Կյանքից անժամանակ հեռացած Արիանա Կաոիլին թեև ֆիլիպինուհի էր, բայց սիրահարված էր Հայաստանին։
Նա անգիր էր սովորում հայ բանաստեղծների գործերը։ Օրինակ, այս տեսանյութում Արիանան ասմունքում է Համո Սահյանի «Ախր ես ինչպե՞ս վեր կենամ, գնամ» բանաստեղծությունը։
Ինչպես նկատեցիք, բանաստեղծության վերջում «առանց ինձ» բառակապակցության փոխարեն Արիանան արտասանում էր «առանց քեզ»` հավանաբար խոսքն ուղղելով սիրելիին՝ Լևոն Արոնյանին։
Արիանան ամուսնու հետ ապրում էր Երևանում։ Նա բազմաթիվ անգամ էր խոստովանել, որ սիրահարված է հայկական մշակույթին ու պատմությանը։ Ինտենսիվ հայերեն էր սովորում։
Իր հարցազրույցներից մեկում Արիանան խոստովանել էր, որ դեռ 9-11 տարեկանում էր հրապուրվել հայոց պատմությամբ։ Շախմատի առաջին ուսուցիչը հայ էր եղել, իսկ ամուսնուն` Լևոն Արոնյանին, հանդիպել էր շախմատային մրցաշարերից մեկի ժամանակ։
Այդ ժամանակից ի վեր Հայաստանի հետ Արիանայի կապն ավելի էր ջերմացել։ Նա նույնիսկ բարձրացել էր Արարատ ու հայկական դրոշ ծածանել բիբլիական լեռան գագաթին։
Արիանան բազմաթիվ հայկական բանաստեղծություններ գիտեր։ Դրանցից մեկը, կարելի է ասել, մարգարեական է. «Ես օգնեցի բոլորին, ես միայն ինձ չօգնեցի»…
2018թ. սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, Արիանան մեկնարկ տվեց երկշաբաթյա հեծանվարշավի, որի շնորհիվ դրամահավաք իրականացրեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի՝ Տավուշի մարզի շահառու սահմանամերձ գյուղերի համար։
Հավաքված 5,500 ԱՄՆ դոլարը ծառայեց 6 գյուղերի սպորտային խմբակների ստեղծմանը եւ սարքավորումների ձեռքբերմանը։
Նա իր հեծանվային շրջագայությունը սկսեց Կիլիկիայի միջնադարյան հայկական Այաս քաղաքից, անցավ Անատոլիայով ու Իրանի հյուսիսով ու ավարտեց հայ-իրանական սահմանին տեղակայված Ագարակ քաղաքում։
Ճանապարհին Արիանան կանգառներ արեց Ադանա, Սիս, Այնթապ, Տարսոն, Ուրֆա, Դիարբեքիր, Վան, Բայազետ եւ Մակու բնակավայրերում:
«Միշտ էլ հետաքրքրվել եմ հնագույն պատմությամբ, հատկապես հայոց պատմությամբ։ Ու մտքովս անցավ, «Ինչու՞ հեծանվով չանցնեմ արեւմուտքից արեւելք կամ հակառակը։ Կարելի է ճամփորդել ամբողջ տարածաշրջանով եւ ընդգրկել այս բոլոր հետաքրքիր պատմական ու հնագիտական վայրերը»,- ասել էր այն ժամանակ Արիանա Կաոիլին։