Ի՞նչն է պակասում հայ կնոջը՝ ավելի կայացած ու գնահատված լինելու համար, ինչպիսի՞ն է ժամանակակից հայուհու նկարագիրը, որքանո՞վ է կարևոր կնոջ դերը ընտանիքի ամրության հարցում։ Այս և այլ հետաքրքիր ու կանացի թեմաների շուրջ BlogNews.am-ը զրուցել է «Նանե» հաղորդաշարի հաղորդավարուհի Նարինե Սուլթանյանի հետ:
– Ասում են՝ կանայք բաժանվում են երեք խմբի՝ գեղեցիկներ, կարիերիստներ և պարզապես երջանիկներ: Ձեր պարագայում, կարծես, բոլորը համատեղվել է:
– Կարիերիստ բնորոշումը իմ պարագայում փոքր-ինչ չափազանցված է: Եթե նկատի ունեք աշխատասիրություն, ապա համաձայն եմ: Իմ մասնագիտությունը շատ սիրելու արդյունքում է ձևավորվել իմ կարիերան, բայց կարիերիստ երբևէ չեմ եղել: Չեմ կարող ասել՝ դա լավ է, թե վատ: Բայց փոքր-ինչ կարիերիստի հոգեբանություն ունենալը ինձ չէր խանգարի: Ինչ վերաբերում է երջանկությանը, ասեմ, որ առհասարակ իմ տեսլականով երջանկությունը զուգորդվում է լավատեսության, փոքր բաների մեջ գեղեցիկը տեսնելու ընդունակության և ակնթարթները զգալու, ֆիքսելու և վերապրելու հետ: Երջանկության ընկալումը վերջերս մի քիչ այլ ընկալում է ձեռք բերել ինձ մոտ: Երբ հարազատներս, մտերիմներս առողջ են, խնդիր չունեն, արդեն երջանկանալու առիթ է:
– Տարիներ առաջ նկարահանվում էիք ֆիլմերում, խաղում էիք թատրոնում: Այսօր միայնհեռուստահաղորդավարությամբ եք զբաղվում: Չե՞ք կարոտում Ձեր բուն մասնագիտությանը:
– Այս հարցը իմ գրեթե բոլոր հարցազրույցների մշտական թեմաներից է: Իհարկե կարոտում եմ, բայց գիտակցում եմ, որ թատրոնը մեծ նվիրում է պահանջում, այսինքն՝ ժամանակ, էներգիա: Իմ պարագայում թատերական ինստիտուտում դասավանդումը և հեռուստատեսությունում աշխատանքը՝ գումարած իմ մայր լինելու աշխատանքը, որն ինձ համար առաջնային է տվյալ պարագայում ֆիզիկապես ժամանակ չեն թողնում թատրոնով լիարժեք զբաղվելու համար: Իսկ թատրոնը կիսատություն չի սիրում, այն պահանջում է ամբողջական նվիրում… Միգուցե, եթե այս զբաղվածությունս չլիներ, ամբողջովին նվիրվեի թատրոնի աշխատանքին և իմ դերասանի մասնագիտությանը:
– Ի՞նչ եք կարծում, եթերում հայտնվելու համար արտաքինը առաջնայի՞ն է:
– Անշուշտ առաջնայինը գրագետ խոսքն է և եթերային էթիկան՝ սկսած հաղորդակցվելու մշակույթից մինչև արտաքին խնամվածություն: Կարծում եմ, որ միայն արտաքինը բավարար չէ տևական ժամանակ եթերում լինելու համար: Եթերը պահանջում է անընդմեջ աշխատանք, ինֆորմացիա և զարգացում:
– Մի փոքր խոսենք ընտանեկան երջանկության Ձեր բանաձևի մասին: Ինչպիսի՞ն պետք էլինի կինը, որպեսզի երջանիկ լինի ընտանիքը:
– Բազմիցս խոսվում է ընտանիքում կնոջ դերի մասին. կինը ընտանիքի խաղաղ մթնոլորտի երաշխավորն է, երջանկություն ստեղծողը և պահպանողը, կարող եմ շարունակել մտքերը, բայց կարծում եմ, որ կնոջ ուսերին շատ ծանր բեռ են դրել՝ երջանկության ողջ պատասխանատվությունը բարդելով նրա վրա: Իրականում, եթե խոսում ենք ընտանիքի, հարաբերությունների մասին, ապա ընտանեկան երջանկությունը կառուցվում է կին-տղամարդ առողջ փոխհարաբերությունների հիմքում, այլ ոչ թե մասնավորապես հայ կանանց գերզսպվածության, գերհանդուրժողականության և ամեն ինչի վրա աչք փակելու հորդորների մեջ: Տղամարդկանց դերը ընտանիքի մթնոլորտի պահպանման գործում պակաս կարևոր չէ, և նրանք նույնպես պետք է էմոցիոնալ ջանքեր գործադրեն կնոջը նոր իմպուլսներ տալու համար: Երբ ընտանիքներում այդ գիտակցությունը կա, ընտանիքը կարելի է համարել առողջ և ամուր:
Ամբողջությամբ՝ blognews.am