Պետությունը հեշտացրել է աջակցության 3-րդ միջոցառման շահառու դառնալու պայմանները
Advertisement 1000 x 90

Պետությունը հեշտացրել է աջակցության 3-րդ միջոցառման շահառու դառնալու պայմանները

Պետությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ միջոցառման պայմաններում փոփոփոխություններ է կատարել, այսպիսով ավելի շատ տնտեսավարողներ կդառնան ծրագրի շահառու:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը:

Մարգարյանը նախ հիշեցրեց միջոցառման էությունն ու տրամադրման պայմանները: 3-րդ միջոցառումն ուղղված է այն փոքր ու միջին ձեռնարկություններին, որոնց 2019 թվականի շրջանառությունը կազմել է 24-500 մլն դրամ: Ծրագրում ընդգրկված են հետևյալ ոլորտների կազմակերպությունները.  մշակող արդյունաբերություն, կացություն, հանրային սննդի կազմակերպում, փոխադրումներ, պահեստային տնտեսություն, զբոսաշրջային ծառայություններ, սպասարկման այլ ծառայություններ, առողջապահություն: Ավելի ուշ այդ ցանկը համալրվել է հետևյալ ոլորտներով. նախադպրոցական կրթություն, մասնավոր մասնկապարտեզներ, սպորտի բնագավառում գործունեություն, սպորտային ակումբներ, լողավազաններ, զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն՝ բացառությամբ համակարգչային խաղերի կազմակերպման և ինտերնետային ակումբների, շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունություն:

«Պայմաններում փոփոխություններ են կատարվել: Եթե նախկինում պնդում էինք, որ ծրագրին դիմող յուրքանչյուր ՓՄՁ-ի անցյալ տարվա յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը չպետք է լինի ավելի փոքր, քան ամբողջ տարվա շրջանառության 10 տոկոսը, ապա դիմումների արդյունքում տեսանք, որ մի շարք կազմակերպություններ՝ հատկապես տուրիստական կազմակերպություններ և սեզոնային աշխատանք անողներ, այս ֆիլտրի պատճառով դուրս են մնում: Եվ որոշեցինք փոփոխություն անել ու սահմանել, որ 2019-ի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառություն չպետք է լինի ավելի, քան ամբողջ տարվա շրջանառության 70 տոկոսը»,-ասաց փոխնախարարն ու նկատեց՝ սրա արդյունքում շահառուների քանակը կտրուկ աճել է:

Հարկային և վարկային բարվոք պատմությունը մնացել է որպես հիմնական պայման, սակայն հարկային պատմության ֆիլտրում փոփոխություն է եղել: Նախկինում ասվում էր, որ տնտեսավարողը նախորդ 365 օրում պետք է հարկերի բռնագանձման շուրջ վարույթ չունենա, դրա արդյունքում մի շարք տեխնիկական պատճառներով մի շարք ընկերություններ այս ֆիտրին չեն կարողանում համապատասխանել: Փոփոխությամբ սահմանվել է, որ պայմանը գործում է, սակայն, եթե կազմակերպությունը չի բավարարում այդ պայմանին, բայց դեկտեմբերի 31-ի դրությամբ չի ունեցել ժամկետանց հարկային պարտավորություն, ապա նույնպես կարող է մասնակցել: Սակայն այն կազմակերպությունները, որոնք մասնակցում են 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հարկային պարտավորություն չունենալու սկզբունքով, վճարում են վարկի տրամադրման 1 տոկոս վճար:

Պայմաններին համապատասխանող կազմակերպությունները կարող են օգտվել վարկային միջոցներից՝ ՀՀ դրամ արժույթով, 36 ամիս ժամկետով, որից առաջին 6 ամիսը վարկային մարում չի նախատեսվում: Մարգարյանի խոսքով՝ առաջին 24 ամսում պարտավորությունն անվճար է, իսկ վերջին տարում՝ 12 տոկոս տոկոսադրույքով:

Այս պահին ծրագրով  հաստատվել է 461 հայտ կամ դիմում, որը գումարով կազմում է մոտ 5,2 մլրդ դրամ: Կան մոտ 1200 դիմումներ, որոնց մեծ մասն արդեն ուսումնասիրված է:

Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14 միջոցառում: Դրանք աջակցում են նախատեսում ինչպես բիզնեսին, այնպես էլ անհատներին, որոնք կարող են սոցիալական խնդիրներ ունենալ:

Աննա Գրիգորյան



Նման նյութեր