Վիրտուալ տարածքում իր «ազգափրկիչ» քարոզչական գործառույթներն առավել ազատ կատարելու նկատառումներով` ընդդիմադիր խմբագիր Նիկոլ Փաշինյանը խափանարար ագիտացիա էր ձեռնարկել ԱԱԾ-ի դեմ։ Դա է ապացուցում նրա սեփական «Հայկական ժամանակ»-ի 2012 թ-ի փետրվարի 22-ի «Մի քիչ փող ԱԱԾ-ին» լուրը.
«ՀՀ կառավարության առաջիկա նիստում նախատեսվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը 36 մլն դրամ հատկացնելու որոշում կայացնել։ Պարզվում է, որ ԱԱԾ-ի հնարավորությունները չեն բավարարում կայքերին հետևելու համար։ Հետևելը, բնականաբար, ԱԱԾ-ն ձևակերպում է «սպասարկում» բառով։ «ՀՀ-ում ինտերնետային կապի արագությունների և հոսքերի ծավալների կտրուկ աճի հետևանքով, հանգույցի առկա հզորություններով գործող կայքերի և ցանցերի անխափան սպասարկումը շարունակելու նպատակով լրացուցիչ համակարգչային սարքավորումների ձեռքբերման անհրաժեշտություն է առաջացել», – այսպես է պատճառաբանել ԱԱԾ-ն իրեն 36 միլիոն դրամ լրացուցիչ գումար հատկացնելու անհրաժեշտությունը։ ԱԱԾ-ն ըստ ամենայնի, չի հասցնում «սպասարկել» ընդդիմադիրների էլեկտրոնային նամակագրությունները»։
Ընդդիմադիր Փաշինյանի մտահոգությունը պետական բյուջեն խնայողաբար ծախսելը չէր։ Իր վարչապետության օրոք ամեն մի գերատեսչություն տասնապատիկ ավելին վատնում է ամսական պարգևավճարի ձևով։ Հիմա՛ էլ նա չի կարևորում ո՛չ ազգային անվատանգությունը, ոչ էլ` պատերազմող երկում հակահետախուզություն ու արտաքին հետախուզություն ունենալը։ Հինգերորդ շարասյունը իշխանության բերելուց հետո ամենակարևորը դարձել է ներքին հետախուզությունը` հայերիս մեջ թշնամի որոնելը։ Այլապես ինչո՞ւ էր պետք` երկրի ժողովրդին տոտալ գաղտնալսելու, ողջ վիրտուալ տարածքը, բոլոր սոցիալական ցանցերը, կայքերը, կապի միջոցները վերահսկելու իրավասություն շնորհել նաև ոստիկանությանը։ Ռեպրեսիվ մեքենայի վերածված պետական համակարգը հիմա մեկ մարդու ցանկությունն է սպասարկում և իրավունք չունի` գտնել նույն այդ մարդուն սպասարկող ֆեյքերի ֆաբրիկան։ Գուցե հենց դա՞ է պատճառը, որ և՛ ԱԱԾ-ի տնօրենը, և՛ ոստիկանապետը հրաժարվեցին աշխատել օրվա վարչապետի հետ։ Իսկ նա առայսօր նրանց փոխարինող չի գտել։