Այսօր Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Գաբրիել հրեշտակը Աստծո կողմից ուղարկվեց Նազարեթ քաղաք՝ մի կույսի մոտ: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է… Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի» (Ղուկաս Ա 26-33):
Այսպես, Գաբրիել հրեշտակը հայտնեց Բարի լուրը Մարիամին:
Ավետման տեսարանի պատկերագրական կերպը ծագում է Ղուկաս Ավետարանչի հաղորդած պատմությունից և պարականոն երկերից:
Համաձայն Ավետման տեսարանի պատկերագրական և կոմպոզիցիոն հիմնական կառուցվածքի՝ Գաբրիել հրեշտակապետը ներկայացվում է պատկերի ձախ կողմում`աջ ձեռքին օրհնության նշանով դեպի Մարիամն ուղղած, ձախում՝ գավազան: Մանրանկարներում հաճախ նրա թևը դուրս է գալիս պատկերի շրջանակից՝ ստեղծելով ճախրանքի պատրանք, միաժամանակ ակնարկելով նրա առաքելության տիեզերական բնույթի մասին:
Ավետում, «Էջմիածնի ավետարան» (6-րդ դ.), Մատենադարան, ձեռ. 2374 — место: Մատենադարան – Matenadaran.
Մարիամ Աստվածածինը պատկերվում է հրեշտակապետի դիմաց՝ նկարի աջ մասում: Նրա ձեռքին իլիկ է կամ սափոր: Կողքին աղբյուր է: Համարվում է, որ կենաց ջուրը աղբյուրի ակից լցվում է սափորի մեջ՝ ջուրը խորհրդանշում է Հիսուսին, սափորը՝ Մարիամին:
Ավետում, Ավետարան (Կիլիկիա, 13-րդ դ. վերջ), Մատենադարան, ձեռ. 9422 — место: Մատենադարան – Matenadaran.
Իսկ Սուրբ Հոգին երկինքը խորհրդանշող կիսաշրջանից, լույսի շողի միջով ու աղավնու տեսքով, իջնում է դեպի Մարիամը:
Պատկերում առկա ճարտարապետական կառույցը ներկայացնում է Հովսեփի տունը, որտեղ տեղի ունեցավ Ավետումը: Իսկ պատկերվող ծառը և վեմը խորհրդանշում են մարգարեությունները Քրիստոսի ծննդյան մասին: