Վերջին օրերին կրկին ակտիվացել է դիակիզարաններ կառուցելու թեման։ Գաղափարի թիվ մեկ ընդդիմախոսը հայոց եկեղեցին է, քանի որ դիակիզումը, ինչպես նշում են հոգևորականները, դեմ է մեր եկեղեցու և, ընդհանրապես, աստվածաշնչյան ավանդույթին։ Այն, ինչ դեմ է ժողովրդի մեջ ընդունված ավանդույթին, կարող է հոգեբանական լուրջ ցնցում առաջացնել` կարծում է հոգեբանը։ Գաղափարի կողմնակիցներն էլ իրենց մոտեցումը հիմնավորում են տարածքների խնայողությամբ և մարդու՝ ընտրելու հնարավորությունը հարգելու սկզբունքով։ Եվ այսպես՝ դիակիզվել, թե՞ ոչ:
2020-ին ՀՀ-ում միանգամից 2 դիակիզարան կբացվի: Մամուլի այս հրապարակումը կրկին ալեկոծել է հայ հանրությանը։ Հայտարարության հեղինակը «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի, այլ կերպ՝ թաղման բյուրոյի տնօրեն Արման Իսկանդարյանն է, որը «Ռադիոլուրի» հետ զրույցում հստակություն մտցրեց` խոսքը ոչ թե երկու դիակիզարանների, այլ երկու մասնավոր գերեզմանատների մասին է։ Այսինքն՝ կան ներդրողներ, որոնք պատրաստ են գումար ներդնել և դիակիզարան բացել մասնավոր գերեզմանոցում.
«Դիակիզարանների մասին օրենքի համաձայն՝ մասնավոր գերեզմանատունը պետք է ունենա դիակիզարան կամ դիակիզարանի հետ պայմանագիր։ Քանի որ ՀՀ տարածքում լիցենզավորված գործող դիակիզարան գոյություն չունի, մասնավոր ներդրողները պետք է իրենք հիմնեն դիակիզարան։ Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում շատերն են հետաքրքրվել՝ դիակիզարան ունե՞նք, թե՞ ոչ։ Եթե նայենք տոկոսային հարաբերակցությամբ, ապա բնակչության 1-2 տոկոսը դիակիզարանի պահանջարկ ունի»։
Պահանջարկից զատ` դիակիզարան ունենալու անհրաժեշտությունն Արման Իսկանդարյանը պայմանավորում է տարածքների, մասնավորապես կանաչ տարածքների սղությամբ։ Նրա տվյալներով, օրինակ, Երևան քաղաքում գերեզմանատներն զբաղեցնում են երկու անգամ ավելի մեծ տարածք, քան` կանաչապատ այգիները։
Մի՞թե մոխրի սափորն ամփոփող տարածքում մարդիկ չեն շարունակելու շքեղ գերեզմաններ կառուցել ու մեծ տարածքներ զբաղեցնել՝ հաշվի առնելով մեզանում ձևավորված կուռ ավանդույթը. հարցիս Իսկանդարյանն արձագանքում է․
«Այս հարցում մեզ հանրային աջակցություն է պետք։ Մենք փորձում ենք այդ հարցը հնարավորության սահմաններում լուծել, բայց տարեկան 1․8 հեկտար տարածք քաղաքամայր Երևանում գերեզման է դառնում»։
Տարածքների սղությամբ, ինչպես նաև որոշակի պահանջարկով հիմնավորելուց զատ, դիակիզարան ունենալու անհրաժեշտությունը Արման Իսկանդարյանը պայմանավորում է նաև մարդու ընտրության իրավունքով կամ էլ պարզապես՝ ընտրելու հնարավորությունը հարգելու սկզբունքով։
Հայ առաքելական եկեղեցին դեմ է դիակիզարանի գաղափարին։ Հիմնավորումը հստակ է՝ այն հակասում է Հայ եկեղեցու ավանդույթին ու աստվածաշնչյան արժեհամակարգին։ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի մեկնաբանմամբ՝ դիակիզման գաղափարը բախվում է նույն մարմնով հարություն առնելու՝ քրիստոնեական գաղափարախոսության սկզբունքին։
«Ընդհանրապես, շեշտադրումը հետևյալն է՝ մարդ պետք է ունենա ոչ միայն արժանապատիվ կյանք, այլև արժանապատիվ մահ։ Որքան գնահատելի է հոգին, նույնքան գնահատելի է մարմինը։ Անշուշտ, Սփյուռքում մենք փորձառություն ունենք, որտեղ մարդիկ ընտրում են դիակիզումը։ Նման դեպքերում տեղի է ունենում հոգեհանգստի կարգ, որից հետո է մարմինը տարվում դիակիզարան»։
Հոգևորականի մեկնաբանմամբ՝ սա հոգևոր խնամքի դրսևորում է հանգուցյալի և հատկապես նրա հարազատների հանդեպ, բայց Աստվածաշնչում մարդուն կրակի միջով անցկացնելը համեմատվում է մեղքի հետ, ընդ որում՝ այնպիսի մեղքի, որը միայն կրակով էր սրբագործվում։ Դիակիզմամբ խախտվում է աստվածաշնչյան՝ հող էիր, հող դարձիր սկզբունքը։
Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի խոսքով, եկեղեցին առաջնորդվում է իր աստվածաբանությամբ և բոլոր երևույթները, այդ թվում և դիակիզման խնդիրը մեկնաբանում ու ներկայացնում է հենց այդ աստվածաբանության լույսի ներքո։ Ընդունել դա, թե` ոչ, որոշողը մարդն է ու հանրությունը։
Հանրությունը ենթարկվում է հոգեբանական ցնցման, երբ իր առջև դրվում է մի բան, որին հոգեբանորեն պատրաստ չէ՝ հոգեբան Կարինե Նալչաջյանն է ասում։
«Խնդրի պրագմատիկ կողմը հասկանալի է, մենք բոլորս էլ տեսնում ենք, թե ինչ մասշտաբներ են ընդունում գերեզմանատները, բայց դա շատ փոքր հարց է, երբ դրա կողքին դնում ես մարդկանց՝ այդ երևույթին հոգեբանորեն պատրաստ լինել- չլինելու խնդիրը»։
Ըստ հոգեբանի, մեր ժողովուրդը պատրաստ չէ ընդունելու դիակիզման ավանդույթը, իսկ պարտադրելը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ։ «Եթե ինչ-ինչ խնդիրներ լուծելու անհրաժեշտությունից ելնելով դրանք, այնուամենայնիվ, պետք է լինեն, ապա պետք է գործեն միայն ու միայն կամավորության սկզբունքով»,- ասում է Նալչաջյանը։
Ամբողջությամբ՝ armradio.am