ՀՀ ոստիկանությունը կայուն պահակակետերի միջոցով ապահովում է հնարավոր վարակակիրների մեկուսացումը, ինչպես նաև վերահսկում է ինքնամեկուսացված անձանց կողմից ռեժիմի պահպանումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը՝ ներկայացնելով ոստիկանության կատարած աշխատանքները արտակարգ դրության պայմաններում։
Ոստիկանության պետի տեղակալը նշեց, որ փետրվարի 23-ին ոստիկանության պետի կողմից ստորագրվել է հրաման, որով կարգավորվում են համաճարակային իրավիճակում ոստիկանության գործառույթները։
«Առաջին փուլով սկսեցինք Իրանի Իսլամական Հանրապետությունից բեռնատար մեքենաների ուղեկցումը Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներ, և խնդիրը կայանում էր նրանում, որպեսզի թույլ չտանք Իրանի Իսլամական Հանրապետության բեռնատարների վարորդներին կոնտակտի մեջ մտնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ։ Այդ ժամանակահատվածում ուղեկցել ենք 489 տրանսպորտային միջոց, կատարվել է 98 ուղեկցում։ Ուղեկցումները կատարվում էին խմբերով՝ սահմանից դեպի տերմինալ»,- ասաց Մհրյանը։
Նրա խոսքով՝ ոստիկանությունը առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացնում է նաև հնարավոր վարակակիր անձանց մեկուսացումը։
«Անձանց մեկուսացումը առողջապահության նախարարության անձնակազմի հետ համատեղ իրականացնում էինք Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրում և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, որից հետո իրականացրեցինք նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մասնաշենքի և «Ռենկո» ընկերության աշխատակիցների մեկուսացումը։ Այդ մեկուսացումը իրականացվում էր կայուն պահակակետերի միջոցով»,- նշեց Մհրյանը։
Ըստ ոստիկանության պետի տեղակալի՝ արտակարգ դրությունը հայտարարելուց հետո ոստիկանության պահակակետերի քանակը ավելացել է ևս 10-ով։
«Բացի դրանից, ոստիկանությունը իրականացնում է ինքնամեկուսացված քաղաքացիների հսկողությունը հեռախոսակապի միջոցով՝ տեղեկություններ ստանալով առողջապահության նախարարության կողմից։ Ոստիկանությունը, ըստ հասցեների, օրը մի քանի անգամ, հատ-հատ հեռախոսակապով կապնվում է ինքնամեկուսացված քաղաքացիների հետ և ապահովում նրանց կապը առողջապահության նախարարության և ոստիկանության միջև։ Եթե հեռախոսազանգերի ժամանակ իրենք ունենում են բողոքներ, անմիջապես կապնվում ենք Առողջապահության նախարարության հետ, և բժիշկը մոտենում է տվյալ հասցեին։
Եղել են դեպքեր, երբ ինքամեկուսացման ռեժիմը խախտողներ են եղել և Առողջապահության նախարարության կողմից մեզ հասցեներ են տվել, որ այսինչ հասցեում այսինչ անձը կատարում է ինքնամեկուսացման խախտում։ Մենք կապնվում ենք տվյալ քաղաքացու հետ, հորդորում, բացատրում և խնդրում, որպեսզի նա կատարի ինքնամեկուսացման պայմանները»,- ընդգծեց Մհրյանը։
Ոստիկանապետի տեղակալը հավելեց նաև, որ Ոստիկանությունը մեկուսացված անձանց ցուցակը ամեն օր ճշգրտում է Առողջապահության նախարարության հետ և հաջորդ օրը ճշգրտված ցուցակով նորից աշխատում։