Մենք` հայաստանցիներս, շատ բարոյական ենք. ո՞րն է անբարոյականության մեր. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Մենք` հայաստանցիներս, շատ բարոյական ենք. ո՞րն է անբարոյականության մեր. armeniasputnik.am

Եկեք անկեղծ լինենք։ Մենք` հայաստանցիներս, բարոյական ժողովուրդ ենք։ Ավելին, մենք ամենաբարոյական ժողովուրդն ենք Եվրոպայի ողջ հարավ-արևելքում։

Եթե ձեզ թվում է, թե այս պնդումն ընդամենը մերկապարանոց հայտարարություն է, ծանոթացեք այն հարցման արդյունքներին, որը մոտ երեք տարի առաջ անցկացրել է աշխարհի ամենահեղինակավոր հետազոտական կազմակերպություններից մեկը՝ ամերիկյան Pew research center-ը։

Իր հետազոտություններն այս կենտրոնն իրականացրել է եվրոպական 18 երկրում` ներառելով նաև Հայաստանն ու Վրաստանը։ Հիմնական հարցը սա է՝ ինչն եք բարոյական համարում։ Սկսենք թմրանյութերից։ Դրանց օգտագործումը անբարոյական է համարում հայաստանցիների 96 տոկոսը։ Նման բարձր ցուցանիշ 18 երկրներից որևէ մեկը չունի։ Միայն Լիտվան, Մոլդովան և Ուկրաինան են մեզ մոտենում՝ նրանց մոտ էլ բնակչության 90 տոկոսից ավելին է անբարոյական համարում թմրադեղերի օգտագործումը, մնացած երկրներում 90-ից ցածր է։

Մարմնավաճառության հանդեպ էլի ամենաանհանդուրժողը մենք ենք՝ նույն 96 տոկոսն է Հայաստանում այդ երևույթը համարում անբարոյական։ Այնինչ եվրոպական շատ երկրներում մարմնավաճառությունը օրինականացված է։ Չխորանանք, անցնենք նախաամուսնական սեռական հարաբերություններին։ էստեղ էլ ենք մենք ռեկորդակիր։ Հայաստանցիների 79 տոկոսը համոզված է՝ ամուսնությունից առաջ սեքսը անբարոյական է։ Համենայնդեպս էդպես ենք մենք պատասխանել։ Մեր պատասխանների անկեղծության աստիճանի շուրջ, իհարկե, կարելի է միայն գուշակություններ անել։

Մի էսպիսի հարց էլ կա։ Խմելը անբարոյակա՞ն է։ Եթե վերցնենք միջինացված ցուցանիշը, ապա ընդհանուր առմամբ 18 երկրներում ճնշող մեծամասնությունը՝ մոտ 80 տոկոսն ասել է՝ ալկոհոլ օգտագործելու մեջ որևէ անբարոյական բան չկա։ Բայց մերն, ինչպես հայտնի է, ուրիշ է։ Հայաստանցիների կեսից ավելին՝ 56 տոկոսը, պատասխանել է՝ այո, ալկոհոլ օգտագործելն անբարոյական է։ Սա դեռ ոչինչ, ես մոլդովացիների վրա եմ զարմանում՝ այնտեղ գրեթե երկու երրորդն է անբարոյական համարում խմելը։ Ախր այդ երկիրը չտեսնված գինիներ է արտադրում։ Այսինքն՝ հրաշալի գինին պատրաստում են ու հետն էլ ասում՝ մի խմեք, անբարոյական է։ Ճիշտ մեզ նման։

Ու մի բան էլ կա այս հարցման հետ կապված, որն ընդհանրապես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ։ Խոսքը ամուսնալուծության մասին է։ Պարզվում է, որ հայաստանցիների մեծամասնությունը՝ 56 տոկոսը, ամուսնալուծվելը անբարոյական է համարում։ Նման բան ընդհանրապես չկա մնացած 17 երկրներից որևէ մեկում։ Ոչ մի տեղ մեծամասնությունը չի ասել, որ բաժանվելը անբարոյական է, մենք ասել ենք։ Ախր մեզ մոտ էլ է ամուսնալուծությունների թիվը բավական բարձր ու գնալով աճում է։ Ուրեմն ինչ է ստացվում՝ գիտենք, որ անբարոյական բան ենք անում, բայց հանգիստ անում ենք։ է, կներեք, էդ դեպքում տրամաբանական հարց է ծագում՝ բա որքանով ենք մենք ինքներս բարոյական։

Տեսաք` ինչ եղավ. սկսեցինք նրանից, որ մենք` հայաստանցիներս, ամենաբարոյականն ենք, վերջում կարծես թե բոլորովին այլ բան դուրս եկավ։

Ու մի նուրբ հարց էլ տամ։ Ի՞նչ եք կարծում՝ արդյոք բարոյական համարվելու համար մարդը պետք է անպայման հավատացյալ լինի։ «Այո»,– ասել է հայաստանցիները գրեթե երկու երրորդը՝ 63 տոկոսը։

Չեք հավատա, բայց նույնիսկ Լեհաստանում, որը Եվրոպայի ամենահավատացյալ երկիրն է համարվում, ընդամենը մեկ երրորդն է համոզված, որ բարոյական համարվելու համար մարդը պետք է հավատացյալ լինի։ Այսինքն՝ մենք այս առումով բառիս բուն իմաստով Հռոմի պապից ավելի կաթոլիկ ենք։ Որովհետև Ֆրանցիսկոս Առաջինը ասել է՝ դրախտում հայտնվելու համար պարտադիր չէ հավատացյալ լինել։ Ավելին՝ նաև այսպիսի կարծիք է հայտնել՝ ավելի լավ է աթեիստ լինեք, քան վատ քրիստոնյա։ Ստացվում է, որ մենք, հայաստանցիներս, Հռոմի պապի ասածներին էլ ենք դեմ։

armeniasputnik.am