ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել են «Բարի մամա» հասարակական կազմակերպության «Բարի տնակ» ներառական կենտրոն։ Այս մասին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախարարը ծանոթացել է կենտրոնում իրականացվող աշխատանքներին, ընթացիկ ծրագրերին, քննարկել համագործակցության հեռանկարները։
«Բարի մամա» ՀԿ հիմնադիր նախագահ Մարինա Ադուլյանը ներկայացրել է կենտրոնի արձանագրած հաջողությունները՝ կարևորելով առողջական խնդիրներ և հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը, ինչպես նաև լքված երեխաների և կենսաբանական ծնողների վերամիավորմանը նպաստելու՝ կենտրոնի առաքելությունը։
Զարուհի Բաթոյանը կարևորել է առողջական խնդիրների և հաշմանդամության պատճառով մանկալքության կանխարգելման վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության և «Բարի մամա» ՀԿ միջև կնքված հուշագրի շրջանակներում մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքը և առանձնացրել դրանցից մի քանիսը.
«Այս մեկ տարվա ընթացքում մշակվել է առողջական խնդրով երեխա սպասող ռիսկային խմբի հղիների հետ աշխատելու մեխանիզմ, ստեղծվել է մանկալքության գծով թեժ գիծ` հատուկ հղիների և այն ընտանիքների համար, որոնք ունեն հոգեբանական աջակցության կարիք: Երևանում, Շիրակի, Արմավիրի և Կոտայքի մարզերում կազմակերպվել են մի քանի միջոցառումներ և իրականացվել է քարոզարշավ՝ հաշմանդամության վերաբերյալ կարծրատիպերը կոտրելու նպատակով, վերապատրաստվել և համալրվել է «Բարի մամա» ՀԿ արագ արձագանքման խումբը: Բացի այդ, ստեղծվել է առողջական խնդիր կամ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների փոխաջակցման ցանց, մշակվել է «Բարի տնակ» ներառական կենտրոն-ապաստարանի, ծննդատների և հիվանդանոցների, ինչպես նաև այլ ՀԿ-ների և հաստատությունների փոխաջակցման մեխանիզմ, մշակվել է հաշմանդամությամբ ծնված երեխաների մայրերի 1-2 շաբաթ տևողությամբ հոգեբանական աջակցության ծրագիր, կազմակերպվել են աշխատաժողովներ՝ մանկալքության խնդիրները և հիմնական պատճառները հասկանալու և երևույթը կանխելու նպատակով և այլն»,- ասել է նախարարը և տեղեկացրել, որ առաջիկա ամիսներին մանկալքության կանխարգելման և ծնողներին երեխայի առողջական խնդիրների մասին տեղեկացնելու նրբությունների թեմայով վերապատրաստվելու են Երևանի, Շիրակի, Արմավիրի և Կոտայքի մարզերի բուժհաստատությունների անձնակազմերը:
Նախարարը ուրախությամբ նշել է, որ այս նպատակներից մի քանիսը իրականություն դարձնելու համար նախաձեռնությանը միացել է նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը:
Նշենք, որ «Բարի տնակը» գործում է որպես թերապիաների կենտրոն և ապաստարան՝ առողջական խնդիրներ և հաշմանդամություն ունեցող երեխաների և մայրերի համար։