առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձի նկատմամբ՝ հիսունապատիկի չափով: Նույն արարքն այն պաշտոնատար անձի կողմից կատարելը, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված վարչական տույժի կրկնակիի չափով: Օրենքով նախատեսված դեպքերում հաստատությունների կամ հիմնարկների կամ վայրերի կամ տարածքների տեսանելի հատվածներում ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման արգելքի մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակների բացակայությունՆ առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: