Մեռնող գյուղի հավատարիմ վավերագրողը
Գերման Ավագյանի վերջին ցուցահանդեսը բացվեց նախորդ տարվա սեպտեմբերի 4-ին՝ Գյումրիի Ասլամազյան քույրերի պատկերասրահում: «Բաբրլու՝ ելից» խորագրով ցուցահանդեսով Գերմանն ասես ամփոփում էր գրեթե քսանամյա իր լուսանկարչական-գեղարվեստական վավերագրությունը, որ ստեղծել էր սկսած 2002-ից՝ Հայաստանի մեռնող գյուղերից մեկում՝ Բարձրաշենում:
Բաբրլու՝ այդպես էր կոչվում Մարալիկից 14 կմ հեռու գյուղը մինչև 1947 թվականը: Խորհրդային տարիներին անգամ տևական մի շրջան Բարձրաշենը որպես միավոր գոյություն չուներ երկրի վարչական համակարգում, որպես այդպիսին ջնջվել էր Հայաստանի քարտեզից: Գերմանն այն նկարեց 18 տարի՝ ապրեց գյուղի հոգսերով, ընկերներ ձեռք բերեց, շատ ընտանիքներ ճանապարհեց գյուղից, տարեցտարի իր լուսանկարներով արձանագրեց թե ինչպես գյուղի 75 ընտանիքից մնաց ընդամենը 10-ը:
2006-ին Գերմանը լուսանկարեց Բաբրլուի դպրոց գնացող վերջին երեխային: Բարձրաշեն եկավ նաև իր ընկերների հետ, որոնց լուսանկարչական օբյեկտիվները ևս գրանցեցին ամայացող գյուղի գեղեցիկ ակնթարթները: Սեպտեմբերին Վլադիմիր Դուբրովսկու և Վինցլավ Մարտինի լուսանկարները նույնպես տեղ գտան «Բաբրլու՝ ելից » նախագծում:
Գերմանի Բաբրլուն նախևառաջ մարդիկ են, որոնք արթնանում են լուսաբացին, աշխատում օրնիբուն՝ պահպանելու համար այն, ինչը դեռ կարելի է փրկել: Գյուղում պահպանված 5-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու և կիսականգուն, միջնադարյան Պողոս-Պետրոս մենաստանի ֆոնին լուսանկարիչը ստեղծել է մեռնող գյուղի շատ կենդանի, մեծ կենսունակությամբ ու կենսահաստատ բնակիչների դիմանկարների շարքը:
Գերմանը հավատում էր բարձաշենցիների՝ չնահանջող տեսակին ու գյուղի ապրելու ներուժին ու փաստում էր՝ անելու է ամեն ինչ, որ գյուղը ապրի: