ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական, ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցեցին ընթացող շինարարական աշխատանքների, ծառայության ընթացքում առաջացած հարցերի և առկա խնդիրների վերաբերյալ:
Վրեժ Գաբրիելյանը Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերին հանձնարարեց կազմակերպել ամանորյա հերթափոխի իրականացման, ինչպես նաև` Ամանորի միջոցառումների հետ կապված բնակչության անվտանգության ապահովման լրացուցիչ աշխատանքները: Հանձնարարվեց նաև ստեղծել երկրորդային պահեստային հերթափոխ խումբ, որը անհրաժեշտության դեպքում կիրականացնի արագ արձագանքում:
Եղանակային պայմանների հետ կապված, ըստ անհրաժեշտության, ՀՀ որոշ մարզերում կարող են ծավալվել ժամանակավոր հենակետեր: Թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետին և մարզային կառույցների ղեկավարներին Վրեժ Գաբրիելյանը հանձնարարեց ստուգել և համալրել հենակետերը անհրաժեշտ գույքով և ապրանքներով:
Փրկարար ծառայության տնօրենը ևս մեկ անգամ շեշտեց, որ հրդեհի ահազանգը ստանալուն պես օպերատիվ հերթափոխի պատասխանատունները պետք է ճշտեն հրդեհի օջախի մոտակայքում առկա ջրային ռեսուրսների մասին տեղեկատվությունը` հրդեհաշիջման աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով:
ԱԻՆ ՃԿԱԿ Հոգեբանական աջակցության բաժնի պետ Ա. Երիցյանը զեկուցեց, որ դեկտեմբերի 12-ին ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակում «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում կայացել է ԱՌՆԱՊ հիմնադրամի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համատեղ նախաձեռնությամբ մշակված «Էքստրեմալ հոգեբանական օգնության ճանապարհային քարտեզ» ուղեցույցի և «Առաջին հոգեբանական օգնության տրամադրումն արտակարգ իրավիճակներում» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը, որին մասնակցել են նաև ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանները։ Հոգեբանական աջակցության բաժնին տրամադրվել է 100 օրինակ ուղեցույց: Ուղեցույցը նախատեսված է արագ արձագանքմանը մասնակացող ծառայողների` փրկարարների, բուժաշխատողների համար, ինչպես նաև նրանց` ովքեր առաջինն են հայտնվել դեպքի վայրում և կարող են հոգեբանական աջակցություն տրամադրել տուժածներին: Փրկարար ծառայության տնօրենը հանձնարարեց կազմակերպել ուղեցույցների բաշխումը ըստ նշանակության:
Բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց վերանայել ամբողջ փաստաթղթային շրջանառությունը և ավարտին հասցնել մինչև տարվա վերջ»,- նշված է հաղորդագրության մեջ: