Լուսանկարիչ Գերման Ավագյանի հետ ուրախ էր աշխատելն ու բարդ էր աշխատանքը համարել ավարտած:
Նա մարդ էր, որը մտածում էր շարքերով, շարունակական նախագծերով, շղթայական կապերով: Ինչ նախաձեռնում էր, անպայման ստացվում էր ակտիվ միջամտություն կյանքին ու մարդկային անտարբերությանն ուղղված փոքր քայլ:
Նրա լուսանկարչական շարքերը՝ սոցիալական խոցելի խավերի, հատուկ վերաբերմունքի արժանի երեխաների, պատերազմի հետքերը կրողների, արվեստի ներգործության և շատ այլ մտահղացումներ, պատմություններ էին, որոնց արժեքը Գերման Սվագյանի համար արձագանքն էր:
«Գոյություն ունի զգացմունքայնության շեմ, որն անցնելով` մարդը դադարում է ընկալել ու զգալ ցավը, վտանգը: Նրա համար ամեն ինչը միևնույն է դառնում»,- media.am-ին տված հարցազրույցում ասել էր նա:
Գերմանի համար միևնույն չէր շատ բան: Նա ուներ հազարավոր ընկերներ, գործընկերներ, զրուցակիցներ: Գիտեր Հայաստանում տեղի ունեցող ու սպասվելիք կարևոր նշանների մասին՝ վավերացնում էր դրանք ու իր շուրջը հավաքում մարդկանց:
Գերման Ավագյանի հետ ուրախ էր, քանի որ նա ինքն էր կապող օղակը մարդու ու իրադարձության, մարդու ու խնդրի, մարդու ու մեկ այլ մարդու միջև:
Իր լուսանկարների հերոսների հետ խոսում էր օրերով, տարբեր թեմաներից և միշտ կապ պահպանում նրանց հետ… եթե պետք էր: Նաև տարիներ անց:
Գերմանը լավ զգում էր, թե երբ է պետք:
Օրինակ, գրել լրագրողական սյունակ ֆոտոլրագրության խնդիրների մասին, առաջ քաշել էթիկական, հեղինակային իրավունքների պաշտպանության հարցերը: Երբ լռել ու երբ ակտիվ լինել: Երբ պարզապես խմել ընկերների հետ, և երբ նրանցից պահանջել միանալ հերթական շարքին:
Ընդ որում՝ ոչ միայն միանալ, այլև անել դա մեծ հաճույքով ու երկյուղով, որ հանկարծ կարևորը չֆրագմենտանա ու չկորչի:
Գերմանը վավերագրում էր իր ժամանակը՝ ամեն վայրկյան ու խորամանկ աչքերով ժպտալով ասում՝ դեռ ժամանակը չի, որ հրապարակեմ, հետո…
Նունե Հախվերդյան