Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ չի կարողանում «յոլա գնալ» մամուլի հետ։ Նախկին լրագրող ու խմբագիր վարչապետը, որը երկիրը կառավարում է ավելի շատ հենց խմբագրի դիրքերից, օր-օրի ավելի անհանդուրժող է դառնում մամուլի հանդեպ։ Նա չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ Հայաստանում իր իշխանության օրոք կարող են լինել լրատվամիջոցներ, որոնք կհամարձակվեն քննադատել իրեն։ Բառացիորեն մամուլի միջոցով իշխանության եկած Փաշինյանը կարծես վախ ունի այդ նույն մամուլից, որը տարիներ շարունակ իր ելույթներն էր սղագրում եւ առցանց ռեժիմով մատուցում հանրությանը՝ հասարակության մեջ ատելություն սերմանելով օրվա իշխանությունների հանդեպ։
Ամենայն հավանականությամբ, այսօր վարչապետի աթոռին հայտնված Նիկոլ Փաշինյանը վախենում է, որ այդ նույն մամուլի շնորհիվ կարող է հասարակությունն սկսել հիմա էլ իրեն ատել ու մերժել։ Այն, որ նախկին իշխանություններն այսօր տիրապետում են հսկայական մեդիառեսուրսի, դա անվիճելի է, բայց այն, որ այդ նույն մեդիառեսուրսը նախկինում ծառայում էր իրեն, երբ ընդդիմադիր էր, դա էլ է անհերքելի։ Եվ հիմա նրա բացասական վերաբերմունքը, դժգոհությունները մամուլից առնվազն տարօրինակ են ու մերժելի։ Եթե այսօր լրատվամիջոցները 24-ժամյա ռեժիմով առցանց ցուցադրում են բողոքի ակցիաներն ընդդեմ կառավարության, քննադատում են իրենց, ներսից ինֆորմացիաներ իմանում եւ հրապարակում, որն իշխանությունների սրտով չէ, ապա նույնը տարիներ շարունակ անում էին ինքը՝ իր թերթով, եւ շատ այլ լրատվամիջոցներ։ Ուստի հիմա պետք չէ զարմանալ, որ իրեն էլ լրատվամիջոցները նայում են որպես իշխանության, եւ ոչ բոլորն են կուրացած իր գովքն անում։
Դրա համար էլ նա ամեն օր մի նոր խնդիր է հարուցում լրատվամիջոցների համար՝ դրանով փորձելով վրեժ լուծել նրանցից։ Մամուլի եւ խոսքի ազատության մասին անվերջ ճառող Փաշինյանը, որը պարբերաբար ասուլիսներ է տալիս, սկսել է արհեստական խոչընդոտներ ստեղծել լրագրողների համար։ Դրա վառ օրինակը շաբաթ օրը Կապանում հրավիրված մամուլի ասուլիսն էր։ Կառավարությունը որոշել էր չհոգալ լրագրողների տեղափոխման եւ կեցության ծախսերը՝ դա համարելով ավելորդ ծախս բյուջեից։ Թողել էին, որ լրագրողներն ամեն մեկն իր գլխի ճարը տեսնի։ Եվ երբ այդ մասին հարց հնչեց ասուլիսի ժամանակ, Փաշինյանն այսպիսի պատասխան տվեց․ «Որովհետեւ դուք մեզ անընդհատ մեղադրում եք պետական միջոցներն աննպատակ վատնելու մեջ, այդ պատճառով մենք այդ ծախսերն իրականացնելու ենք ավելի նպատակային ձեւով»։ Ապա ավելացրեց, որ որոշ ԶԼՄ–ներ բավականաչափ ֆինանսավորում են ստանում (նկատի ունի` նախկին իշխանություններից), թող ծախսեն 5 հազար դրամ ավելի, գան վարչապետի մամուլի ասուլիսին։ «Ինչո՞ւ պետք է պետական բյուջեից վճարվի դրա համար»,- հարց հնչեցրեց վարչապետը։ Նա նաեւ խոստացավ քննարկել օտարերկրյա այցերին լրագրողներին բյուջեի հաշվին տանելու հարցը։ Ի դեպ, լրագրողների հանդեպ ատելության դրսեւորումներից էր նաեւ այն, որ ասուլիսի ընթացքում իր համար անցանկալի լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին Փաշինյանը պատասխանում էր ակնհայտ հեգնանքով, զայրույթով ու վիրավորական տոնայնությամբ։
Եվ, իսկապես, ինչո՞ւ պետք է մամուլի միջոցով իշխանության եկած հեղափոխական կառավարությունն այդ մամուլի ներկայացուցիչների համար մեկ լումա անգամ ծախսի։ Փոխարենը կարող են այդ գումարով պորտաբույծ պատգամավորներ ու տարբեր կալիբրի չինովնիկներ պահել, որոնք ոչինչ չանելով՝ միլիոնների աշխատավարձեր ու անօրինական պարգեւավճարներ են ստանում։ Կարող են այդ գումարով Վահե Գրիգորյան անունով Սահմանադրական դատարանի դատավոր պահել, որն ամիսներով աշխատանքի չի գնում, բայց աշխատավարձ է ստանում։ Կարող են այդ գումարով վարչապետի կառավարական առանձնատունը նորոգել՝ ծախսելով մոտ մեկ միլիոն դոլար՝ միանգամայն բարեկարգ տան ինտերիերը փոխելու համար։ Կարող են վարչապետի ու նրա ընտանիքի անդամների համար շքեղ ծառայողական մեքենաներ գնել, թանկարժեք վոյաժներ կազմակերպել ուղղաթիռով ու բիզնես-դասի շքեղ օդանավերով։ Ցանկը կարելի է անվերջ շարունակել։
Իսկ լրագրողների համար մի քանի հազար դրամ ծախսել ու նրանց այն վայրը տանել-հասցնել, որն ինքը չգիտես ինչ սկզբունքով է ընտրել՝ ասուլիս տալու համար, հաստատ չարժե։
Ինչո՞ւ, որովհետեւ այդ լրատվամիջոցների մեջ կան այնպիսիք, որոնք, ըստ վարչապետի, պատկանում են նախկին «կոռումպացված ռեժիմի» ներկայացուցիչներին, ուստի ինչո՞ւ պիտի կառավարությունը փող հատկացնի մի լրատվամիջոցի համար, որը գալու է իրեն քննադատի կամ տհաճ հարցեր տա։ Սա դասական «աբիժնիկություն» է պետության ղեկավարի կողմից, ոչ ավելին։
Ի դեպ, երբ Նիկոլ Փաշինյանին հիշեցրինք, որ Վանաձորում կայացած ասուլիսին կառավարությունը լրագրողներին ապահովել էր տրանսպորտով, Փաշինյանը հայտարարեց, որ փոշմանել է, եւ որ պետք չէր դա անել։
Փաստորեն, վարչապետը չի թաքցնում, որ այլեւս բարիկադների հակառակ կողմում են լրագրողներն ու իշխանությունը։ Երբ մենք աջակցում էինք իրենց՝ երբ ընդդիմություն էին, լավն էինք, երբ քննադատում ենք՝ երբ իշխանություն են, վատն ենք, եւ պետք է մեր դեմ պայքարել։ Կապանյան ասուլիսի ողջ ընթացքում միայն մեկ դրվագ էր, որ հաճելիորեն դուր եկավ մեզ․ Նիկոլ Փաշինյանը սաստեց իր աշխատակիցներին, որոնք փորձում էին սահմանափակել մեր հարցերը եւ հայտարարեց, որ որքան հարց ուզենք, կարող ենք տալ։ Սա էլ, իհարկե, շատ խոսելու, հանրության հետ անընդհատ խոսելու իր ցանկության մասին է վկայում։