Լանջաղբյուրցի Լիդա Բաղդասարյանը ցավով է հիշում տարիներ առաջ սելավի պատճառած վնասները: Սելավաջրերի հոսքն ամբողջությամբ ուղղվել է իրենց տան վրա և ողողել նկուղն ու տան բոլոր սենյակները: Բաղդասարյանների համար խոնավ պատեր ունենալը դարձել էր մշտական երևույթ: «Ջուրը եկավ, լցվավ տունը լրիվ, մինչև այ էս լուսամուտները ջուր էր»:
Բանն այն է, որ նրանց բակով ու տան ետնամասով է անցնում նաև համայնքի ոռոգման առուն՝ խարխլելով տան հիմքն ու պատերը: Տիկին Լիդայի հետ շրջեցինք նաև տան սենյակներով. վերանորոգումից հետո էլ բորբոսը ամեն անկյունում մնացել էր:
«Տունը խոնավ, ջրի մեջ, պատերը նստվածք էր տվե, ա հենա, լրիվ խոնավ ա»,- ասաց Լիդա Բաղդասարյանը:
Բաղդասարյաններն այսուհետ անցյալում կթողներն ջրերի հետևանքով ունեցած վատ հիշողությունները: ՀՀ Կառավարության սուբվենցիոն ծրագրով վերանորոգվել է համայնքի երկու ուղղություններով անցնող 900 գծամետր ջրահեռացման համակարգը, որը ծառայում է նաև ոռոգման ցանց: Նախկինում ուղղակի հողե առուներով անցնող համակարգն այժմ ամբողջությամբ փոխարինվել է կիսախողովակներով:
«Հմի էդ կանալները որ դրած ա, բելի ըստուց ետ մի քիչ չորանա»,- հույս է հայտնում Լիդա Բաղդասարյանը, ում խոսքն էլ լրացնում է նույն խնդրով մտահոգ համագյուղացի Աստղիկ Սհոյանը.«Էս գալող ջուրը լրիվ լցվում էր մեր տունը, հմի կալոդները սարքած, մաքուր, ակուրատնի, ջուրը էթում, ժողովուրդն էլ ապահով իրանց տունը նստուկ են»:
Համայնքի ղեկավար Յուրիկ Բաղդասարյանը նշեց, որ կիսախողովակների տեղադրմամբ լուծում է ստացել մեկ այլ կարևոր խնդիր ևս. «Ոռոգման ցանցն առաջ մինչև ջուրը հասնում էր հողամասեր, մոտավորապես 40-50 տոկոսի կորուստ էինք ունենում, քանի որ հողային առուներ էին, մինչև հասնում էր, ներծծվում էր հեղի մեջ: Այժմ արդեն, հույսով ենք, որ խորքային հորից հելած ջուրը, ինչքան դուրս ա գալիս, այդքան էլ հասնելու ա բնակիչներին, սպառողներին»:
Ամբողջությամբ՝ armradio.am