Պարզ ու հին տարբերակ. ցուրտ Աշոցքում գյուղացին հնդկաձավար ու նույնիսկ ելակ է աճեցնում. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Պարզ ու հին տարբերակ. ցուրտ Աշոցքում գյուղացին հնդկաձավար ու նույնիսկ ելակ է աճեցնում. armeniasputnik.am

Սակավահող Հայաստանում դժվար է հացահատիկ աճեցնել։ Դա քիչ թե շատ եկամուտ է բերում, միայն եթե գյուղացին շատ հող ունենա։ Բայց դեռ Խորհրդային Հայաստանում մեկ գյուղացուն միջին հաշվարկով բաժին էր հասնում ընդամենը 0.4 հա վարելահող։ Իսկ ԽՍՀՄ–ի փլուզումից հետո կոլխոզներն ու սովխոզները մասնատվեցին փոքր հողակտորների։ Այսպես հացահատիկն արդեն ձեռք չի տալիս, իսկ ցորենից ու կարտոֆիլից բացի, ցուրտ Աշոցքում գրեթե ոչինչ չի էլ աճում։ Դրանից է, որ Սիզավետ գյուղում խորհրդային տարիներին ավելի քան 600 հա հող էին մշակում, իսկ հետո` ընդամենը 20-30։ Հողն անտեր էր մնացել, մինչև մի քանի տարի առաջ այստեղ սկսեցին հնդկաձավար ցանել։

Ցանկացողներին նախ սերմեր ու պարարտանյութ տրամադրեցին Եվրոպական հարևանության գյուղատնտեսական ծրագրով (ENPARD), հետո նաև պատրաստի հնդկաձավարի փաթեթավորման հոսքագիծ։ Իր ուժերը ցանկացավ փորձել երկարամյա գյուղապետ Արարատ Պողոսյանը։ Նա վստահեցնում է, որ ոչ մի պարարտանյութ չի օգտագործում. համոզված է, որ ընդամենը պետք է ճիշտ ցանքաշրջանառություն պահպանել։ Պողոսյանին օգնում է գյուղատնտեսական տեխնիկումի կրթությունն ու 80-ականներին շրջանային գյուղատնտես աշխատելու փորձը։ Ձեռք բերած գիտելիքները նա չի մոռացել։

«Մեկը մի քանի տարի վրա–վրա ցորեն կցանե, հետո կսե, թե բերքս ցածր է։ Հա բա ի՞նչ պիտի էղնի. հողիդ ռեսուրսը սպառվել է։ Ըդոր համար պիտի ցանքաշրջանառություն իմանաս։ Մի տարածքում մի տարի ոսպ ես ցանում, հետո` գրեչկա, հետո` կտավատ։ Ու նորմալ աճում է», – ասում է Պողոսյանը։

Երեք հեկտարից սկսելով` Պողոսյանն այսօր 30–ն է մշակում ։ Այստեղ նա, գյուղատնտեսական գիտելիքի համաձայն, հերթով ցանում է հնդկաձավար, ոսպ, սիսեռ, կտավատ և վարսակ։

Տեղական հնդկաձավարն արդեն պահանջված է դարձել Երևանում` թե՛ բովածը, թե՛ կանաչ չբովածը։ Սակայն այսքանով Պողոսյանը չի սահմանափակվել և սկսել է կտավատի ձեթ արտադրել։ Հայաստանից բացի, Facebook–ի իր էջի միջոցով արդեն փորձում է արտահանումներ սկսել։ Սրան զուգահեռ ուզում է իր ապրանքի համար օրգանական արտադրանքի սերտիֆիկատ ստանալ։

Անցած տարի ամռան ցրտերի պատճառով Պողոսյանի հնդկաձավարը ցրտահարվել էր (չմոռանանք, որ Աշոցքի կլիման այդքան էլ մեղմ չէ)։ Սակայն Պողոսյանը չի հուսահատվում, դեռ հակառակը` Շիրակի մարզպետին առաջարկ է արել, որից հրաժարվելն անհնար է։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր