Լեզվաբան, պրոֆեսոր Մանուշ Հարությունյանը, երբ այսօր դժվարանում է անգամ քայլել ու լսել, իր «հանապազօրյա հացն» է համարում գիրք կարդալը։ Հայաստանում օտար լեզվով գիտական թեզ պաշտպանած գիտությունների առաջին թեկնածուն 97 տարեկան է։
«Ես շատ եմ կարդում, նույնիսկ այս տարիքում: Եթե չկարդայի՝ ցնդել էի արդեն։ Նորից վերընթերցեցի շատ գրքեր, որոնք կարդացել էի, և ուրիշ ձևով ընկալեցի դրանք։ Չի կարող պատահել, որ գիրքն ընկնի ձեռքս, և ես կիսատ կարդամ ու ասեմ, որ այսինչը վատ գրող է։ Ամեն մեկն իր տեղն ունի։ Իմ հիմնական խորհուրդը հետևյալն է՝ հարկավոր է շատ կարդալ և չընտրել, որովհետև ամեն տեղից էլ մեծ ինֆորմացիա ես ստանում, և հանկարծ հասկանում, որ սա էլ չգիտեի, սա էլ… և մտահորիզոնդ լայնանում է։ Այնքան սիրելի գրողներ ունեմ, և ոչ միայն գերմանացի, այլև անգլիացի, ֆրանսիացի»։
Զարմանալին այն է, որ 97-ամյա Մանուշ Հարությունյանն իր կազմած բառարանների հրատարակությունից, գերմաներեն բոլոր դասագրքերի վերջում տեղադրվող գերմաներեն-հայերեն բառարանները կազմելուց, գերմաներենի քերականությունն ուսուցանող դասագրքից (որն ի դեպ առայսօր օգտագործվում է Գերմանիայում), Հյուբշմանի «Հայագիտական ուսումնասիրություններ» աշխատությունը՝ գերմաներենից հայերեն թարգմանելուց հետո էլ, համեստորեն հիշում է, թե ինչպես էին ոմանք զազրախոսում, թե՝ գերմաներեն չգիտի։ Նա լսեզ այդ ամենը, լռեց ու շարունակեց իր գործը՝ գյումրեցուն հատուկ համառությամբ ու՝ բարությամբ ապրելը ուղենիշ դարձրած։
Հյուբշմանի «Հայագիտական ուսումնասիրություններ»-ը հայերեն թարգմանելուց հետո սկսեց հրատարակիչներ փնտրել՝ առանց հոնորարի հավակնության, միայն թե գիրքը տպվեր։ Եվ ահա այս եզակի աշխատությունը 2004թ. տպագրվեց «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության հովանավորությամբ։
Ամբողջությամբ՝ armradio.am