Ամանորյա օրերին ոչ բոլորն են հանգստանում․ Ի՞նչ կանչեր են գրանցվում «Աստղիկ» ԲԿ-ի «Շտապ օգնության» ծառայությունում
Advertisement 1000 x 90

Ամանորյա օրերին ոչ բոլորն են հանգստանում․ Ի՞նչ կանչեր են գրանցվում «Աստղիկ» ԲԿ-ի «Շտապ օգնության» ծառայությունում

Ամանորյա տոնական օրերին ոչ բոլորն են հանգստանում․ «Աստղիկ» ԲԿ-ի «Շտապ օգնության» աշխատակիցների համար այդ օրերն ավելի քան աշխատանքային են։

Կանչերը բազմաթիվ են՝ սկսած սննդային, ալկոհոլային թունավորումներից մինչև ալկոհոլի չարաշահման հետևանքով տեղի ունեցած ավտովթարները։

Տոնական օրերին կատարվող աշխատանքի, ստացվող կանչերի մասին է պատմում «Աստղիկ» ԲԿ-ի Անհետաձգելի բուժօգնության և շտապօգնության ծառայության ղեկավար Մանուկ Յազչյանը։

«Այդ օրերին մեր շտապ օգնության կանչերը ավելի շատ են ալկոհոլային, սննդային  թունավորումներով պացիենտների կողմից, ինչպես նաև ավտովթարներից տուժածների կողմից։ Հիպերտոնիկ հիվանդները նույնպես դիմում են․․․ նրանք պետք է ուշադիր լինեն, օգտագործեն իրենց դեղորայքը, դիմեն իրենց տեղամասային պոլիկլինիկաներ, խուսափեն իրենց համար վնասակար սնունդներից։ Լինում են կանչեր խրոնիկ հիվանդերի կողմից, բայց մենք կարող է ունենանք ավելի լուրջ խնդիրներով կանչ, ու դրանք մեզ խոչընդոտեն հասանելի լինել ու սպասարկել այդ լուրջ դեպքերը»։

Իսկ ի՞նչ կարելի է անել՝ մինչև Շտապ օգնությանը դիմելը։ Մասնագետը այս հարցում նույնպես որոշ խորհուրդներ է տալիս։

«Եթե արդեն իսկ կա թունավորում, ցանկալի է հնարավորինս արագ խմել հեղուկներ և փորձել արհեստական փսխում առաջացնել, փորձել մաքրել ստամոքսի պարունակությունը։ Պետք է հաշվի առնել, թե քանի ժամ է անցել սննդի ընդունումից հետո, և արդյո՞ք պետք է մաքրել ստամոքսը։ Սննդի ընդունումից արդեն մի քանի ժամ հետո այն անցնում է աղիներ․․․»

Ամանորյա օրերին Շտապ օգնությունը նաև հաճախ է սպասարկում տոնական պայթուցիկների սխալ օգտագործման հետևանքով վնասվածքներ ստացած անձանց։

«Արդեն 12։05 չդարձած՝ չկա մի այդպիսի տարի, որ Անհետաձգելի բուժօգնության բաժանմունում չսպասարկենք այդ պացիենտներին՝ ձեռքի, դեմքի վնասվածքներով․․․ Հիմնականում դրանք երեխաներ են․․․ Պետք է ուշադիր լինել՝ խուսափելու նման վնասվածքներից»։

Մասնագետը հորդորում է զգուշություն ցուցաբերել՝ հատկապես, եթե տանը փոքր երեխա կա։

«Մեկ-մեկ ծնողները մոռանում են երեխաների մասին ու հյուրերով են զբաղված լինում, երեխան տոնածառը, կամ սեղանից ինչ-որ բան գցում է իր վրա ու ստանում վնասվածք», – ասաց մասնագետը։

Հարցին, արդյո՞ք տարեցտարի դեպքերի նվազման միտում նկատվում է, թե ոչ՝ հաշվի առնելով մասնագետների հորդորները, Մանուկ Յազչյանը նշեց, որ գուցե փոքր նվազում կա, բայց այնուամենայնիվ, յուրաքանչյուր տարի նույն խնդիրներով կանչեր են սպասարկում։

med.news.am