Ծննդատների խոշորացումից 2-3 տարի հետո մայրական ու մանկական մահացությունների թիվը նվազելու է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Առողջապահության ազգային ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, գիտությունների դոկտոր, մանկաբարձ–գինեկոլոգ Էդուարդ Համբարձումյանը։
Արդեն հայտնել էինք, որ Առողջապահության նախարարությունը փոփոխություններ է նախատեսել ծննդատների աշխատանքներում. տարեկան 150–ից պակաս ծնունդ ընդունող ծննդատները կփակվեն։ Փակվող մի շարք ծննդատների (Մարալիկի, Եղվարդի) աշխատակիցներն այս օրերին բողոքի ակցիաներ էին անում։
«Ոչ թե ծննդատներն են արժանի փակման գնալու, կամ էլ բժիշկները` անգործ մնալու, այլ մեր ապագա մայրերն ու երեխաներն արժանի են բազմապրոֆիլային ծննդատներում բուժվելու։ Պետք է կարողանանք հասնել մայրական ու մանկական մահացությունների նվազման»,–ասաց Համբարձումյանը։
Նրա խոսքով` ամբողջ աշխարհում խնդիր է դրված, որ ծննդաբերության ժամանակ տեղի ունեցող բացառիկ դեպքերում նույն հիվանդանոցում բուժօգնություն ստանան թե՛ ծննդկանը, թե՛ նորածինը։
Ծննդատներում, որտեղ 2-3 օրը մեկ է ծնունդ լինում և մասնագետների պակաս կա, ըստ Համբարձումյանի` մտածում են, որ արտակարգ դեպքերի ժամանակ հիվանդին կհասցնեն մեկ այլ հիվանդանոց տեղափոխել։ Սակայն մահվան դեպքերի մեծ մասը հենց այսպիսի իրավիճակներում է գրանցվում, քանի որ իրականում չեն հասցնում ծննդկանին մեկ այլ հիվանդանոց տեղափոխել, ու միաժամանակ նրա կամ երեխայի կյանքը փրկել։
«Մի հիվանդանոցից մյուսը տեղափոխելու մտածելակերպը պետք է վերանա։ Այս փոփոխություններին 40 տարի առաջ պետք է գնայինք։ Անհրաժեշտ է համաշխարհային փորձին հետևել, ըստ որի` ծննդատները պիտի բազմապրոֆիլ լինեն` տեխնիկապես ու մասնագետներով հագեցված»,–ասաց Համբարձումյանը։
Ինչ վերաբերում է Առողջապահության նախարարության` ծննդատների առջև դրած` տարեկան նվազագույնը 150 ծնունդ ընդունելու պայմանին, մասնագետը նշեց, որ եթե մանկաբարձ–գինեկոլոգը տարին ընդամենը 40-50 ծնունդ է ընդունում, աստիճանաբար կորցնում է իր մասնագիտական որակները։
Համբարձումյանը նշում է` ծննդատների խոշորացումն ամենաօպտիմալ ճանապարհն է, որով կարող են մահվան դեպքերի կրճատման հասնել. ոչ ոք չի ուզում ծննդաբերել այնտեղ, որտեղ մահացության դեպքերը շատ են։
Ուշագրավ է այն հանգամանքը, որ Համբարձումյանն ինքն էլ աշխատել է Ծաղկահովիտի ծննդատանը, որը նույնպես փակվող ծննդատների ցանկում է։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am