Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնի մասնագետներն առաջին անգամ վիրահատության ժամանակ հաջող կիրառել են այսպես կոչված վերահսկվող անաբիոզ՝ պացիենտի մարմնի ջերմաստիճանի իջեցում։ Այս մասին տեղեկացնում է New Scientist-ը։
Խմբի ղեկավար Սամյուել Թիշերմանի խոսքով՝ այդ տեխնիկան կոչվում է Emergency Preservation and Resuscitation (EPR), այսինքն՝ շտապ կոնսերվացում և վերակենդանացում։ Միջամտության ընթացքում սուր տրավմա, օրինակ՝ հրազենային կամ դանակի վերքեր ունեցող պացիենտը սառեցվում է մինչև Ցելսիուսի 10-15 աստիճան, դրա համար բժիշկները նրա արյան մեջ սառեցված ֆիզլուծույթ են ներարկում։ Դա բժիշկներին մի քանի ժամ է տալիս, որպեսզի վիրահատությունն անցկացնեն առանց պացիենտի մահանալու վտանգի։
Ինչպես նշել է Թիշերմանը, մարմնի սովորական ջերմաստիճանի դեպքում նրա բջիջներին անհրաժեշտ է թթվածնի պաշար էներգիա արտադրելու համար։ Եթե սիրտը դադարի բաբախել, բջիջները թթվածին չեն ստանա։ Իսկ ուղեղն առանց թթվածնի կարող է գործել ընդամենը մի քանի րոպե։ Բայց մարմնի և ուղեղի ջերմաստիճանի իջեցումը դանդաղեցնում կամ կանգնեցնում է բոլոր քիմիական ռեակցիաները բջիջներում, և արդյունքում դրանք ավելի քիչ են թթվածնի կարիք ունենում։
Փորձնական վիրահատությունը կատարել են ծանր վնասվածք ունեցող պացիենտին, որը կարող էր հանգեցնել մահացու ելքի, իսկ այլընտրանքային բուժում գոյություն չունի։ Վիրահատության անցկացումն արժանացավ Սննդամթերքների և դեղամիջոցների որակի վերահսկման վարչության (FDA) հավանությանը, որը բժիշկներին ազատեց միջամտություն անցկացնելու համար պացիենտի համաձայնությունն ստանալուց։
Թիշերմանի խոսքով՝ իր թիմը չի ցանկանում «մարդկանց Սատուռն ուղարկել», այլ ընդամենը փորձում է ժամանակ շահել վիրաբուժական միջամտության ժամանակ՝ հանուն կյանքի փրկության։