Եթե մարդն ավելացնում է շաքարի օգտագործումը, դա բարձրացնում է աղեհամակարգի բորբոքային հիվանդությունների առաջացման ռիսկը, պարզել են Ալբերտայի համալսարանի գիտնականները։
Նրանք հետազոտություն են իրականացրել կրծողների վրա, որոնց բաժանել են երկու խմբի. առաջինում կրծողներին պահել են սովորական կերակրով, իսկ մյուս խմբին կրծողներին 2 օր տվել են 50 տոկոսով սախարոզից բաղկացած կեր։
Այնուհետև բոլոր կենդանիների մոտ առաջ են բերել կոլիտ՝ նատրիումի դեքստրան սուլֆատի օգնությամբ։ Պարզվել է, որ երկրորդ խմբի կրծողների մոտ աղիքային հյուսվածքներն ավելի շատ են վնասված եղել և իմունային պատասխանն ավելի անոմալ է եղել առաջին խմբի կրծողների համեմատ։
Գիտնականների խոսքով՝ սննդաբաժնի անգամ աննշան և ոչ երկարատև փոփոխության և դրանում շաքարի քանակի ավելացման դեպքում կարող են առաջանալ արդեն առկա բորբոքային հիվանդությունների սրացման ախտանշաններ։
Բանը աղեհամակարգի միկրոֆլորան է. բջջանյութով հարուստ մթերքները նպաստում են օգտակար մանրէների աճին։ Դրանք առաջ են բերում կարճ շղթայական ճարպաթթուներ և կարևոր են արդյունավետ իմունային պատասխանի համար։ Իսկ ահա շաքարի բարձր պարունակությամբ մթերքները և բջջանյութի քիչ սպառումը հանգեցնում են վնասակար մանրէների առաջացման՝ կապված բորբոքումների հետ։