Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկման ենթակա տարածքներում վնասակար ազդեցության կանխարգելման նպատակով վերջին տարիներին ափամերձ տարածքներում կատարվում են ջրի տակ անցնող ծառերի, թփերի եւ բուսական այլ համակեցությունների մաքրման աշխատանքներ: Այս տարի դրանք մեկնարկեցին սեպտեմբերի 24-ից:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի վարիչ Սիրաս Օհանյանը, մաքրման աշխատանքներն իրականացվում են «Սեւան» Ազգային պարկի Վարդենիսի տեղամասում, Ծովակ համայնքի վարչական սահմաններում:
«Այս տարվա համար նախատեսված է 98 հա, որից 94-ը՝ ճահճացված, 4 հա էլ ջրածածկ տարածք է: Աշխատանքներն իրականացնում են անմիջապես ջրից մինչև 1901.5 նիշը, այսինքն, եթե ափից հեռանանք, որտեղ որ հասնում ա 1901.5 նիշը, մինչև այդ սահմանագծով է ամբողջովին մաքրվում, տարածքը ռեկուլտիվացիայի է ենթարկվում մինչ 1 մետր խորությամբ, այդ արմատային համակարգն ա հանվում»,- նշեց Սիրաս Օհանյանը:
«Հիմա էս տարածքները, որ մաքրվում ա, բարդիներ են, թուփ, եղեգ: Ավելի շատ էդտեղ արմատային համակարգեր կան, կոճղեր կան, որ նախկինում, տարիների ընթացքում կտրել են, մնացել ա ու ճահճացվել, փակվել, չի էլ երևում էդտեղ ինչ ա: Թվում ա, թե մենակ ճահիճ ա: Տարածք կա, որ ասում ենք ճահճացված ա, բայց ամբողջովին դրենաժային համակարգ են ստեղծել, առվակներ են բացում-փակում, ջուրը լցվում ա լիճ, մի քիչ ցամաքում ա, նոր սկսում են աշխատել, որովհետև ամբողջությամբ ջրածածկ տարածք, ա և վերևից դա չի երևում»,-ասաց Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանության բաժնի վարիչ Սիրաս Օհանյանը:
Ավելի մանրամասն՝ armradio.am