Ապրիլյան պատերազմի փոքրիկ հերոսները. գողացված մանկություն
Advertisement 1000 x 90

Ապրիլյան պատերազմի փոքրիկ հերոսները. գողացված մանկություն

Ադրբեջանի կողմից 2016թ. ապրիլ 1-ի լույս 2-ի գիշերը սանձազերծած պատերազմի ընթացքում թշնամու հարձակման թիրախում ոչ միայն ԼՂՀ մարտական դիրքերն էին, այլ՝ դպրոցները, երեխաները: Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները առաջացրել են ծանր հետևանքներ, այդ թվում՝ միջազգային  իրավունքի առանձնակի պաշտպանության տակ գտնվող անձի՝ երեխայի մահ:

Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղի բնակչուհի տիկին Ամպերինան հիշում է, որ առաջին կրակոցները ծանր հետևանքներ են թողել թոռների վրա՝ «Ամսի 2-ին՝ ժամը 3-ին, էնպես էին ռմբակոծում՝ պատուհաններն էլ էին շարժվում… Երեխան էնպես էր դողում… Դրանք ո՛չ Աստված ունեն, որ… Իբր 23 տարի հրադադար է եղել: Չի՛ եղել: Երեխանները անընդհատ ձայնը լսել են, ձայնը քիչ էր, հիմա էլ անօդաչու սարքերն են: Երեխաները դուրս են գալիս, նայում, ասում են՝ ռումբ ա քցում: Տենց մեծանալ կլինի՞»:

Արցախի Թալիշ գյուղից հետո որպես ռազմական գործողությունների հերթական թիրախ էր ընտրված Զորավանի (Ներքին Ճարտար) դպրոցը: Ապրիլի 2-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը, կիրառելով խոշոր տրամաչափի հրետանային միջոցներ, հրթիռահրետակոծել է Զորավանի (Ներքին Ճարտար) դպրոցը, որի հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղարշակ Գրիգորյանը, վիրավորվել դպրոցի ևս 4 աշակերտ:

Դպրոցը որպես թիրախ ընտրելու պլանավորված քաղաքականության մասին խոսում են մի շարք հանգամանքներ: Սպանված երեխայի մայրը պատմում է. «Միշտ անօդաչու սարքերը նկարում են: Կար ինչ-որ զենքի տեսակ, որը որ դրված էր շենքից քիչ հեռու, որով խփում էին այդ անօդաչուների վրա: Գիտենք, որ նկարվում է տարածքը, նույնիսկ մի պահ չէինք թողնում, որ երեխաները բակում կանգնեն, կամ մեծ խմբով դուրս գան, շրջեն: Վախենում էինք, որ կարող է թիրախում հայտնվեն: Իրենք գիտեն դպրոցի տեղը, շենքերի տեղը: Մեկ օր առաջ դրանից էլի նկարվում էր, որովհետև երեխաները անընդհատ դրանից էին խոսում, որ երկնքում տեսել են անօդաչու»: