Վիրուսային ինֆեկցիաների ժամանակ հակաբիոտիկների ընդունումն անօգուտ է և կարող է վտանգավոր լինել, զգուշացնում է ԱՀԿ հակամանրէային ռեզիստենտության հսկողության և հետազոտությունների ոլորտում համագործակցության կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ռոման Կոզլովը (Ռուսաստան):
«Վիրուսային ինֆեկցիաների դեպքում, որոնց է դասվում նաև գրիպը, հակաբիոտիկների նշանակումը սխալ է: Դրանք չեն կանխում բարդությունների զարգացումը, միայն կարող են բակտերիաների ռեզիստենտություն առաջացնել»,- ասել է մասնագետը:
Նա հիշեցրել է, որ հակամանրէային միջոցների անհիմն կիրառումը բերում է ռեզիստենտության տարածման. երբ բակտերիաները հակաբիոտիկների հանդեպ ոչ զգայուն են դառնում: Սա չափազանց լուրջ գլոբալ խնդիր է, որը կարող է հանգեցնել նրան, որ «ամենասովորական» ինֆեկցիոն հիվանդությունները կսկսեն դարձյալ հարյուր հազարավոր մարդկանց սպանել:
«Կատարյալ դեպքում, հակաբիոտիկաթերապիայի անհատականացման համար հակաբիոտիկային դեղամիջոցների ցանկացած նշանակման պետք է նախորդի մանրէաբանական հետազոտություն՝ հարուցիչի (ների) առանձնացմամբ և հակաբիոտիկային դեղամիջոցների հանդեպ զգայունության հետագա որոշմամբ: Միանգամայն ակնհայտ է, որ դա մի ամբողջ շարք պատճառներով անհնար է իրականացնել բոլոր դեպքերում, հատկապես ամբուլատոր-պոլիկլինիկական փուլում: Հենց այն նպատակով, որ հակամանրէային դեղամիջոցների նշանակումը համարժեք լինի, անցկացվում են այս կամ այն ինֆեկցիայի հարուցիչների կառուցվածքի և հակամանրէային դեղամիջոցների հանդեպ զգայունության բազմակենտրոն հետազոտություններ: Սա կլինիկաներում աշխատող բժիշկներին թույլ է տալիս ստացած տվյալները հաշվի առնելով հակաբիոտիկներ նշանակել կամ չնշանակել»,- ասել է մասնագետը: