Մարդիկ արտադրում են որոշակի հորմոններ, որոնք առանձնակի գրավիչ են մոծակների համար: Լոնդոնի արևադարձային բժշկության դպրոցի ուսումնասիրության արդյունքները բացատրում են, թե ինչու են մարդիկ ավելի գրավիչ այդ միջատների համար:
Գիտնականները ընտրել են կամավորների երկու խումբ, որոնցից մեկին մոծակները ամբողջ կյանքում շատ հաճախ են կծել, իսկ մյուսներից այդ միջատները խուսափել են: Հետո կենսաբանները մոծակների բեղերին ամրացրել են միկրոէլեկտրոդներ՝ մանրամասն պարզելու՝ ինչպես են դրանք ընտրում զոհին: Պարզվել է, որ միջատները բուռն են արձագանքում կայրոմոններին: Դա նյութ է, որը «համեղ» կամավորներն ավելի շատ են արտադրում:
Հետաքրքիր է, որ մոծակների համար գրավչության նախատրամադրվածությունը որոշվում է գենետիկորեն: Մոծակների համար պակաս ախորժալի դառնալու համար պետք է նիհարել: Ապացուցված է, որ մեծ քանակությամբ կայրոմոններ արտադրում են ավելորդ քաշ ունեցող մարդիկ, հայտնում է National Geographic-ը: