Էմմանուել Ժոզեֆ Սիեյես
Advertisement 1000 x 90

Էմմանուել Ժոզեֆ Սիեյես

1790-ականներից այս անունը հայտնի դարձավ ամբողջ Ֆրանսիայում: Քչախոս, խիստ զգուշավոր, դանդաղաշարժ, աննկատելի, բայց ամեն ինչ նկատող ու շուտ կողմնորոշվող Սիեյեսը եղել է Ֆրանսիայի Սահմանադիր ժողովի, Կոնվենտի, Հինգ հարյուրի խորհրդի անդամ, Դիրեկտորիայի կազմում՝ ամենահռչակավորը, բարձր պետական պաշտոններ զբաղեցրել բոլոր վարչակարգերի ժամանակ ու ապրել բոլորից երկար:

Լռության երկար տարիները բազմապատկում էին նրա քաղաքական կշիռը: Այդ լռության հետեւում շատերը ինչ-որ նշանակալի ու խորհրդավոր բան էին տեսնում, ինչն էլ բարձրացնում էր այս խարդավանքների մեծագույն վարպետի քաղաքական կշիռը: Քաղաքական դաշտում շատերը համոզված էին, որ նա խիստ կարեւոր բաներ գիտի, ունի ներքին ու արտաքին հիմնախնդիրները հաղթահարելու հուսալի կապեր ու միջոցներ, ինչպես նաեւ պետական կառավարման ոլորտում այնպիսի բացառիկ գիտելիքներ, կարողություններ ու հմտություններ, ինչն իրենք չգիտեն ու դժվար էլ իմանան: Կարծիք ծագեց, թե նա ունի Ֆրանսիայի սահմանադրական վերակառուցման ավարտուն, մինչեւ մանրուքները մշակված պլան, որ նա սահմանադրական հարցերի խոշորագույն գիտակ է, ինչն ավելի բարձրացրեց Սիեյեսի հեղինակությունը:

Երբ արդեն թոշակի էր անցել, այն հարցին, թե ինչ էր անում այդ խառը, հակասական ու դրամատիկ զարգացումներով լեցուն ժամանակներում, պատասխանեց. «Կենդանի էի մնում»: Ռոբեսպիերը նրա մասին ասել է. «Այդ խլուրդը երբեք չդադարեց ընդհատակում գործելուց: Նա փորում էր հողն ու անհետանում»: Լռելու ու խորամանկելու մեջ Սիեյեսը բոլորին հաղթեց: Մինչ իր համախոհներից ու հակառակորդներից շատերն ունեզրկվեցին, բանտարկվեցին ու գլխատվեցին, նա հարստացավ եւ մինչեւ Լուի Ֆիլիպի միապետությունը վարեց ղեկավար պաշտոններ: Մահացել է 88 տարեկան հասակում: Մահից առաջ տագնապալի ձայնով կրկնում էր. «Թե պարոն դե Ռոբեսպիերը գա, ասացեք՝ տանը չեմ»:

Պատմաբան Արշալույս Զուրաբյանի էջից: