COVID-19 համավարակի ժամանակ հղի կանայք պետք է խստորեն պահպանեն պրոֆիլակտիկայի բոլոր կանոնները՝ պարբերաբար լվանան ձեռքերը, հականեխիչներ օգտագործեն, պահպանեն ինքնամեկուսացումը, իսկ անհրաժեշտության դեպքում տնից դուրս գալիս հեռավորություն պահպանեն։ Այս մասին, հղում կատարելով մանկաբարձության և գինեկոլոգիայի վարակիչ հիվանդությունների միջազգային միության (ISIDOG) խորհրդատվություններին՝ ասել է Ֆոմինի բժշկական կլինիկաների ցանցի բժշկական տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Տատյանա Ռումյանցևան (Ռուսաստան)։
Վերջին տվյալներով՝ հղի կանանց մոտ COVID-19-ի ընթացքը համարյա նույնն է, ինչ մարդկանց այլ խմբերի մոտ: Բայց հիմնական դժվարությունն այն է, որ հղի կանանց մոտ բարդությունների բուժումը շատ խնդրահարույց է, քանի որ նրանց հակացուցված է այն դեղամիջոցների մեծ մասը, որոնք այժմ օգտագործվում են կորոնավիրուսային վարակի բուժման համար:
Համարվում է, թե հավանականություն կա, որ կորոնավիրուսի վարակը մեծացնում է վաղաժամ ծննդաբերության և պտղի ներարգանդային աճի դանդաղման ռիսկը, սակայն առայժմ դրա մասին բավարար տվյալներ չկան, և անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի գնահատվի վիրուսի իրական ազդեցությունը հղի կանանց և նորածինների օրգանիզմի վրա:
Փորձագետի խոսքերով՝ հաստատված կամ հավանական ախտորոշմամբ կանանց մոտ ծննդաբերությունն ավելի հաճախ կատարվում է կեսարյան հատման միջոցով: Սակայն բացառված չէ, որ դա բժիշկների կողմից ապահովագրման միջոց է։
Պտղի ներարգանդային վարակի դեպքեր, ըստ Տատյանա Ռումյանցևայի, դեռ գրանցված չեն: Առաջին եռամսյակում COVID-19-ի դերի վերաբերյալ տվյալներ ընդհանրապես չկան, բայց տեսականորեն պտղի վրա բացասական ազդեցության ռիսկերը աննշան են: Ընդ որում, նորածին երեխայի վարակի հավանականություն կա, այդ պատճառով կանայք պետք է խստորեն պահպանեն կանխարգելիչ միջոցառումները, կարծում է մասնագետը:
Հղի կանանց համար կորոնավիրուսային վարակի ախտորոշումը իրականացվում է այնպես, ինչպես բոլոր մյուս մարդկանց մոտ՝ դրանք քսուքներ են քթաըմպանից, որոնք հետազոտվում են պոլիմերազային շղթայական ռեակցիայի միջոցով (PCR): Հնարավոր է նաև թոքերի ցածր դոզայով տոմոգրաֆիա:
Իսկ հղի կանանց մոտ կորոնավիրուսային վարակի ծանր բարդությունները պետք է բուժվեն միայն մասնագիտացված հիվանդանոցում, նշել է Տատյանա Ռումյանցևան: