Ուսումնական տարվա ավարտին մնացել է շուրջ 3 ամիս։ Հիմնական դպրոցն ավարտողներն ստիպված են հնարավորինս արագ կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում, քանի որ կարող է պարզվել, որ իրենց ընտրած քոլեջում առկա տեղերն արդեն լրացել են։
Խնդրի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի հետ։
Պատգամավորը, որը նաև գիտակրթական աշխատանքի փորձ ունի, համաձայն չէ այն տեսակետին, թե հիմնական դպրոցն ավարտելու տարիքում մասնագիտական ընտրություն անելը դժվար է։
«Այդ տարիքում արդեն ձևավորվում է հակում գիտության այս կամ այն ոլորտի նկատմամբ` հումանիտար, կամ ճշգրիտ գիտությունների ոլորտում։ Ապագա ուսանողները նաև կարող են ուղղորդվել մասնագետների, ծնողների կողմից, եթե դրանք, իհարկե, ճիշտ ուղղորդումներ են»,– ասաց նա։
Մեկ այլ խնդիր է նաև քոլեջների մեծ պահանջարկը ավագ դպրոցների համեմատ։ Շատերը ձգտում են իրենց կրթությունը շարունակել մասնագիտացված հաստատություններում բուհական քննություններին ավելի լավ պատրաստվելու համար։ Քոլեջներում ևս ընդունելությունը կազմակերպում են քննությունների միջոցով և բոլոր ցանկացողներին ընդունել չեն կարող։
Գևորգյանի համոզմամբ` սա անհավասար պայմաններ է ստեղծում երեխաների համար` ոտնահարելով նրանց կրթություն ստանալու իրավունքը։
Այս խնդրի լուծման համար ԱԺ–ն արդեն քննարկում է քոլեջներում օրենքով սահմանված անվճար կրթությունից նաև վճարովի տեղեր սահմանելու հարցը։
ՀՀ ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նաիրա Զոհրաբյանի, Հարություն Բաբայանի հեղինակած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ արդեն քննարկել է: Եվ չի բացառվում, որ այն կընդունվի մինչև ուսումնական տարվա ավարտը։
«Նախաձեռնությունն ընձեռում է հնարավորություն, որ երբ պետպատվերով հատկացված տեղերը սպառվեն, մրցույթից դուրս մնացած երեխաներն իրավունք կունենան սովորելու վճարովի հիմունքներով»,– ասաց Գևորգյանը։
Բայց, նրա դիտարկմամբ, երեխայի` տվյալ հաստատությունում կրթություն ստանալու իրավունքի ապահովումից բացի, վճարովի կրթության կարգավորումը թույլ կտա նաև լրացուցիչ եկամտային հոսք ապահովել տվյալ ուսումնական հաստատություն։
Ինչ վերաբերում է երեխաների ընտրությանն ու շուկայում մասնագիտությունների իրական պահանջարկին, Գևորգյանը չի բացառում, որ դրանք առավել հաճախ չեն համընկնում։
«Շուկայի իրական պահանջարկը կարող է խոսել բոլորովին այլ բանի մասին, և մենք կարող ենք բոլորովին այլ բան առաջարկել։ Բայց, եթե մենք մեկնարկային հենք ենք ընդունում, որ աշխատաշուկան պետք է զարգանա, ուրեմն մենք պետք է զարգացնենք նաև քոլեջներում տարբեր, անգամ`ոչ մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունների ընտրությունը»,- նշեց նա։
Որպես օրինակ պատգամավորը նշում է Հայաստանում արհեստավորների մեծ պահանջարկը։ Նրա խոսքով` մեր երկում որակյալ խառատագործ կամ եռակցող գտնելն այսօր այնքան էլ հեշտ չէ։ Լավ մասնագետները 90-ականներին հեռացել են Հայաստանից, ձևավորված խորհրդային դպրոցը վերացել է, իսկ նոր սերունդը արհեստագործ դառնալ չի ցանկանում։
Մեր զրուցակցի համոզմամբ` պետությունը որքան էլ ձգտի շտկել իրավիճակը, վերջին հաշվով դրա պատասխանատուն շուկան է։ Անգամ եվրոպական հայտնի ուսումնական հաստատություններում մասնագիտությունների ընտրությունը թելադրողը մասնավոր գործատուն է։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am