Չորրորդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Բուդաղյանը ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար հետմահու ՀՀ նախագահի կողմից պետական պարգեւի արժանացած պայմանագրային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Տիգրան Արզումանյանի, կրտսեր սերժանտ Նվեր Շահբազյանի եւ շարքային Կարապետ Նազարյանի ծնողներին է հանձնել «Մարտական ծառայության» մեդալները,-հայտնում են նախագահականի լրատվության ծառայությունից։
Զորամիավորման հրամանատարը ցավակցություն եւ զորակցություն է հայտնել փետրվարի 7-ին Սյունիքի մարզում ձնահյուսի հետեւանքով մահացած զինծառայողների հարազատներին:
Ձնահյուսի տակ մնացած չորս պայմանագրային զինծառայողներից ողջ է մնացել մեկը` Համլետ Միրզոյանը։
«Դիրքեր բարձրանալուց մի օր առաջ, առավոտն ասում է՝ մամ, չեմ ուզում այս անգամ բարձրանալ դիրքերը։ Ասում է՝ գիշերը երազիս մեջ տեսնում եմ, որ ձյունը կոտրվում է, ես ու Տիկոն մնում ենք տակը, երկուսս էլ մահացել ենք»։
Երազ, որ ճշգրտությամբ իրականություն դարձավ, միայն մի տարբերությամբ, երազը մորը պատմող Համլետը կենդանի մնաց, ընկերը՝ Տիգրան Արզումանյանը, մահացավ։
Սյունիքի մարզի N զորամասի պահպանության տեղամասում ձնահյուսի տակ մնացած չորս պայմանագրային զինծառայողներից երեքի մահվան ու մեկի կենդանի լինելու մասին փետրվարի 7-ին տեղեկացրեց պաշտպանության նախարարությունը։
«Ռադիոլուր»-ին հաջողվեց զրուցել կենդանի մնացած պայմանագրային զինծառայող Համլետ Միրզոյանի հետ։ Վերջինս պատմեց, որ հերթապահությունն ավարտել էին, տուն էին վերադառնում։ Բոլորն իջել էին, ասում է, իրենք վերջին եկողներն էին։ Լուրեր էին տարածվել, որ իրենք սխալ ճանապարհով են իջել, առաջին հարցը Համլետին հենց այդ էր։
«Կոնկրետ մեր ճանապարհը չէ։ Մեզ կոնկրետ այդ պահին ճանապարհ չի երևում։ Ամբողջը սարն է, ոչ ճանապարհն է երևում, ոչ էլ մի բան։ Ձողեր է տնկած, այդ ձողերի ուղղությամբ գնում էինք․ մի ձողն այստեղ է, մյուսը՝ այնտեղ, ուրեմն շրջադարձ է, թեքվում ենք, մի քիչ այն կողմ ենք գնում։ Ամբող ճանապարհը եկանք, մի 50 մետր էր մնում, որ հասնենք։ Որտեղ, որ մաքրում են, ձորի մեջ է։ Տնակը տեսանք, տրակտորը, մեր ընկերներին, ու բոլորն այնտեղով էին իջել։ Եկանք նույն ճանապարհն իջանք, որ մեր ընկերների հետ միասին գնանք։ Վեց հոգի էինք, երկու հոգին տարիքով էին, դժվար էին քայլում, կամաց-կամաց գալիս էին մեր հետևից։ Ձյունը կոտրվեց իրենց ոտքերի առաջ, իրենք մնացին կանգնած, մեզ տարավ»։
Համլետը շարունակում է պատմել դեպքից մանրամասներ, ասում է, որ երբ ձյունը կոտրվեց, ինքն անգամ չի լսել դրա ձայնը։
«Տիգրանն ասաց` փախի։ Երեք քայլ եմ հասցրել փախնել, ես էլ եմ խրվել ձյան մեջ։ Կարող է, որ ինձ չասեր փախի, խելքս չկտրեր, ես էլ էի մնալու այնտեղ` իրենց հետ, ավելի խորն էի գնալու, երեք քայլ հասցրեցի փախնեմ, նորից ես էլ խրվեցի ձյան մեջ։ Երկու հոգին իրար կողք էին, բայց շատ խորն էին։ 5-6 մետր խորն էին իրենք․ երկուսը միասին էին, ես էլ հեռու։ Այդ պահին, որ ձյունը բերում էր, Հայկոն նայում էր, թե ուր եմ գնում, ամենքը մեկին նայում էին, ձայներ էին գալիս՝ կենդանի ենք։ Հայկոն ու Վարդանը միասին էին գալիս։ Կանչեցի Վարդան, լսեց, ասաց ես մարդ եմ գտել։ Իրենք երկուսով քանդեցին։ Ձեռքերով քանդեցին, ինձ հանեցին, հետո՝ բահով։ Ինձ որ հանեցին այդ ժամանակ ոտքերս չէի զգում, սառած էր։ Հետո բուժքույրը հասով ու ինձ տարավ վառարանի մոտ, երկարաճիտներս հանեց, այնքան, որ չորանա, շորերս ջուր էր»։
Իսկ մինչ բուժքրոջ գալը, երբ բացեց աչքերը, միակ բանը` ուրախության զգացումն էր, որ կենդանի է մնացել։
«Չես կարող բացատրել, որ ուրախանում ես։ Ճիշտ է ընկերդ է մահացել, բայց ուրախանում ես, որ կենդանի ես մնացել։ Դրա համար, երբ գլուխս բացեցին, ասացի՝ ինձ էլ մի քանդեք․ կենդանի եմ , շնչում եմ։ Ուղղակի, երբ 5 րոպե մնացի, հասկացա, որ մարմինս ցավում է, ասացի խնդում եմ քանդեք, համ չի ցավի, համ ձեզ հետ միասին քանդեմ, ընկերներիս գտնեմ»։
Հնարավոր չէ՞ր արդյոք պայթեցնել ձյան թումբը, հարցնում եմ։
«Երևի դա հնարավոր տարբերակ է, ասում են՝ հնարավոր է, որ անգամ ձայնից կոտրվի, եթե ձայնից կոտրվում է, պայթելուց հաստատ կկոտրվի»։
Իսկ հնարավոր չէ՞ր տեխնիկայով մաքրել։
«Հնարավոր էր մի քիչ առաջ գար, բայց դե մինչ սարի վերև ինձ թվում է չէր կարող գալ, որտեղով, որ մենք ենք իջել։ Մենք, երբ այնտեղ էինք, այդ քանի օրվա ընթացքում համ ձյուն էր գալիս, համ ամբողջ օրը բորան էր անում։ Էլ ամբողջովին էր փակել։ Ինձ թվում է՝ չէր կարողանալու գնալ»։
Կա՞ն արդյոք մեղավորներ. հարցին ի պատասխան Հալմետն ասում է․ «Ոչ մեկը, միայն բնությունը, ձյունը, ուրիշ ոչ մի բան»։
Համլետը ընտանիքի հիմնական աշխատողն է, հայրն արդեն յոթ տարուց ավելի է չի կարողանում աշխատել, ոտքերի խնդիր ունի, մայրը` Նառա Միրզոյանը, փռում է աշխատում, ասում է․ «Բանակից որ եկավ, հերն ասում էր չեմ ուզում, մի գնա, մի բարձրացի, բայց դե ուրիշ հնարավորություն չկար»։
Համլետը հիշում է․ «Աչքերս, որ բացեցի, միայն այն մտածեցի, որ գոնե հորս չբուժեցի` ինքը տունը պահի»։
Հարուցվել է քրգործ՝ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը՝ եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ), կատարվում է նախաքննություն։