Չեմ ուզում անդրադառնալ «ցուրտ ու մութ տարիներ» արտահայտության տարատեսակ շահարկումների քաղաքական, հայրենասիրական, բարոյական և այլևայլ մյուս կողմերին՝ անկեղծն ասած, մեծամտություն չթվա, բայց արժանապատվությունիցս ցածր եմ համարում դրանց անդրադառնալը։
Մի տեսակ անհարմար էլ ես զգում արտաքուստ լուրջ թվացող, կամ գոնե ջանաբար այդպիսիք ձևացող մարդկանց բացատրել, թե ի՛նչ է պատերազմը, ի՛նչ է շրջափակումը, որ այն, ինչ նրանք դպրոցում կարդացել էին, օրինակ, Լենինգրադի բլոկադայի մասին (հիմա, ճիշտ է, ակնհայտ է դառնում, որ այդ «լուրջ» մարդկանց հիմնական մասը չի էլ կարդացել, այն պարզ պատճառով, որ չի էլ սովորել, իսկ ով կարդացել է, աշխատում է ցույց չտալ), դրա նման մի բան էլ մեր երկրում էր, և այդ ժամանակ դժվար է լինում, սով է լինում, ցուրտ է լինում, մարդկային ոգու բարձրագույն և հերոսական արտահայտումների հետ մեկտեղ նաև մարդ արարածի ստորին բնազդների նողկալի դրսևորումներն էլ քանակապես աճում են՝ դե, ո՞նց բացատրես՝ հայտնվում ես մի աննորմալ վիճակում՝ սկսում բացատրել այնպիսի բաներ, որոնք յուրաքանչյուր նորմալ մարդու համար ոչ միայն Հայաստանում, այլ ամենուր, բացատրությունների կարիք չունեն։
Առհասարակ, այդպիսի բնորոշումները մինչև հիմա լսել եմ երկու խումբ մարդկանցից.
(ա) նրանցից, ովքեր ֆետիշացնում էին (և ե՛ն) «սովետական պայծառ անցյալը» և այդ անցյալից եկող ավանդույթին համապատասխան անխնա ծառ կտրում այդ տարիներին, լույսի «ձախ» գծեր անցկացնում, իրապես կարիքավորներից միջազգային օգնության ծրագրերով տրվող նավթը, սննդամթերքը, ջեռուցման վառարանները գողանում,
(բ) նրանցից, ովքեր այսօր շահարկում են պատերազմի մեջ հայտնված և դեռ ոտքի չկանգնած երկրի քաղաքացիների զրկանքները՝ արդարացնելու համար իրենց սանձարձակ ագահությունը, ընչաքաղցությունը և խաղաղ պայմաններում երկիրը զարգացնելու ունակության կամ՝ որն ավելի զարհուրելի է, անգամ ցանկության բացակայությունը։ Ընդ որում, թե՛ առաջին, թե՛ երկրորդ խումբը փոխլրացնում են միմյանց՝ մեկը մյուսի հենարանը և՝ հակառակը «տանիքը» և «մեջքը» հանդիսանալով։ Այսքանով սրանց մասին, ում պատկերացնումները լույսի և ջերմության մասին սահմանափակվում են իրենց անճաշակ օբյեկտների և նույնքան անճաշակ առանձնատների կամ «հյուսիսային» բնակարանների պլպլան «լուստրաներով» և «բաքսիներով»։
Նրանց հետ ամեն ինչ պարզ է։ Ինձ հետաքրքրում է մեկ այլ բան՝ այսքանից հետո ես ուզում եմ հասկանալ, ես, հենց ես. ինչու՞ անձամբ ես՝ ի տարբերություն վերը հիշատակվածների, այդ տարիներին որևէ նյութական բարիք չստեղծած, այդ նույն նավթի ու հացի հերթերում ժամեր անցկացրած (ի դեպ, փորձելով նաև կանխել վերը հիշատակածների ապօրինությունները, ինչպես հիմա փորձում էի անել ընտրատեղամասերում), ձախ գիծ չունեցած և ծառ չկտրած հազարավոր մարդկանցից մեկը, ինչու՞ լեզուս շուռ չի գալիս այդ տարիները «ցուրտ ու մութ» անվանել։ Եվ հակառակը՝ հիշում եմ դրանք ջերմությամբ ու լույսով։ Գուցե որովհետև այն ժամանակ հոգիս այդքա՞ն չէր տառապում խավարից ու սառնությունից, ինչպես հիմա։ Գուցե որովհետև կատարածս յուրաքանչյուր քայլը ինչ-որ իմաստ ուներ, իսկ ամենափոքրիկ ձեռքբերումն էլ առանձնահատու՞կ մի նշանակություն էր ստանում։
Հիշում եմ, ինչպես էինք քննություն ընդունում ուսանողներից հունվարյան քննաշրջանի ժամանակ՝ ցուրտ լսարանում, երբ գրիչները հրաժարվում էին գրել, ձեռնոցներով գրելն էլ (այն էլ արաբերեն) վերծվում էր մի տանջանքի, բայց գրում էին, մենք էլ ստուգում էինք, մենք մեր գործն էինք անում, որքան կարող էինք, որովհետև գիտեինք, որ եթե չանենք, ամեն ինչ կկորցնենք։
Հիշում եմ 1992-ի այն օրը, երբ նորաստեղծ մեր ամբիոնի պատասխանատվությունը ուսերիս դրվեց։ Օրվա վերջ էր՝ նոյեմբերի ամենավերջին օրերից մեկի։ Միջանցքներում մարդ չկար՝ միայն սառը քամին, ջարդված պատուհաններից ներթափանցելով, կիսաջարդված հատակով («ցուրտ ու մութ» տարինե՞րն են «մեղավոր», որ մինչև օրս դրանք նույն վիճակում են) քշում էր ինչ-որ թղթեր, հին մատյաններից թերթեր և անտեր դարձած գործավարական տարբեր փաստաթղթերի պատառիկներ։
Բացեցի սենյակը, որը հատկացրել էին բուֆետը վերացնելուց հետո (դա ինքը բուֆետն էլ չէր, այլ բուֆետպանի՝ կամ կարճ ասած, բուֆետչիկի հատվածը՝ պատից դեռ մնացել էր կախված կլոր անճոռնի ջրատաքացուցիչը, որից ցցված էին կտրտված խողովակների ծայրերը), նստեցի միակ աթոռին ու սկսեցի մտածել, ինչ անել։ Թողնել այս ամենը ու գնալ, ինչպես շատերն էին արել, կնշանակեր փակել դուռը, ընդհատել ավանդույթը և վերջնականապես վերացնել ամեն մի հույս վաղը համալսարնում ունենալու այն, ինչն, ավա՜ղ, բայց դարձյալ ոչ «ցրտի ու մթի», այլ հենց դրանք այսօր շահարկողների ջանքերով, այդպես էլ չունենք։ Ու մնացի, ու հույսիս լույսն ու ջերմությունը պահպանվում և ամրապնդվում էր այն մարդկանցով, ովքեր ինձ հետ կիսում էին այդ լույսն ու ջերմությունը, նրանք այսօր էլ կան, բայց արի ու տես, որ այս տոթ ու պսպղուն տարիներին ավելի մտահոգ և հոգնած են նրանց դեմքերը, չեն փայլում հույսով աչքերը, որովհետև հենց այս ժամանակներում է մարել այդ հույսը, որովհետև «ցուրտ ու մութ» տարիների շնորհիվ ստեղծված բոլորովին այլ՝ ավելի լայն հնարավորությունները ոչ միայն չեն օգտագործվում, այլ հակառակը՝ ամեն հնարավոր արգելք է դրվում դրանք օգտագործելու համար։ Սոց.հարցում անցկացնել պետք չէ, պետք է պարզապես նայել մարդկանց աչքերին ու լսել մարդկանց։ Սոց.հարցումները և դրանց “վարպետները” պետք են գալիս, երբ պետք է փակել մարդկանց աչքերն ու ականջները։
Ի՞նչն է փոխվել ուրեմն։ Երկու բան ընդամենը՝ 1-ին. այն նեղ հնարավորությունների պայմաններում արվում էր առավելագույնը, ինչ հնարավոր էր, իսկ երբեմն նույնիսկ ավելին, 2-րդ (և գլխավորը). կար այդ հնարավորություններն օգտագործելու բավարար ազատություն։ Սա է թերևս բոլոր տարբերությունների հիմքը։
Կային որոշակի հնարավորություններ և կար այդ հնարավորությունները օգտագործելու քիչ թե շատ բավարար ազատություն (նրան, ով կուզի առարկել, թե այդ ազատությունը նաև հանուն անձնական շահի էր օգտագործվում, խնդրում եմ նայել այս գրառման սկզբնամասում պատերազմական տարիների մասին բնորոշումը)։ Իսկ հիմա կան անհամեմատ ավելի լայն հնարավորություններ, բայց բացարձակապես չկա ազատություն դրանց շրջանակներում իրագործել զարգացմանը միտված որևէ մտահղացում։ Շրջափակում, բայց արդեն ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր-հոգևոր՝ ոչ թե ֆիզիկական տեղաշարժի, այլ մտքի ու հոգու շարժման։ Թե որն է ավելի վտանգավոր, թե որն է ավելի կործանարար, համոզված, եմ՝ բացատրությունների կարիք չունի։ Բանաձևը պարզ է. կա՛ ազատություն՝ առաջ կշարժվես, չկա՛ ՝ զարգացմանդ մեջ կանգ ես առնելու, լավագույն դեպքում գոյատևելով բարվոք մի վանդակում։
Կասեք հիմա՝ արևմտյան արժեքների քարո՞զ։ Պատասխանեմ տողով մի բանաստեղծությունից, որն անգիր գիտեն արաբագետների տասնյակ սերունդներ. “حريتي لا تُشترى بالذهب”` Ազատությունս ոսկով չի գնվում։ Էդ էլ հո արևելյա՞ն է։
Չնայած «մերոնց» շատ չկա՝ դատախազության արաբական բաժնում նեյրոլինգվիստիկ անալիզ կանեն ու կբացահայտեն, որ ամերիկյան գործակալի ստեղծագործություն է։ Ինչ ասես չես տեսնի, երբ նեղ միտքը լայն հնարավորությունների և ազատությունների մենաշնորհ ունի, և կլանա-օլիգարխիկ համակարգը մտքի ու կարծիք արտահայտելու ոլորտում է հաստատվում՝ ոչ թե այն պատճառով, որ նրանց առանձնապես հետաքրքրում է միտքը և գաղափարը, այլ որ միտքն ու գաղափարը հանկարծ, ազատություն ստանալով, չքշեն-տանեն իրենց՝ իրենց պլպլան ու տաքուկ օբյեկտներով հանդերձ։
Եվ վերջապես գտա, թե ինչու հնարավոր չէ «ցուրտ ու մութ տարիները» շահարկող մարդկանց որևէ բան բացատրել. ախր, էշն ի՞նչ գիտի լույսն ինչ է…
Երկու իրադարձություն որպես հետգրություն՝ առանց մեկնաբանության.
1994-ին համալսարանի գիտական խորհրդի նիստերից մեկին ելույթ ունեցավ ՀՀ Նախագահը։ Դահլիճում ասեղ գցելու տեղ չկար, մարդիկ կանգնած էին նաև միջանցքներում՝ բաց դռներից հետևելով նիստի ընթացքին։ Իսկ ընթացքը բուռն էր՝ դասախոսները տեղից ձայն էին խնդրում, հարցեր տալիս, ելույթներ ունենում՝ շատ սուր, էմոցիոնալ, երբեմն նաև, ինչպես հաճախ պատահում է նման դեպքերում, քաղաքավարության սահմաններն անցնելով։ Նախագահը մասնակցում էր բանավեճին և ամենայն լրջությամբ պատասխանում բոլոր հարցերին, անգամ, ինչպես հաճախ պատահում է նման դեպքերում, ամենազավեշտական, հանգիստ և հարգալից արձագանքում անգամ ամենաորոտընդոստ ելույթներին։ Ավարտից հետո, նա դասախոսների հետ միջանցքում էլ շարունակելով խոսել, մեկնեց։
2007-ին, խորհրդարանական ընտրություններին նախորդող մի օր, համալսարանի գիտական խորհրդի նիստերից մեկին ելույթ ունեցավ ՀՀ Նախագահը։ Դահլիճ կարելի էր մտնել միայն անձնագրերով, նախապես հաստատված ցուցակի համաձայն՝ անցնելով անվտանգության մի քանի գոտի։ Դահլիճում ազատ կարելի էր տեղավորվել, դռները պինդ փակ էին։ Ընթացքը հանդարտ էր՝ դասախոսները և ուսանողները նախապես պատրաստված հարցերով մոտենում էին խոսափողին և վերարտադրում էին դրանք։ Նախագահը չէր մասնակցում բանավեճին՝ վերջինիս ի սպառ բացակայության պատճառով։ Հարցերին պատասխանում էր տարօրինակ ժպիտով։ Ավարտից հետո համալսարանի ղեկավարության ուղեկցությամբ անցավ ետևի սենյակ, որտեղ, վերականգնված ավանդույթին համաձայն, արդեն հյուրասիրություն էր նախապատրաստված։
Դատեք ինքներդ։
Չորեքշաբթի ցերեկով, Սամվել Կարաբեկյան