1917 թ. հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Արեւմտահայաստանից ու Այսրկովկասից ռուսական բանակն սկսեց հեռանալ՝ ճակատի պաշտպանության գործը թողնելով նոր կազմավորվող հայկական զինուժին: Եթե 1917 թ. դեկտեմբերի 1-ին ռուսական կովկասյան զորքի մարտակազմում հաշվվում էր 158.000 զինվոր, ապա 1918-ի հունվարի սկզբին պաշտպանական դիրքերում մնացել էին ընդամենը 17.000 զինվորական, իսկ շաբաթներ անց՝ նրանք էլ հեռացան ճակատից: Այդ օրերին գրեթե ամբողջ Արեւմտահայաստանը գրավված էր ցարական բանակի կողմից, իսկ թրքական ուժերը բոլոր ճակատներում գրանցելով անհաջողություններ՝ մոտեցնում էին օսմանյան կայսրության մայրամուտը: Նման պայմաններում թուրքերի համար անհավատալի ու երկնային հրաշքի նման մի բան էր լենինյան հեղաշրջումն ու շփման գծից ռուսների հեռանալը:
Արեւմտյան Հայաստանի պաշտպանության գործի պատասխանատվությունն ընկավ հայության ուսերին եւ ազգի ներկայացուցիչներն ամեն կերպ փորձում էին հարեւան վրացիների ու թաթարների «ուշադրությունը բեւեռել» թուրքերի հնարավոր հարձակումներից երկրամասը համատեղ ուժերով պաշտպանելու խնդրի վրա: 1917թ. նոյեմբերի 15-ին Թիֆլիսում ստեղծվեց Անդրկովկասի կոմիսարիատը, որպես պետական իշխանության մարմին, որտեղ ազդեցիկ դեր ունեին վրաց մենշեւիկներն ու թաթար մուսավաթականները: ԱԿ նախագահ ընտրվեց Եվգենի Գեգեչկորին: Այս գործադիր մարմինը, ուր 12 կոմիսարներից ընդամենը երեքն էին հայեր, եւ սա այն դեպքում, երբ Այսրկովկասում հայերն իրենց թվով գերազանցում էին թե՛ վրացիներին եւ թե՛ թաթարներին, չկարողացավ իրականացնել երկրամասի կառավարման չափազանց բարդ գործը եւ դարձավ վրաց մենշեւիկների կամակատարը: Ավաղ, «քաղաքականություն» կոչվող տիրույթում մենք նման էինք օվկիանոսում մոլորված նավի, որի վրա անփորձ ու անգետ նավապետերի պակաս չկար: Այսրկովկասում կուտակված ավելի քան 45.000 հայ զինվորականություն ունեցող ժողովրդի ներկայացուցիչները նույնիսկ չփորձեցին իրենց ձեռքը վերցնել Անդրկոմիսարիատի ռազմական կոմիսարի պաշտոնը:
Ահա թե ինչ էր թողել ցարական բանակն Արեւմտյան Հայաստանում՝ 1917 թ. նահանջի ժամանակ. մոտ երեք հազար թնդանոթ, նույնքան գնդացիր, մոտ մեկ միլիոն արկ, մեկ միլիարդ փամփուշտ, 100 հազար հրացան՝ մոսին ու կարաբին, 100 հազար զինվորի համար նախատեսված ամառային ու ձմեռային հանդերձանք, նույնքան զորքի համար հատկացված երկու տարվա պարեն, մոտ 17 հազար ձի, մեծ թվով կառքեր, մարդատար ու բեռնատար ավտոմեքենաներ եւ այլն: Մենք ի վիճակի չեղանք ինքնակազմակերպվելու, չկարողացանք տեր կանգնել ռուսական բանակի թողած այս հսկայական հարստությանը եւ այն, չնչին բացառությամբ, ընկավ հարձակման անցած եւ մեզ թվական առումով զիջող, բայց կամք ու համառություն ցուցաբերող թուրքերի ձեռքը:
Խախտելով 1917 թ. դեկտեմբերի 5-ին ստորագրված Երզնկայի զինադադարը՝ թուրքերը 1918 թ. հունվարի 28-ին (նոր տոմարով՝ փետրվարի 10) Կովկասյան ճակատում վերսկսեցին ռազմական գործողությունները եւ գրեթե առանց դիմադրության գրավեցին Տրապիզոնը: Հայ հասարակական-քաղաքական շրջանակները կազմակերպվելու փոխարեն էլ ավելի տարանջատվեցին՝ կազմաքանդելով հայրենիքի պաշտպանության գործը: Փետրվարի սկզբին ճակատի պաշտպանությունը գլխավորելու համար Էրզրում գործուղվեց զորավար Անդրանիկը, որին շուտով միացան արեւմտահայերից կազմված կամավորական մի շարք ջոկատներ։ Կենտրոնական հրամանատարության բացակայությունը քայքայել էր քաղաքի պաշտպանության գործը։ Էրզրումում կար մինչեւ ատամները զինված թուրք բնակչություն, որն անհամբեր սպասում էր Վեհիբ փաշայի զորամասերին։
Քաղաքում կատարյալ քաոս էր տիրում: Կային անհամար իշխանություններ, զինված խմբեր ու «հրամանատարներ», որոնցից էր Տիգրան Աղամալյանը՝ Հայ զինվորական միության նախագահը, որն իր հրամանատարության տակ ուներ 4.600 զինվոր և վերահսկում էր զինվորական պահեստները: Աղամալյանն իր օգնականների հետ զբաղված էր պահեստներում ամբարված զենք-զինամթերքի ու սննդամթերքի թալանով: Ընդ որում դրանք կառքերով տանում ու վաճառում էին ոչ միայն Թիֆլիսի շուկաներում, այլեւ Կարնո պարիսպներից ոչ հեռու գտնվող թուրքերին: Էրզրումում շատերն էին խոսում, որ 75 արկղ մոսին հրացան՝ վաթսուն հազար փամփուշտներով, Աղամալյանի մարդիկ բացահայտ ծախել են օսմանցուն: Ամիրխանյան ազգանունով մեկը վկայում էր, որ անձամբ է լսել Կարինը 20.000 օսմանյան ոսկու դիմաց Վեհիբ փաշային հանձնելու Աղամալյանի պայմանավորվածության մասին։ Գեներալ Օդիշելիձեի հետ համագործակցելով և ռուսների թողած պահեստները թալանելով` նա մեծ հարստություն էր դիզել: Միայն Կարնո պահեստներից հայատյաց գեներալին բաժին էր հասել հինգ միլիոն ռուբլի:
Անդրանիկը հետեւյալ տեղեկագիրն է ուղարկում Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդին. «Քաո՜ս, բառին իմաստին բոլոր երկայնութեամբը, բոլոր լայնութեամբը: Օտիշելիձէ (ճակատի ընդհ. հրամանատարը, թրքական բանակի հրամանատար Վեհիբ փաշայի կնոջ եղբայրը) կը հրամայէ, Ազգային Խորհուրդը կը հրամայէ, Քաղաքներու միութեան լիազօր Տիգրան Աղամալեանը կը հրամայէ, առտուն կանուխ ելլողը կը հրամայէ: Չհրամայող մը չկայ, որպեսզի ես ալ անոր հրամայեմ: Միայն Էրզրումին մեջ 4.000 կանոնավոր, նոյնքան ալ անկանոն հետեւակ զօրք ունինք, 500 կանոնաւոր, նոյնքան անկանոն ձիաւոր, ունինք լաւ վիճակի մէջ տասնեակ մը թնդանօթներ: Թուրքը հիմա չունի բաւական զօրք, սպայ ու մասնագէտ: Անոր զէնքի պահեստը սահմանափակ է, պարենաւորումին պաշարը՝ զէրօ: Բայց թուրքը բան մը ունի, որ մենք չունինք,- կը շարունակէ Զօրավարը,- այդ բանը տիսիփլինն է (կարգապահութիւնը)»:
Գնդապետ Թորգոմի հրամանատարության տակ Քղիի ճակատը պաշտպանողներից Միհրան Թուրիկյանն իր հուշագրության («Քղիի ճակատի դեպքերը», Պէյրութ, 1926թ., էջ 68-69) մեջ, խոսելով Էրզրումում թրքական արշավանքի նախօրեին տիրող դրության մասին՝ գրում է. «Մութ էր, երբ քաղաք մտայ, եւ ինչ տեսնեմ, Աստուած իմ. Կարնոյ փողոցները զինուորի հագուստով երիտասարդութիւն կը վխտար: Կը դժուարանայի հաւատալ, այդ բազմութիւնը անգլուխ, անղեկ ամբոխ մըն էր, կամ ըսենք՝ հայ դասալիք: Դա այն դեպքում, երբ քայլ մը անդին կը գոռան թշնամիին թնդանօթները, որոնց դեմ շատ քիչեր գացած են կուրծք տալու: Իրա՜վ, Կարնոյ մէջ չկայ ուժ մը, որ այս դասալիքները կարգի բերէ եւ ղրկէ ճակատ»:
Ա. Թէրզիպաշյանը, իր «Անդրանիկ» գրքի մեջ, անդրադառնալով նույն դեպքերին, պատմում է. «Զինուորները կը պոռային, թե՝ հոս մեր երկիրը չէ՛. մենք մե՛ր երկիրը պիտի երթանք, թող թրքահայերը իրե՛նք պաշտպանեն իրենց սահմանները: Անդրանիկ, քանիցս փորձեց իր անձին օրինակովը բարձրացնել հայ զինուորին մարտունակութեան ոգին: Մեկ անգամ սուրը ձեռքին զօրքին առջեւ ինկաւ, սակայն իրեն չհետեւեցան: Իսկ երբ ընկրկողներէն մէկուն վրայ խոյացաւ, այս զինուորը չքաշուեցաւ ձեռքը հրացանին տանելու… Ուրիշ առիթով մը, դասալիք զինուոր մը գնդակ պարպեց անոր վրա եւ բարեբախտաբար գնդակը վրիպեցաւ իր նպատակէն: Էրզրումի անկումէն օր մը առաջ Անդրանիկ լաւ մշակուած ծրագրի հիման վրայ յարձակման անցաւ, բայց հազիւ գրոհ մը սկսած՝ լուր առաւ, որ փորձառու հայ գնդապետ Բէժանբէկով դաւաճանաբար կը նահանջէ, առանց լուր տալու աջ ու ձախ թեւերուն, եւ առանց գնդակ մը պարպելու: Անդրանիկ յաջողեցաւ նահանջողները ետ դարձնել, ատրճանակով կրակ բացաւ անհնազանդնէրու ուղղութեամբ. «Եթէ հո՛ս չկռուիք, ուրի՛շ տեղ ալ պիտի չկռուիք»,- պոռաց հրամանատարը: Էրզրումի պատէրուն տակ կռուիլ չուզողները Ա եւ Դ գունդերու զինուորներն էին, որոնք ժամեր անց նորէն դասալիք եղան եւ տունդարձի ճանապարհին՝ Զապուղ կոչուած կիրճին մէջ, թաթարներուն կողմէ կրակի բռնուեցան ու կոտորուեցան: Պատմեցէք սերունդներուն, թե մինակ եմ, եւ ես ինկայ մինակ, Կարնոյ պարիսպներուն տակ»,- հառաչում էր 53-ամյա հերոսը»:
Խոսելով Կարնո աղետի մասին՝ Սիմոն Վրացյանը գրում է. «1918 թ. փետրուարի 27-ին ամենախայտառակ ձեւով ընկաւ Էրզրումը: Այդ օրերուն, Թիֆլիսի մեջ, հատուկ տիպ էր ստեղծուել «մի բաժակ թէյ»-երով ռազմաճակատը պաշտպանողների: Կոչեր հրատարակողներ, ամեն տեսակ կօմիտէներ, խորհուրդներ, միութիւններ, խմբեր ու գումարտակներ Թիֆլիսում աւելի շատ էին, քան զօրամասեր ռազմաճակատում՝ Վանից մինչեւ Երզնկա»: «Այս պայմաններու մէջ՝ Անդրանիկի տեղ Նափոլէոն Պօնափարթն անգամ ըլլար հայ բանակին գլուխ, հաւանականօրէն պիտի չկարենար փրկչի դեր խաղալ, պաշտպանել հայոց բերդաքաղաքը – ո՛չ Էրզրումը եւ ո՛չ ալ Կարսը»,- հետագայում պետք է հայտարարեր Միքայել Վարանդյանը:
Էրզրումի անկումից հետո, Զորավար Անդրանիկն իրեն հաւատարիմ ուժերով եւ մարտադաշտերում թրծված տասնյակ հայդուկապետներ՝ իրենց փոքրաթիվ ջոկատներով, խուճապահար փախչող ժողովուրդի թիկունքը եւ թեւերը պաշտպանելով՝ բռնեցին Սարիղամիշի ու Կարսի ճամփան: Ռուսական բանակի թողած հսկայական հարստությունը՝ սննդամթերքի ու ռազմամթերքների պահեստներն ընկան հարձակման անցած թուրքերի ձեռքը:
Ապրիլի 12 (25)-ին ընկավ անառիկ համարվող Կարս բերդաքաղաքը, մեկ ամիս անց՝ Ալեքսանդրապոլը: Ինչպես Կարինի, այնպես էլ Կարսի հարյուրավոր թնդանոթները նույնիսկ տասը համազարկ չարձակեցին թուրքերի ուղղությամբ: Հայերն անկանոն ու խուճապահար նահանջում էին Ախալքալաք, Երեւան, Դիլիջան ուղղությամբ. 30 հազարի հասնող թուրքական կանոնավոր ու անկանոն զորքերի առջեւից նահանջում ու փոշիանում էր ավելի քան 40 հազարի հասնող հայ զինվորականությունը: Այդ օրերին շատերը համոզված էին, որ կդրվի հայոց բազմադարյան պատմության վերջակետը: Սարդարապատում թնդանոթների առաջին որոտը մեծ խուճապ առաջացրեց Երեւանի եւ Արարատյան դաշտի հայության շրջանում: Նահանջի բոլոր ճանապարհները փակ էին թուրք-թաթարների եւ քրդական անկանոն ուժերի կողմից: Մայիսի 21-ին օսմանյան զորամասերը մտան Սարդարապատ…
Լուսանկարում՝ տեսարան Կարինից (Էրզրում)
Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից: