Մեր հասարակության որոշ հատվածը վստահ է, որ Հայաստանը կսկսի շարժվել դեպի լուսավոր ապագա, եթե իշխանության ղեկը բռնեն նոր սերնդի երիտասարդ ներկայացուցիչները։
Իբր ավագ սերունդը, որն ապրել ու աշխատել է խորհրդային ժամանակաշրջանում, հետո անկախ Հայաստանի «երեք հանցավոր ռեժիմների» օրոք, պետական սեփականությունը թալանելու, կաշառք տալ–վերցնելու, «ատկատների» և քրեորեն պատժելի այլ երևույթների հակվածություն ունի։
Կուզեինք հավատալ երիտասարդների ուժին, թեև կասկածներ ամեն դեպքում կան. ներեցե՛ք, բայց նոր սերունդը երկնքի՞ց է ընկել, թե՞ մենք նրանց Հայաստան ենք բերել Բուրկինա Ֆասոյից (եթե չգիտեք, «Բուրկինա Ֆասո» թարգմանաբար նշանակում է «ազնիվ մարդկանց երկիր»)։ Թե՞ զավակներն ու թոռներն են նրանց, ովքեր ապրել ու աշխատել են ԽՍՀՄ–ի և հայրենական «հանցավոր ռեժիմների» տարիներին… Այդ ընտանիքներում է մեծացել նոր սերունդը, օրինակ վերցրել ծնողներից։
Ամեն դեպքում, երիտասարդ փոխնախարար Գևորգ Լոռեցյանի կալանավորման մասին տեղեկությունն ինձ անկեղծ տխրեցրեց։
Նախ խնդիրներ առաջացան Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի մոտ, հետո կաշառք ստանալու համար մեղադրվեց առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը, իսկ հիմա` Լոռեցյանը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքում կարդում եմ նրա կենսագրությունը։ Իսկապես հեռանկարային կադր է։ Բակալավրիատն ավարտել է ԵՊՀ–ում, մագիստրատուրան` Ամերիկյան համալսարանում։ Հայերենից բացի, ազատ տիրապետում է ռուսերենի, անգլերենի և իսպաներենի։ Ու այսպիսի պատմություն…
Ո՞վ է մեղավոր տեղի ունեցածի համար։ Կարծում եմ` պետք է նախևառաջ պատասխան պահանջել նրանցից, ովքեր զբաղվում են ղեկավար պաշտոնների համար կադրեր ընտրելով։ Ենթադրենք` հեռանկարային կադր են գտել։ «Ընտրություն–նախապատրաստում–տեղաբաշխում» եռամիասնության մեջ դա դեռ առաջին քայլն է։
Համալսարանը նոր ավարտած երիտասարդը, որի աշխատանքային ստաժը մի քանի տարի է, այն էլ որպես սպորտային թղթակից (ուսմանը համատեղ), միանգամից նշանակվեց պետական գույքի կառավարման կոմիտեի փոխնախագահ։ Կարելի է ենթադրել` հեռանկարային կադրին ապագա պաշտոնների էին նախապատրաստում։
Եվ իսկապես, արդեն մի քանի ամսից, հավանաբար որոշելով, որ բավական է նա «տեղում դոփի», պատրաստի կադրին փոխնախարար նշանակեցին։ Հատկապես, որ այդ ժամանակ Լոռեցյանն արդեն բոլորել էր 24–ամյակը։ Հասկանում եմ, որ երիտասարդներին մեզ մոտ ճանապարհ են տալիս, բայց սա արդեն ոչ թե սովորական ճանապարհ է, այլ իսկական մայրուղի։ Թե այդ ամենից ինչ դուրս եկավ, բոլորին է հայտնի։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ չարաշահումներ հայտնաբերելու դեպքում իրագործողի «թաթիկները կտրելու են»։ Խնդրանք` երիտասարդին ձեռք չտալ։ Նա կալանավայրում դեռ շատ ժամանակ կունենա իր արարքի մասին խորհելու։ Իսկ ահա կադրեր նախապատրաստողներին պատժել կարելի է։ Չէ՞ որ նրանք ուշադրություն չեն դարձրել այն հանգամանքին, որ երիտասարդը բանակում չի ծառայել։ Եթե նա հիվանդ է, նախ պետք է բուժվեր։ Այլապես ստացվում է, որ բանակում նրան ոչ թե հրազեն, նույնիսկ բահ վստահել չի կարելի, իսկ այստեղ գրիչ են վստահել, որի մեկ հպումով նա հարյուրավոր մարդկանց ճակատագրերի և միլիոնների հետ է խաղում։
Մի ծանոթ ունեի, հայրը խորհրդային տարիներին խոշոր պետ էր։ Համալսարանում զինվորական ամբիոն չկար, նա էլ բանակ գնալ չէր ուզում. հայրն օգնեց խուսափել բանակից։ Բժիշկները, ջանալով գոհացնել հարգարժան մարդուն, այնպիսի ախտորոշում մոգոնեցին, որ կարգին աշխատանքի անցնելը գրեթե անհնար դարձավ։
Նրա խոսքով` կադրերի բաժնի ղեկավարը (անգամ «վերևներից» զանգ ստանալուց հետո) զինգրքույկը տնտղեց, սեղանից վերցրեց ջրով գրաֆինը և ասաց. «Նույնիսկ խորը հարգանք տածելով` մենք չենք կարող ձեզ աշխատանքի վերցնել։ Դատելով այն հոդվածից, որով ձեզ ազատել են բանակից` դուք, եթե նույնիսկ մոլագար չեք, ապա խելապակաս եք, և ձեր գործողությունների համար պատասխանատու չեք»։
Նա ի վերջո ընդունվեց աշխատանքի, բայց փայլուն կարիերա ունենալու համար պետք էր ԽՄԿԿ անդամ լինել։ Իսկ նման հիվանդներին կուսակցությունում չէին ընդունում։ Ու նրա կյանքն այդպես էլ չդասավորվեց։ Հայրը թոշակի անցավ, երկիրը փլուզվեց։ Նա տեղափոխվեց Ֆրանսիա և շուտով մահացավ սրտի կաթվածից։
Եթե վիճակագրություն լիներ (գուցե կա, պարզապես չեն բարձրաձայնում), որը ցույց կտար, թե Հայաստանի որ հատվածներում են ապրում բանակային տարիքի ամենաառողջ պատանիները, որում` ամենահիվանդները, ապա կարող եք չկասկածել` կպարզվեր, որ ամենաառողջներն ապրում են գյուղերում, և որքան ավելի աղքատ է գյուղը, այդքան ավելի առողջ են զորակոչիկները, իսկ ամենահիվանդներն ու թույլերը Երևանում են։ Ընդ որում` որքան կենտրոնին ու էլիտար նորակառույցներին մոտ, այդքան ավելի անմարտունակ։
Դրան բացատրություն ունե՞ք։ Ես ունեմ։ Պայմանական մի գյուղ վերցնենք, օրինակ` Նորատուսը, որտեղ երիտասարդն առավոտյան արթնանում է, նոր կթած տաք կաթ խմում, վրայից էլ էկոլոգիապես մաքուր տնական պանիր ու լավաշ ծամում, գառներին արոտի է տանում ու խոտ հնձում։ Գուցե երեկոյան էլ մի քանի կիլոմետր լողում է Սևանա լճում։ Այդ պատճառով էլ առողջ է։ Իսկ մայրաքաղաքում ապրող նրա հասակակիցը քարքարոտ ջունգլիներում է ապրում ու թունավոր օդ շնչում։ Համատարած հիպոդինամիա. միայն գուցե վերելակով իջնում է ստորգետնյա ավտոկայանատեղ, այնտեղից էլ մեքենայով գնում է ակումբ` փոքր–ինչ շարժվելու։ Ինչպե՞ս նման պայմաններում պահպանի առողջությունը։ Ահա և վատառողջ են. մե՛կ հարթաթություն, մե՛կ սիրտն «իրեն լավ չի պահում», մե՛կ սկոլիոզ։
Գրում եմ և սրբորեն հավատում գրածիս։ Իսկ դո՞ւք:
Իսկ եթե լուրջ, ապա խորհուրդ կտայի ազատ ժամանակ ընթերցել «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները»։ Կարող եք կարդալ կոնկրետ միայն «Սիմուլյանտ Շվեյկը» գլուխը, թե ինչպես էին այնտեղ բանակից խուսափում, և ինչպես ավարտվեց պատմությունը։ «Դուք` Շվեյկ, ամենևին էլ ապուշ չեք, դուք խորամանկ սատանա եք ու խաբեբա…»,– այս մեջբերումը հենց այդ գրքից է։
Եվ այսպես, եթե քննության ընթացքում պարզվի, որ Լոռեցյանին բանակ չեն կանչել, որովհետև, այսպես ասենք, նա տառապել է էլիտար նորակառույցների բնակիչներին բնորոշ հիվանդությամբ, ապա դա բոլորովին այլ պատմություն է։
Հիմա իսրայելական փորձը չեմ մեջբերի, որտեղ ոչ միայն բանակում չծառայած պատանիները, այլև աղջիկներն են մեխանիկորեն զրկվում պետական կարևոր պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունից։ Պետական կառույցներում նրանց նույնիսկ հավաքարար չեն վերցնում։ Երկաթյա փաստարկ. եթե վատառողջ ես, գնա՛, բուժվի՛ր, գիտությա՛մբ զբաղվիր, մասնավոր բիզնեսում աշխատի՛ր, իսկ պետությունն առողջ մարդիկ կղեկավարեն։
Հայաստանում նման օրենք ուզում էր ընդունել Վազգեն Սարգսյանը։ Չհասցրեց։
Սակայն սա մեդալի միայն մի կողմն է։ Հակառակը ոչ պակաս կարևոր է արդարության հաղթանակի համար։ Ժամանակն արագացնում է վազքը։ Ինչպես տեսնում ենք, 23 տարեկանում կարելի է փոխնախարար դառնալ, իսկ 28-ում` արդեն նախարար։ Նման դեպքերում երկու տարին շատ մեծ նշանակություն ու առավելություն ունի։ Քանի դեռ համակուրսեցիներդ ծառայում են առաջնագծում և 1-1.5 տարի հետո սերժանտի կամ ավագի կոչում ստանում, դու արդեն փոխնախարար ես։
Անցնող տարում ամենից շատ ինչի՞ մասին էին բարձրաձայնում բարձր ամբիոններից, ի՞նչ էին գրում ԶԼՄ–ները։ Ղարաբաղյան հակամարտության լուծում, տնտեսության խնդիրներ, նախկին իշխանությունների կոռուպցիա, նույնիսկ ֆուտբոլ։ Մի քիչ էլ` կադրային խնդիրներ։ Այն դեպքում, երբ կադրերն ամեն ինչ են որոշում և՛ քաղաքականության, և՛ տնտեսության մեջ, և՛ նույնիսկ ֆուտբոլում։
9:1 ամոթալի հաշվով պարտությունը դրա վառ վկայությունն է։ Եվ եթե ֆուտբոլային պարտությունը կարելի է տանելի համարել (շուտով նոր ընտրություններ են), ապա քաղաքականության, տնտեսության մեջ, ռազմաճակատում մեզ ոչ ոք նոր շանս չի տա։
Վարդան Ալոյան