Ի տարբերություն եվրոպական շուկայի, Հայաստանում սեռական ծառայությունների ոլորտը դեռ այդքան էլ չի զգացել կորոնավիրուսի կործանիչ ազդեցությունը։
Կորոնավիրուսի համավարակի ֆոնին բազում եվրոպական երկրներում ու ԱՄՆ-ում մարմնավաճառները խոսում են հաճախորդների կտրուկ կրճատման մասին։ Շատ երկրներում, որտեղ մարմնավաճառությունն օրինականացված է, հասարակաց տները պարզապես փակ են, ինչպես օրինակ՝ Ամստերդամի Կարմիր լապտերների փողոցում գործողները։ «Մասնավոր» աշխատող մարմնավաճառները, նաև այն երկրներում, որտեղ մարմնավաճառությունն օրենքով արգելված է, չնայած բարդ պայմաններին, շարունակում են աշխատել։
Հայաստանում պաշտոնապես հասարակաց տներ չկան, սակայն իրականում դրանք գոյություն ունեն, ինչպես կան նաև «մասնավոր» աշխատողներ։ Սոցցանցերը լի են մերսում առաջարկող էջերով, որոնք իրականում տարատեսակ սեռական ծառայություններ են կատարում։
Sputnik Արմենիան զանգահարել է նման «մասնավոր սրահներից» մի քանիսին, պարզելու՝ ինչպես է կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակն անդրադարձել տեղացի «թիթեռնիկների» կյանքի վրա։ Մեծամասամբ մարմնավաճառները, որոնց հետ խոսեցինք, հակված չէին քննարկել կորոնավիրուսն ու դրա ազդեցությունը, նրանց ավելի իրական ու պրակտիկ հարցեր էին հետաքրքրում՝ տեղը, ժամը, ծառայությունների ցանկն ու վճարը:
Սակայն մեզ հաջողվեց մի երկու հարց քննարկել։
«Եթե գիտեք, որ վարակ կա, էլ ինչի՞ համար եք զանգում։ Իմ դեպքում չեմ վախենում… դեռ», – ասաց մեր առաջին զրուցակիցը՝ Նատան։
Նա զարմացավ՝ ինչու ենք իր հետ կորոնավիրուսի ու դրա վնասների թեման քննարկում, ասես հազար անգամ հանդիպել ենք։ Կինը պատրաստ չէր քննարկել «պահանջարկի» անկումն ու անցավ «մերսման» պայմաններին ծանոթացնելուն։
Նատան ներկայացրեց բազային գնացուցակը՝ հայտնելով, որ տեղում արդեն կարելի է իմանալ լրացուցիչ ծառայությունների մասին։
Վերջիվերջո, երբ փորձեցինք ավելի մանրամասն իմանալ «Հայաստանում «մերսման» ոլորտի վրա կորոնավիրուսի ազդեցության» մասին, մեզ «բարի գիշեր» մաղթեց։
Մոտավորապես նույն գնացուցակը մեզ ներկայացրին մեկ այլ սրահում։ Վստահեցրին, որ խոսքը միայն մերսման մասին է։ Իհարկե, չներկայացրեցին մանրամասներ՝ թե մերսումն ինչպես կկատարվի։
Մենք փորձեցինք զեղչ ձեռք բերել՝ պատճառաբանելով դա կորոնավիրուսի տարածմամբ, սակայն պատասխանեցին, որ «առանց այդ էլ էժան գին են ասել» (20%-ով)։
«Դա քի՞չ է», – անկեղծորեն զարմացան խոսափողի այն կողմից։
Հարցին՝ արդյոք կորոնավիրուսը չի սպառնում «մերսումային» հարաբերություններին, արդեն իսկապես վրդովված ձայնն ասաց․«Դրանից ե՞ս պետք է վախենամ, ի՞նչ վարակ»։
Ի վերջո միասին հանգեցինք այն մտքին, որ եթե հաճախորդը կորոնավիրուս չունի, ապա մերսողն էլ չունի։
«Արդեն վախենում եմ քեզնից, չգաս», – վերջում ասաց նա։ Առաջարկն ընդունվեց։
Եվս մեկ «գիշերային թիթեռնիկ» էլ առանձնապես չէր վախենում համավարակի հետ կապված իրավիճակից։ Ամեն ինչ շարունակում էր այնպես, ինչպես եղել է։
«Մեզնից վարակ չկա»,- ասաց նա թե՛ կորոնավիրուսի, թե՛ այլ վարակների մասին (սա հասկանալու մեր փորձերը չընդունվեցին ու չհասկացվեցին)։ Մեկ այլ դեպքում էլ անվտանգության ու տարբերվելու համար առաջարկեցին դիմակ ու ձեռնոց օգտագործել։
Գործատուներն արտակարգ դրության ժամանակ վճարում են ըստ ցանկության. նոր նախագիծ է մշակվել
Արդեն լրագրողի կարգավիճակում ևս տասնյակ մարմնավաճառների հետ խոսելու փորձերը հաջողությամբ չպսակվեցին։
Պարզվում էր, որ «սխալ էինք զանգահարել», «կամ համարը նախկինում իրենցը չի եղել», «ես բժիշկ եմ» և այլն։
Ընդհանուր առմամբ տպավորություն է ստեղծվում, որ կա՛մ «մերսողները», կա՛մ իրենց հաճախորդները լրիվ այլ իրականության մեջ են ապրում ի տարբերություն սոցցանցերի օգտատերերի, հատկապես Facebook-ի։