Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, մասնավորապես աշխատանքային միգրանտները Ռուսաստանում գտնվելու ժամկետների խախտումների դեպքում ենթարկվում են պատասխանատվության՝ ստանալով տարբեր ժամկետներով մուտքի արգելք:
«Հայկական կարիտաս» ՀԿ-ի «Ղրղզստանում, Հայաստանում եւ Ռուսաստանում գործընկերության ամրապնդման միջոցով աշխատանքային միգրանտների պաշտպանության խթանում» ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը ներկայացնում է իրավիճակն ու հորդորում հետևել կանոններին:
«Առաջին ամենամեծ ու տարածված խախտումը, որ ՀՀ քաղաքացիներն անում են Ռուսաստանում, գտնվելու ժամկետի խախտումն է»,-ասաց Բեժանյանն ու ներկայացրեց, թե քանի օրվա խախտման դեպքում ինչ ժամկետով են ստանում մուտքի արգելք:
Եթե ՀՀ քաղաքացիները խախտել են Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու 90-օրյա ժամկետը, այսինքն՝ այնտեղ մնացել են 91 օրից մինչև 180 օր, ապա նրանց մուտքը կարգելվի 3 տարով: Եթե ՀՀ քաղաքացիները ՌԴ տարածքում գտնվելու ժամկետը խախտել են և այնտեղ մնացել 180-270 օր, ապա նրանց մուտքը կարգելվի 5 տարով: Եթե ՀՀ քաղաքացիները ՌԴ տարածքում գտնվելու ժամկետը խախտել են և այնտեղ մնացել 270 օր և ավելին, ապա նրանց մուտքը կարգելվի 10 տարով:
Բեժանյանը որպես հաջորդ ամենատարածված խնդիր նշեց այն, որ միգրանտները գրանցվում են մի հասցեում, սակայն, իրականում, բնակվում այլ հասցեում: «Դա ՌԴ-ում գտնվող գրեթե բոլոր միգրանտների խնդիրն է, շատ տարածված խնդիր է: Եվ մուտքի արգելքի առյուծի բաժինն ընկնում է հենց այս խախտումն իրականացրած միգրանտներին: Հաճախ բնակարանի տերերը հրաժարվում են գրանցում իրականացնել, և քաղաքացիները գտնում են ինչ-որ մեկին, որն իրականացնում է դա, սակայն իրենք չեն ապրում այդտեղ: Սա բավարար հիմք է, բացահայտվելու դեպքում, 3 տարի մուտքի արգելք ստանալու համար»,-ասաց նա:
Բեժանյանը նշեց՝ մյուս խոշոր խախտումն այն է, որ մեր քաղաքացիները պայմանագիր են կնքում մի կազմակերպության հետ, սակայն աշխատում են մեկ այլ կազմակերպությունում: «Սա էլ արվում է նրա համար, որ գործատուները հաճախ չեն ցանկանում հարկեր վճարել աշխատողների համար: Գոյություն ունեն, այսպես ասած, թիթեռի կյանք ունեցող կազմակերպություններ, որոնք մեկ օրով բացվում են, պայմանագրեր են կնքում, ներկայացնում միգրացիոն ծառայությանը, մի քանի օր հետո փակվում են, հետո միգրանտն ունենում է խնդիրներ»,-ասաց նա:
Եթե ՀՀ քաղաքացիները որպես աշխատանքային միգրանտ մեկնում են Ռուսաստանի Դաշնություն, ապա գործատուի հետ պետք է կնքեն աշխատանքային պայմանագիր և հաշվառվեն իրենց բնակության վայրում. հակառակ դեպքում կհայտնվեն անօրինական միգրանտի կարգավիճակում։ Այդ դեպքում միգրանտին կվտարեն երկրից, իսկ տեղափոխումն իրականացրած անձանց կմեղադրեն անօրինական միգրացիայի կազմակերպման գործում և կդատապարտեն որպես քրեական հանցագործների:
Եթե ՀՀ քաղաքացին ինչ-ինչ պատճառներով ունի մուտքի արգելք կամ դատարանի վճռով արտաքսվել է, ապա անուն, ազգանուն կամ այլ տվյալներ փոխելով և նոր փաստաթղթեր ձեռք բերելով ՌԴ մուտքը գործելը համարվում է անօրինական մուտք: Եթե խախտումը հայտնաբերվում է սահմանին, ապա թույլ չեն տալիս մուտք գործել երկիր: Եթե հայտնաբերվում է երկրի ներսում, ապա կամ արտաքսում են մինչև 10 տարով, կամ դատապարտում են որպես քրեական հանցագործի: