20 ամսում՝ $1.640.000, ամսական՝ $82.000 պարգևավճար՝ ֆանտոմ-հաստիքների պայմաններում. yerkir.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

20 ամսում՝ $1.640.000, ամսական՝ $82.000 պարգևավճար՝ ֆանտոմ-հաստիքների պայմաններում. yerkir.am

yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը:

Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ նշված շրջանում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցներին վճարված պարգևավճարները վճարվել են՝ աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին՝ 125,784.2 հազ. դրամ, արտաբյուջետային հաշվից՝ 528,556.3 հազ. դրամ, քաղաքացիական ծառայողների կատարողականների արդյունքների հիման վրա պարգևատրման համար նախատեսված պարգևատրման ֆոնդից՝ 128,906.4 հազ. դրամ:

20 ամիսների համար վճարված պարգևավճարների հանրագումարային թիվը կազմում է 783.246.900 դրամ կամ շուրջ $ 1.640.000, որն ամսական կտրվածքով կազմում է $ 82.000:

ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատողների առավելագույն թիվը 300 է:

Ինչպես տեսանք՝ «աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին» տողով նախարարությունում ևս պարգևատրվել են բավականին խոշոր գումարով, այն է՝ 125.784.200 ՀՀ դրամ կամ $ 263.000-ով: Այսինքն՝ նախարարությունում կամ առկա են եղել թափուր հաստիքներ, որոնց հաշվարկով գումարը ստացել են, բայց քանի որ փաստացի աշխատող չեն ունեցել, գումարը տնտեսվել է, կամ ընթացքում աշխատակիցները կրճատվել են, փոխարենը նոր աշխատող չլինելու բերումով կրկին տնտեսվել է որոշակի գումար:

Ստացվում է հետևյալը. աշխատող եղավ՝ լավ, չեղավ՝ ավելի լավ. վերջինիս տրամադրվելիք աշխատավարձը ոչ թե վերադարձվում է պետբյուջե, այլ տարվա վերջում, ժողովրդական լեզվով ասված, «տեղում մեջ-մեջ է արվում»: Բնականաբար՝ այս ամենը կարող է ներկայացվել «գլխապտույտ հաջողություններից»-ի (Ստալինյան շրջանի հայտնի հրապարակումը) փիլիսոփայության մեջ, այդուհանդերձ, համընդհանուր լճացման պայմաններում հանրությանն արդեն չափազանց դժվար է համոզել այդ ամենը:

Բնական է՝ նման տող ունենալը, սակայն այդքան մեծ գումարով «խնայողության» առկայությունը կարող է վկայել այն մասին, որ հաստատված հաստիքացուցակը ակնհայտորեն ուռճացված է և կարիք ունի կրճատման։ Գաղտնիք չէ, որ շատ գերատեսչություններ են պահում նման ֆանտոմ-հաստիքներ՝ բյուջեից հավելյալ գումար բերելու համար։ Բայց նոր իշխանությունները կարծես հայտարարում էին, որ պետք է վերջ տային այս արատավոր պրակտիկային։

Պարգևավճարի հաջորդ տողը՝ «արտաբյուջետային հաշիվը», գրավոր պատասխանում թեև չի բացված, սակայն կարելի է ենթադրել, որ արտաբյուջետային  աղբյուրները ձևավորվում են նախարարությանը ենթակա հիմնարկներից (ՔԿԱԳ («ԶԱԳՍ»), ԴԱՀԿ, Պետռեգիստր) կորզված գումարներից։

Արդյունքում՝ մինչ հանրությունը շարունակում է սպասել իշխանությունների խոստումների կատարմանը և լավ օրերին, կառավարության վերին օղակները ժանտախտի պահին շարունակում են իրենց խրախճանքը:

yerkir.am