Բրեվիսի հետազոտական թիմն այս անգամ իր խոշորացույցի տակ է առել սոցիալական ցանցերի «բնակիչներին» և պարզել, թե որ հարթակներն են նախընտրում երևանցիները։
Ինչպես տեղեկացրին հետազոտական թիմից, հարցումը պարզել է, որ երևանաբնակների շրջանում բացարձակ առավելություն ունի Facebook-ը։ 2019 թ. հարցվողների 64․4%-ը նշել է, որ գրանցված է Facebook-ում։ Ընդ որում՝՝ վերջին 2 տարվա ընթացքում այդ թիվն ավելացել է 2․3%-ով։ Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Միացյալ Նահանգներում ֆեյսբուքյան օգտատերերը գնալով նվազում են (2017՝ 79%, 2019՝ 62%, աղբյուրը՝ Edison Research, The Social Habit 2019), հատկապես՝ 2019 թ. սկանդալներից հետո՝ կապված օգտատերերի անձնական տվյալների վաճառքի, ինչպես նաև պարբերաբար առաջացող տեխնիկական լուրջ խնդիրների հետ։
Հետաքրքիր է, որ Facebook սոցիալական ցանցում գրանցվածների քանակը 2017 թ. համեմատ 2019-ին աճել է մասնավորապես 31-ից բարձր տարիքային խմբում, մինչդեռ 16-30 տարեկանների շրջանում ցուցանիշը փոքր-ինչ նվազել է՝ 91.1%-ից դառնալով 90.3%:
Ուսումնասիրվել է նաև Facebook-ից օգտվելու հաճախականությունը։ 2019 թ. տվյալներով՝ օգտատերերի 78.6%-ը ամեն օր այցելում է Facebook, 13.4%-ը՝ շաբաթը մի քանի անգամ, 3.3%-ը՝ ամիսը մի քանի անգամ, 1.4%-ը՝ ավելի հազվադեպ, իսկ 3.3%-ը, չնայած գրանցված լինելուն, ընդհանրապես չի օգտագործում Facebook-ը։
Ինչպես երկիր մոլորակի բնակիչների զգալի մասը, երևանցիները ևս աստիճանաբար անցում են կատարում վիզուալ հաղորդակցման հարթակներին։ Բացառապես վիզուալ սոցիալական կայքերի առաջատար Instagram-ը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Երևանում, ունի աճի ամենաարագ տեմպը՝ 5․6% 2019թ․ 2017թ․ համեմատ։ Այս հարցում գերազանցել ենք անգամ Միացյալ Նահանգներին, որտեղ 2017-2019թթ․ գրանցվել է 2% աճ։
Twitter-ը շարունակում է պահպանել կայուն և ոչ հավակնոտ դիրքը։ Վերջին 6 տարիների ընթացքում գրանցված ամենամեծ աճը եղել է 2015 թ., երբ նախորդ տարվա համեմատ օգտատերերն ավելացել են 1․3%-ով՝ հասնելով 7.4%-ի։ Իսկ 2019 թ. թվիթերյան օգտատերերը կազմել են հարցվողների 5․8%-ը։ Նույն ցուցանիշն է գրանցվել նաև 2017 թ.։
LinkedIn-ը, որը դիրքավորվում է որպես մասնագիտական սոցիալական ցանց, գրանցել է օգտատերերի նվազում Երևանում։ 2019 թ. հարցվողների 4․8%-ն է նշել, որ LinkedIn-ի օգտատեր է, ինչը 1%-ով պակաս է 2017 թ. տվյալից։ ԱՄՆ-ում նույնպես օգտատերերի նվազման միտում է նկատվում։
Երևանցիների շրջանում աստիճանաբար դիրքերն են կորցնում ռուսական սոցիալական հարթակները։ Այսպես, Odnoklassniki սոցցանցի օգտատերերի թիվը 2017թ. համեմատ նվազել է 2․8%-ով՝ գրանցելով վերջին 6 տարիների ամենացածր ցուցանիշը՝ 20․8%։ 2017թ. համեմատ 1.5%-ով նվազել են vKontakte սոցցանցի օգտատերերը։